ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՄԵՆՏ ԳՐԵԹԵ ՉԻ ԱՐՏԱԴՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում շինարարության ծավալների նվազման միտումը շարունակվում է: Եվ որքան էլ Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությունը փորձի շինարարության ոլորտում ներդրողներ ներգրավելու ծրագրեր մշակել, միեւնույն է՝ դրական տեղաշարժ չկա:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները 5.3 տոկոսով նվազել են: Դա պայմանավորված է համայնքների բյուջեի հաշվին իրականացվող շինարարության ծավալների 78.9 տոկոս նվազմամբ, ինչպես նաեւ միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարության ծավալների 75.8 տոկոս անկմամբ: Այստեղ իր ազդեցությունն է ունեցել նաեւ մարդասիրական օգնության միջոցների հաշվին իրականացվող շինարարության ծավալների 56.6 տոկոսի նվազումը: Փոխարենը 69.5 տոկոսով աճել են Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները: Ի դեպ, բնակչության միջոցներով իրականացվող շինարարության ծավալները նույնպես ավելացել են՝ 15.6 տոկոսով:
Նույն պաշտոնական վիճակագրությունը փաստում է նաեւ մեկ այլ հանգամանք. շինարարության ծավալների նվազմանը զուգահեռ նվազում է նաեւ նշված ոլորտում կիրառվող նյութերի արտադրությունը: Օրինակ՝ այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գաջի արտադրության ծավալները նվազել են 57.8 տոկոսով: Իսկ շինարարության ոլորտում ամենակարեւոր ապրանքատեսակը՝ ցեմենտը, այս տարվա հունվարին գրեթե չի արտադրվել՝ չնչին քանակությամբ` 1000 տոննայի չափով: Անցած տարվա հունվարին ցեմենտ ընդհանրապես չի արտադրվել: Նշենք, որ մեր հանրապետությունում ցեմենտ արտադրում են երկու ընկերություններ՝ Արարատի ու Հրազդանի ցեմենտի գործարանները: «Արարատցեմենտ» ընկերության գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ցեմենտի արտադրության ծավալների նվազումը, հայտարարեց. «Երկրում շինարարություն չի կատարվում: Պահանջարկ չկա, ցեմենտ չի վաճառվում: Հուսով ենք՝ եղանակային պայմանները բարելավվելուց կամ խորհրդարանական ընտրություններից հետո դրական տեղաշարժ կլինի»: Իսկ Հրազդանի ցեմենտի գործարանը արդեն մի քանի ամիս է, ինչ չի աշխատում:
Շինարարության ծավալների նվազման հարցում որոշակի ազդեցություն է ունեցել նաեւ երկրի արդյունաբերությունում առկա պատկերը: Թեեւ պաշտոնական վիճակագրությունը շտապում է տեղեկացնել, որ Հայաստանում ամբողջ արդյունաբերությունը այս տարվա հունվարին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 12.2 տոկոսով ավելացել է, սակայն հանքագործական արդյունաբերության եւ բաց հանքերի շահագործման ծավալները 2.8 տոկոսով նվազել են: Սրան զուգահեռ նվազել են նաեւ պղնձի խտանյութի ծավալները՝ 2.6 տոկոսով: Իսկ ահա մետաղական հանքաքարի արդյունահանումը նվազել է 3.1 տոկոսով:
Մասնագետների պնդմամբ՝ բնակչության թվաքանակի նվազումը նույնպես տարիների ընթացքում իր անդառնալի հետեւանքներն է թողել շինարարության ոլորտի վրա: Բացի այս՝ շինարարության ծավալների նվազումը պայմանավորված է նաեւ օտարերկրյա ներդրումների պակասով: Հարկ ենք համարում հիշեցնել, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ընդգծել է, որ իր նախագահության տարիներին գրանցվել է երկնիշ տնտեսական աճ, որի առյուծի բաժինը ընկնում էր շինարարությանը: Նա սուր քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, ում պաշտոնավարման շրջանում տնտեսական անկում գրանցվեց: Եվ մինչ Տ. Սարգսյանը Ռ. Քոչարյանի օրոք գրանցված աճը «փուչիկ» էր համարում, Քոչարյանն էլ Սարգսյանին էր վերագրում համաշխարհային տնտեսական ճգնաժամի «բոլոր մեղքերը», երկրում շինարարությունը հետզհետե ավելի ու ավելի նվազեց: Եվ հիմա վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության դինամիկայի ամենապատկերավոր ցուցիչը եւս լինելու է երկրում շինարարության տեմպերի աճը: Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելուց ավելի քան 5 ամիս է անցել, սակայն դեռ դրական տեղաշարժ չկա:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄԱՐԶԻ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶՈՒՄ Է
Արտագաղթի արագ տեմպերը մեր երկրում շարունակում են պահպանվել: Վերջին 4 տարում՝ 2012-2016թթ., Տավուշի մարզի բնակչությունը նվազել է 8500-ով: Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2014թ.-ին 132 հազար բնակիչ կար մարզում, 2012թ.-ին՝ 134 հազար: Իսկ ահա 2016թ. Տավուշի մարզի բնակչությունը պակասել է՝ հասնելով 125 հազար 500-ի: Դա նշանակում է, որ քառամյակում սահմանամերձ մարզի բնակչությունը մի քաղաքի չափով պակասել է: Նշենք, որ մարզի բնակչության նվազումը պայմանավորված է ծնելիության ցածր մակարդակով եւ մահացությունների մեծ թվով: 2013թ. Տավուշի մարզում ծնունդների թիվը եղել է 1520, իսկ 2015-ին՝ 1420: 2013թ. մարզում մահվան դեպքերի թիվը 1321 է, 2015թ.-ին՝ 1420: Բնակչության սոցիալական վատ վիճակը, գործազրկությունը, ապագայի հանդեպ լավատեսության բացակայությունը խանգարում են, որպեսզի տավուշցի ընտանիքները շատ երեխաներ ունենան: Առողջապահական ծառայությունների վճարովի լինելը, առողջապահության ապահովագրական համակարգից սահմանագոտու բնակչության զգալի մասի զրկված լինելը, բնակչության ցածր եկամուտները պատճառ են մահվան դեպքերի տարեցտարի ավելացմանը: Տավուշի մարզի բնակչության խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա կազմում է 46 մարդ, որը այլ մարզերի բնակչության խտությունից ցածր է շուրջ 2 անգամ: Սահմանամերձ մարզի բնակչության տարեցտարի նվազումը Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՎԱՅՐԻՎԵՐՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐՏԻՆ
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ հանրապետությունում մարտ ամսին սպասվում է նորմայի սահմաններին մոտ ջերմաստիճան: Տեղումների քանակը եւս նորմային մոտ կլինի:
Գ. Սուրենյանի խոսքով՝ մարտին սպասվում են նաեւ կլիմայական վայրիվերումներ: Կլինեն օրեր, երբ արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման հետ կապված՝ եղանակը կտաքանա, կլինեն օրեր, երբ արկտիկական ճակատներն իրենց հետ կբերեն ջերմաստիճանի նվազում եւ տեղումներ: «Առանձին օրերին, հատկապես մարտի երրորդ տասնօրյակին, ջերմաստիճանն Արարատյան դաշտում եւ Երեւանում կհասնի 18-20 աստիճանի: Մարտի առաջին եւ երկրորդ տասնօրյակներում, սակայն, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման հետ ջերմաստիճանը գիշերը կիջնի մինչեւ -8, -10»,-նշել է նա:
Օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց, որ մառախուղի առաջացման պատճառը տաք եւ սառը օդային հոսանքների շփումից առաջացած ջրային գոլորշիների խտացումն է:

 

 
ԴԵՄ ԵՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԽՈՇՈՐԱՑՄԱՆԸ
««Ժողովուրդ» օրաթերթի ընթերցող Լիպարիտ Շահնազարյանը նամակով դիմում է իշխանություններին` ներկայացնելով համայնքների խոշորացման հետ կապված սովետական տարիների բացասական նախադեպը:
«1949 թվականին սովորում էի Ալավերդու շրջանի Ուզունլար գյուղի գյուղտեխնիկումի առաջին կուրսում: Այդ ժամանակ Ուզունլար գյուղն ուներ 2000 տուն: Այն բաժանված էր երկու կոլտնտեսությունների: 1950-51թթ. այդ երկու տնտեսությունները միացան իրար: Հագվի գյուղը նույնպես միացավ այդ երկու կոլտնտեսություններին: Հագվի գյուղն ուներ 350 կոլտնտեսություն եւ Ուզունլարից հեռու էր 3կմ: Դրանց միացավ նաեւ Ամոջ գյուղը: Այս միացումներին գյուղացիները դեմ էին, նրանք համայնքների խոշորացումը չէին ընդունում:
Երբ ավարտեցի տեխնիկումը, անմիջապես Իջեւանի մեքենատրակտորային կայանում անցա աշխատանքի որպես գյուղատնտես: 45 տարի աշխատելուց հետո գործուղվեցի Երեւանի գյուղմեխանիզացիայի ուսումնարան, ընդունվեցի Երեւանի անասնաբուժական ինստիտուտ: Հետագայում աշխատանքի անցա «Հայկոպի» վարչությունում, եւ գործս կապված էր գործուղումների հետ: Մի գործուղման ժամանակ եղա Ուզունլարում, արդեն խոշորացումը 10 տարուց ավել վերացվել էր: Գնացի Հագվի Գյուղը. դեռ քանդված վիճակում էր գտնվում:
Այսօր մեր իշխանությունները թույլ են տալիս այն սխալը, որը թույլ էր տրվել սովետական իշխանության ժամանակ: Ինչի համար են մեր ժողովրդի կամքին հակառակ սրանք կատարում համայնքների խոշորացումներ…
Անցած օրը «Ժողովուրդ» օրաթերթից տեղեկացա, որ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մարզում ուզում է շարունակել համայնքների խոշորացման աշխատանքները:
Ես այս մասին բազմաթիվ անգամ հանդես եմ եկել բողոքներով եւ դժգոհություններով, սակայն գյուղերն իրար միացնող ընկերները, մեր կամքին հառակակ, իրենց ձին են քշում:
ՀՀ հաշմանդամների հայկական ասոցիացիայի նախագահ Լիպարիտ Շահնազարյան»

 

 

 

ՎԱՐԱԿՆԵՐԻ ԱՇԽՈՒԺԱՑՈՒՄ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ եվրոպական տարածաշրջանի երկրներում սեզոնայնությամբ պայմանավորված դեռեւս արձանագրվում է գրիպի եւ սուր շնչառական վարակներով հիվանդացություն: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ վերջին 10 օրում դիտվել է սուր շնչառական վարակների աշխուժացում: Նշենք, որ ՀՀ-ում հիմնականում շրջանառվում են ռինովիրուսներ, ադենովիրուսներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ, մետապնեւմովիրուսներ, եզակի դեպքերում՝ գրիպի Բ տեսակը: Բոլոր հարուցիչներն առաջացնում են շնչառական միեւնույն ախտանշանները եւ տարածվում են օդակաթիլային ճանապարհով:
Գրիպից եւ դրա բարդություններից խուսափելու նպատակով եւ հաշվի առնելով, որ սուր շնչառական վարակների սեզոնը դեռեւս շարունակվում է, ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է խուսափել գրիպանման երեւույթներով հիվանդների հետ շփումից, չզբաղվել ինքնաբուժմամբ, առանց բժշկի ցուցումի չօգտագործել հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար։ Խորհուրդ է տրվում հագնվել եղանակին համահունչ, հետեւել անձնական հիգիենային՝ հաճախակի լվանալով ձեռքերը տաք ջրով եւ օճառով, օգտագործել միայն մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:




Լրահոս