Քաղաքական ուժերը վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարում՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Այս կապակցությամբ «Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել 2012-17թթ. ՀՀ ԱԺ պատգամավորների գործունեության մանրամասները, որպեսզի ընթերցողը հասկանա, թե արդյո՞ք այդ մարդիկ վաստակել են նոր խորհրդարանում տեղ զբաղեցնելու իրավունքը: Այսօր կանդրադառնանք ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վոլոդյա Բադալյանի, Հակոբ Հակոբյանի եւ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Կարեն Բոթոյանի օրենսդրական գործունեությանը:
Վոլոդյա Բադալյանը, առավելապես հայտնի որպես Ռոբերտ Քոչարյանի խնամի, ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավորներից է, որի խորհրդարանական գործունեությունը մեկնարկել է 1990թ.: Նա վերջին Գերագույն խորհրդում է հայտնվել մեծամասնական ընտրակարգով, 1995թ. ՀՀՇ-ի շուրջ ձեւավորված «Հանրապետություն» միավորման անդամ էր, իսկ այնուհետեւ անցել էր «Բարեփոխումներ» խմբի շարքերը: 1999թ. Բադալյանը մանդատ է ստացել Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով: 2003թ. նա կրկին պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով` չընդգրկվելով որեւէ խմբակցության մեջ, իսկ արդեն 2007թ. խորհրդարանում է հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակով: Այս ընտրություններում Բադալյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 41-րդ հորիզոնականում է, եւ եթե Սերժ Սարգսյանն «ինչքան ուզի, այնքան խփի», ապա Բադալյանի համար նոր խորհրդարանի դռները կարող է եւ բացվեն:
2012թ. The Moscow post պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել հայաստանյան մեծահարուստ պաշտոնյաների մասին, որոնց շարքում հիշատակվում էր նաեւ Բադալյանի անունը: Ըստ ռուսական մամուլի` նրա ձեռքի տակով էր անցել այնպիսի խոշոր քիմիական ձեռնարկությունների սեփականաշնորհումն ու վերավաճառումը, ինչպիսիք են «Քիմռեակտիվը» եւ «Պոլիվինիլացետատը»: Ռուսական լրատվականը սույն պատգամավորին մեղադրում էր 2001թ. ստացված հունական 10 միլիոնանոց վարկի հափշտակիչներից մեկը լինելու մեջ, ինչպես նաեւ պնդում, որ Բադալյանը եղել է Քոչարյանի ու Սահակաշվիլիի միջեւ կնքված հայ-վրացական գաղտնի գործարքների կնքահայրը, ինչի շնորհիվ վրացական կապիտալը լվացման համար ներթափանցել է ՀՀ, իսկ հայկականը` Վրաստան: Անկախությունից ի վեր խորհրդարանականի կարգավիճակը վայելող Բադալյանը 5-րդ գումարման խորհրդարանում կողմ է քվեարկել 932 անգամ, դեմ ու ձեռնապահ եղել համապատասխան 9 եւ 1 անգամ: Նա քվեարկությունից հրաժարվել է 8 անգամ, իսկ բացակայել 14 նիստերից: Բադալյանը որեւէ անգամ չի խոսել Աժ ամբիոնից, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցապնդումներով:
Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել 1999թ. մեծամասնական ընտրակարգով, եղել «Կայունություն» եւ ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբերի անդամ: 2003, 2007 եւ 2012թթ. նա կրկին մանդատի է տիրացել մեծամասնական ընտրակարգով: Այս պատգամավորը հայտնի է Թունելի Հակոբ մականվամբ: Իր ներկայացմամբ՝ թունելագործությունն իր մասնագիտությունն է, եւ նման վերագրումները սոսկ իրեն վարկաբեկելու փորձեր են: ՀՀ ԱԺ-ում սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբյանը հաճախ է հանդես գալիս Սերժ Սարգսյանի նախաձեռնությունների ակտիվ պաշտպանի դերում: Նա հատկապես աչքի է ընկնում կառավարության սոցիալ-տնտեսական նախաձեռնությունների պաշտպանությամբ, ինչպես օրինակ` հիմնական պատասխանողն էր ՍԴ-ում, երբ նախկին քառյակը վիճարկում էր «Կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրման սահմանադրականությունը: Ի դեպ, Հակոբյանը բազմիցս է հայտնվել զվարճալի պատմությունների մեջ, ինչպիսին էր նրա հիմնավորումը Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակելիս. «Երեկ ես գտնվում էի պանիխիդայում, եւ մարդկանց ուղղակի շատ պարզ հարցեր էի տալիս, եւ իրանք էին ինձ տալիս, եւ ասացին, որ դրական էր»: Ի դեպ, նույն շրջանում Հակոբյանը իր հետեւյալ ձեւակերպմամբ թերեւս փորձում էր Գալուստ Սահակյանից օրիգինալ երեւալ. «Հանրապետականը նրա համար չէ, որ Հանրապետականը միշտ Հանրապետական լինի»: Իսկ ինչ վերաբերում է նրա գործունեությանը 2012-17թթ. ԱԺ-ում, բավական է նկատել, որ Հակոբյանը կողմ է քվեարկել 903 անգամ, դեմ եւ ձեռնապահ եղել` 12 եւ 9: Նա 6 անգամ է հրաժարվել քվեարկություններից եւ 35 անգամ էլ բացակայել ԱԺ նիստերից: Ի տարբերություն իր մի շարք գործընկերների` Հակոբյանը 27 անգամ հանդես է եկել հարցապնդումներով, իսկ 22 անգամ էլ ելույթ ունեցել ՀՀ ԱԺ ամբիոնից: Այս ընտրություններում նա առաջադրվել է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզից եւ դատելով նախորդ ընտրությունների արդյունքներից` խորհրդարանում հայտնվելու իրական շանս ունի:
Հակոբ Հակոբյանի հետ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ներկայումս որեւէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Կարեն Բոթոյանը, որը նախկինում ՕԵԿ խմբակցությունից էր: Հիշեցնենք, որ Բոթոյանը ՕԵԿ-ը լքել էր կառավարության ծրագրին կողմ լինելու պատճառով: Այս կապակցությամբ Հեղինե Բիշարյանը հայտարարել էր, որ Բոթոյանի նկատմամբ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից ճնշումներ էին եղել, ինչի արդյունքում էլ նա լքել էր իրենց խմբակցությունը: Արձանագրելի է, որ Բոթոյանի խորհրդարանական գործունեությունը լիովին համահունչ է եղել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակում հայտնվելու նրա որոշմանը: Այսպես՝ նա կողմ է քվեարկել Աժ օրինագծերի ավելի քան 88 տոկոսին, դեմ եղել 9 անգամ, ձեռնապահ` 8: 22 անգամ հրաժարվելով քվեարկելուց` Բոթոյանը բացակայել է 72 նիստերից: Դրա հետ մեկտեղ նա ոչ մի անգամ հարց չի բարձրացրել, ինչպես նաեւ չի մոտեցել Աժ ամբիոնին:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ՓՈՂ ՉԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ. ՎԱՐԿԵՐ ՈՒՆԻ
Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Կոտայքի մարզում թեժ են անցնելու: Բանն այն է, որ նշված մարզում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուները պայքարելու են ոչ միայն մյուս քաղաքական ուժերի, այլեւ իրար դեմ: Նշենք, որ առաջադրված թեկնածուներն են բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, ՊԵԿ մաքսային եւ հարկային ծառայության արդեն նախկին աշխատող, վարչապետի խորհրդական Սամվել Սանամյանը եւ փոխմարզպետ Համլետ Հայրապետյանը: Դեռ քարոզարշավը չսկսած՝ նրանցից յուրաքանչյուրը սկսել է մերժելի ճանապարհներով ձայներ հավաքագրելու գործընթացը:
Համլետ Հայրապետյանը փոխմարզպետի պաշտոնին նշանակվել է դեռեւս 2015 թվականին: Նա Արցախյան ազատամարտի մասնակից է, ԵԿՄ վարչության անդամ, Կոտայքի մարզային վարչության փոխնախագահն է: Ընտրական թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Կոտայքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու, Կոտայքի փոխմարզպետ Համլետ Հայրապետյանի հետ:
-Պարո՛ն Հայրապետյան, խորհրդարանական ընտրությունների առիթով Դուք արձակուրդի մեկնելո՞ւ եք:
-Միանշանակ, ես նույնիսկ այդ մասին դիմում եմ ներկայացրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ այս տարվա եւ անցած տարվա չօգտագործած արձակուրդից օգտվելու համար:
-Կոտայքի մարզպետը ինչպե՞ս է վերաբերում Ձեր՝ պատգամավորի թեկնածու առաջադրվելու որոշմանը: Հաշվի առնելով, որ իր գործընկերն եք, ինչո՞վ է աջակցելու:
-Ես ընդհանրապես ուզում եմ խուսափել որեւիցե մեկի աջակցությունից: Բացի այս՝ մարզպետի պաշտոնը նրան նման իրավունք չի վերապահում: Չեմ էլ ցանկանում իրեն նման հարցով դիմել: Ես ԵԿՄ-ի կողմից առաջադրված թեկնածու եմ: Միանշանակ, ԵԿՄ-ն կաջակցի ինձ: Երկրապահական բոլոր կառույցները, տարածքային բաժանմունքները աջակցելու են իրենց մարտական ընկերոջը:
-ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Ձեր մյուս կուսակից ընկերներին՝ Սամվել Սանամյանին եւ Արամ Հարությունյանին, լուրջ մրցակիցներ չե՞ք համարում: Չէ՞ որ իրենք հայտնի են որպես ընտրակեղծարարներ:
-Բոլորի հետ իմ հարաբերությունները հրաշալի են: Նրանց ցանկանում եմ հաջողություն, միայն թող կարողանան ներկայանալ ժողովրդին իրենց կենսագրով, որ մեր ընտրողը ինքնակամ վեր կենա, գնա ու ազատ ընտրի իրենց: Գուցե ընտրակեղծիքներ արել են իրենք, բայց ես տեղյակ չեմ, չգիտեմ…
-Պարո՛ն Հայրապետյան, Ձեզ ընտրելու համար փող բաժանելո՞ւ եք:
-Դուք պարոն Հայրապետյանին չեք ճանաչում, մենք՝ երկրապահներս, մեր ժամանակի մեծ մասն անցկացրել ենք պատերազմի դաշտում: Ոչ թե ես ասում եմ հպարտորեն, որ փող չունեմ, այլ դժբախտաբար փող չունեմ: Ես էլ շատերի նման վարկեր ունեմ, տոկոսների տակ եմ (ծիծաղում է- Ս.Հ.): Իմ ժողովրդի նման ապրում եմ:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԸ» ԱՊԱՎԻՆՈՒՄ ԵՆ ՏԱՎՈՒՇԻՆ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է այդ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, ով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթում նշված է որպես ԱԺ անկախ պատգամավոր: Խ. Քոքոբելյանը սերում Է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից, այնտեղ նա հայրական տուն ունի եւ բազմաթիվ հարազատներ:
Վերոհիշյալ կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ տեղում Երեւան քաղաքում բնակվող անկուսակցական Ստյոպա Սաֆարյանն է: Նա ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է: Քչերը գիտեն, որ Ստյոպա Սաֆարյանի հայրը՝ Սերյոժա Սաֆարյանը, 1990-ական թվականներին Ոսկեվանի սահմանագոտում գերվել է ադրբեջանցի զինյալների կողմից, Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղում գտնվել գերության մեջ: Եվ գերության մեջ ունեցած ապրումները նրա վաղաժամ մահվան պատճառ դարձան: Նշված կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղում է Աչաջուր գյուղի բնակիչ, «Ազատ դեմոկրատներ, կուսակցության անդամ, «Սերա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վաչիկ Քոքոբելյանը: Վերջինս Խաչիկ Քոքոբելյանի հարազատ եղբայրն է, 1990-ական թվականների երկրորդ կեսին զբաղեցրել է Տավուշի մարզի Սեւքարի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը:
Նշված կուսակցության համամասնական ցուցակի 32-րդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի տնտեսագետ, սահմանամերձ Կողբ գյուղի բնակիչ Սարգիս Բեջանյանը: Համամասնական ցուցակի 43-րդ տեղում սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչ, «Էրիեմ էներջի» ՍՊԸ տնօրեն Արմեն Մեժլումյանն է: Ցուցակի 52-րդ տեղում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող Շուրիկ Չիլինգարյանն է: Համամասնական ցուցակի 67-րդ տեղը զբաղեցնում է Կողբ գյուղի բնակիչ, չաշխատող Ֆլորա Ջաղինյանը, 80-րդ տեղը՝ անկուսակցական, Իջեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ Արման Մարկոսյանը: Ցուցակի 84-րդ տեղում էլ Աչաջուր գյուղի բնակիչ, «Ռիտա Խոջոյան» ՍՊԸ տնօրեն Ռիտա Խոջոյանն է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 101 հոգանոց ցուցակում Տավուշի մարզից այդքան անձանց ընդգրկելը վկայում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցությունն ապավինում է Տավուշի մարզի ընտրողների քվեներին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ