Սոֆի Դեւոյանի «Հոգու եւ պարի» թատրոնի պարուհի Իռեն Ուլիխանովան, ով նախկինում հաճախ էր երեւում էկրաններին` մասնակցելով հեռուստատեսային տարբեր նախագծերի, վերջին շրջանում, կարծես, պասիվացրել է իր գործունեությունը: «Ժողովուրդ»-ը պարուհու հետ զրուցել է նրա ներկայիս ծրագրերի, պարարվեստի ոլորտի բացերի եւ այլ թեմաների շուրջ:
-Իռե՛ն, առաջիկայում Ձեզ կտեսնե՞նք հեռուստատեսային նոր նախագծերում:
-Ինձ մոտ այժմ ստեղծագործական շրջան է, ունեմ պարային խմբեր, «Հոգու եւ պարի» թատրոնի փորձավարն եմ, դասավանդում եմ ԵՊՀ ուսանողների, փոքրիկների: Հեռուստատեսային նախագծերում դեռեւս մասնակցություն չունեմ, բայց, կարծում եմ, առաջիկայում կունենամ: Զբաղվածություն ունեմ նաեւ կոորպորատիվ միջոցառումներում, որոնք կազմակերպում ենք ամուսնուս` Վահագն Գրիգորյանի հետ: Ինքս մի նախագիծ հեղինակելու գաղափար ունեմ, եթե այն կյանքի կոչվի, ես կլինեմ նաեւ հաղորդման վարողը:
-Նկատելի է, որ ինչպես երգարվեստի, այնպես էլ Ձեր ոլորտի համերգները պակասել են, ավելի հազվադեպ են կազմակերպվում նման միջոցառումներ:
-Այո՛, ցավալի է, բայց եթե պարային խումբը պետական չէ, համերգներ կազմակերպելը նրա համար դժվար է դառնում: Պետական խմբերին, որքանով տեղյակ եմ, պետությունը տրամադրում է դահլիճներ, եւ նրանք վարձակալության խնդիր չեն լուծում: Իսկ ոչ պետական խմբերը կանգնում են ֆինանսական խնդիրների առաջ: Շատ կցանկանամ, որ մեր մշակույթի նախարարը ուշադրություն դարձնի այս խնդրին, եւ, բացի այդ, կուզենամ, որ մեր երկրում հաճախակի կազմակերպվեին պարային մրցույթներ, մրցանակաբաշխություններ եւ այլն: Դրանք ոգեւորիչ կլինեն նաեւ այն պարողների համար, որոնք, ավարտելով ուսումնական հաստատությունները, հաճախ չեն պատկերացնում` ինչպես պետք է դասավորեն իրենց ապագան:
-Իսկ մրցույթների, փառատոների կազմակերպումը ինչո՞ւ է մեզ համար խնդիր:
-Կա հիմնական խնդիր. դու կարող ես կազմակերպել մրցույթ, բայց խնամի-ծանոթ սկզբունքը գործի եւ այն դառնա ոչ օբյեկտիվ: Շատ կցանկանամ, որ մեզ մոտ պրոֆեսիոնալ մակարդակով կազմակերպվեն փառատոներ, ժյուրիի կազմում լինեն բարձրակարգ մասնագետներ, որոնք մասնակիցներին կգնահատեն առանց միջնորդության: Նաեւ հեռուստատեսային մրցութային նախագծերի պակաս կա: Ուղղակի մեր երկրում, չգիտեմ ինչու, պարին ուշադրություն չեն դարձնում: Այնինչ՝ մենք ունենք բարձրակարգ պարողներ, որոնցից շատերը չեն զիջում արտերկրի առաջատարներին:
-Ձեր շրջապատից շատե՞րն են արտերկրում ինքնահաստատվում, այնտեղ գործունեություն ծավալում:
-Այո՛, մենք արտերկրում շատ լավ պարողներ ունենք, հիմնականում` տղաներ: Օրինակ` Գերմանիայում, Շվեյցարիայում բարձր են գնահատում նրանց տաղանդը: Վերջիններս էլ բարձր են պահում մեր երկրի անունը: Լավ կլիներ, որ նրանց անունները հենց այստեղի բեմերում թնդային: Բայց նրանք գնացել են դուրս, որպեսզի գումար վաստակեն: Եթե գան, միանշանակ, առաջինը բախվելու են ֆինանսական խնդիրների: Ինչպես Հայաստանում մշակույթի բոլոր ոլորտների, այնպես էլ մեր բնագավառի ներկայացուցիչները ունեն քիչ վարձատրվելու խնդիր. միայն պարելով դժվար է պահել ընտանիքը:
-Քանի որ դասավանդում եք, կարծում եմ` լավ ծանոթ եք այն պարողների խնդիրներին, որոնք նոր են փորձում մուտք գործել ասպարեզ:
-Իհարկե, նախ` նրանք ընտրության առաջ են կանգնում` ուսումնական որ հաստատությունն ընտրեն, որ լավ մասնագետ դառնան: Մեզ պետք է կրթության որակ, որը կհամապատասխանի հայկական եւ միջազգային ստանդարտներին: Մեզ անհրաժեշտ են նաեւ այդ ստանդարտներին համապատասխան դահլիճներ, որակյալ կրթական համակարգ, տարբեր երկրներում մասնագիտացած դասախոսներ եւ այլն: Հուսով եմ` առաջիկայում այս խնդիրներին ինչ-որ կերպ լուծում կտրվի:
ԱԼԵԳՐՈՎԱՆ ԳԱԼԻՍ, ԳԱԼԻՍ Է ՈՒ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ
Երբ ամիսներ առաջ հայտարարվեց, որ մարտի 5-ին Երեւանում տեղի է ունենալու Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իրինա Ալեգրովայի համերգը, «Ժողովուրդ»-ը, հաշվի առնելով նախկին փորձը (բոլորիս հիշողություններում թարմ է երգչուհու` 2015-ին չեղյալ հայտարարված եւ երկու անգամ հետաձգված երեւանյան համերգն ու դրան հաջորդած դժգոհության ալիքը)՝ hամերգի կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության հիմնադիր եւ պրոդյուսեր Զառա Մխեյանին հարցադրում արեց` հուսա՞նք, որ պատմությունը չի կրկնվի: Ու թեեւ վերջինս հավաստիացնում էր, որ ժողովուրդն անհանգստանալու պատճառ չունի, մեր մտավախությունն, այնուամենայնիվ, տեղին էր:
Վերջերս Ալեգրովայի համերգը կրկին չեղարկվեց, այս անգամ, ըստ երգչուհու ադմինիստրացիայի, տեխնիկական պատճառներով. «Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առաջացած հանգամանքերին, հույս ունենք, որ Ալեգրովայի հանդիպումը երեւանյան հանդիսատեսի հետ մոտ ժամանակներս կկայանա: Հայցում ենք ձեր ներողամտությունը ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ հայտնում ենք մեր երախտագիտությունը ըմբռնման համար»,-ասված է ադմինիստրացիայի տարածած հայտարարության մեջ:
Ադմինիստրացիայից, սակայն, կարծես թե շտապել են շնորհակալություն հայտնել ըմբռնման համար, քանի որ հայ հանրության շրջանում հերթական չեղարկված համերգից հետո դժգոհության նոր, ուժգին ալիք բարձրացավ, համացանցը ողողվեց ծաղրական մեկնաբանություններով:
«Ժողովուրդ»-ը նախ փորձեց կապ հաստատել Իրինա Ալեգրովայի մամուլի ծառայության հետ: Մեզ խնդրեցին զանգահարել որոշ ժամանակ անց, իսկ հետո երկու օր շարունակ չպատասխանեցին մեր զանգերին:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցեց Զ.Մխեյանի հետ: Մեր այն հարցին, թե արդյոք իրենցից կախված էր համերգի չեղարկման հարցը, եւ արդյոք հնարավոր չէր կանխել նման զարգացումը, նա պատասխանեց. «Ես իմ գործունեության ընթացքում ինքս երբեք համերգ չեմ չեղարկել: Մեր բոլոր համերգները կազմակերպվել են բարձր մակարդակով: Բայց կան բաներ, որոնք մեզնից կախված չեն, մենք արել ենք ամեն հնարավորը… Ընկերությունը պրոֆեսիոնալ կերպով կատարել է իր բոլոր պարտականությունները»:
Նշենք, որ չեղարկված համերգի բոլոր վաճառված տոմսերը ենթակա են վերադարձման: «Ֆորպոստարտ» ընկերությունը հայտարարում է, որ տոմսերի հետ ընդունման գործընթացն ամբողջությամբ կիրականացվի մինչեւ այս տարվա մարտի 5-ը: Տոմսերը ենթակա են վերադարձման այն տոմսարկղերում, որտեղից դրանք ձեռք են բերվել:
Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ
ԳՐԱԴԱՐԱՆ ԿԴԱՌՆԱ
Թուրքիայի Կայսերի (պատմական Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կվերակառուցվի քաղաքապետարանի կողմից եւ կօգտագործվի որպես գրադարան: Նշենք, որ Կայսերիի Սուրբ Մարիամ Աստվածածինը երկար տարիներ օգտագործվել է որպես ցուցահանդեսների սրահ, մարզադահլիճ եւ անգամ ոստիկանական բաժին: Պատմական եկեղեցու շենքը վերակառուցելու եւ գրադարանի վերածելու համար քաղաքապետարանը կծախսի շուրջ 6 մլն թուրքական լիրա, ինչը հավասար է 1.5 մլն ԱՄՆ դոլարին:
Նախատեսվում է, որ գրադարանը կգործի 24-ժամյա ռեժիմով, այնտեղ կտեղափոխվի շուրջ 50 000 կտոր գիրք, իսկ սրահի մյուս մասում կգործի սրճարան-գրադարան:
Կեսարիայի քաղաքապետ Մուստաֆա Չելիքը հայտնել է, որ եկեղեցու վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն օրերս:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի հայ բողոքականների համայնքը Կեսարիայի քաղաքապետ Չելիքին դիմում էր ներկայացրել` խնդրելով ընթացք տալ եկեղեցու վերակառուցման ծրագրին:
ՓԱՄՈՒՔԸ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է
Թուրք գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով նոբելյան մրցանակի շնորհմանը, կարծիք է հայտնել, որ դրան պետք է արժանանան այն հեղինակները, որոնք հայտնի են իրենց գրական աշխատությունների շնորհիվ: Խոսելով 2016 թվականի դափնեկրի` երաժիշտ Բոբ Դիլանի մասին, Փամուքը նշել է, որ «խիստ հիասթափված էր» ամփոփիչ որոշումից: «Աշխարհում որքան հիանալի ամերիկացի գրողներ կան, որոնք արժանի են պարգեւի: Բոբ Դիլանը նշանավոր մարդ է, նա գրում է երգեր եւ բանաստեղծություններ, բայց նա հայտնի է ոչ միայն իր գրական տաղանդով: Կարծում եմ, որ այդ օրը բազմաթիվ գրողներ վիրավորված էին»,¬ասել է նա:
ՍԻՐԱՎԵՊՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
Ամերիկյան հայտնի երգչուհի Քեթի Փերիի եւ հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումի` 1 տարի տեւած սիրավեպն ավարտվել է: Այս մասին հայտնում է Tatler-ը: «Քանի դեռ այս պատմության շուրջ չի հյուսվել կեղծ ենթադրությունների շարան, շտապում ենք հաստատել, որ նրանք այլեւս միասին չեն»,-ասել է երգչուհու պաշտոնական ներկայացուցիչը: Աստղերի բաժանման պատճառների մասին ոչինչ չի նշվում:
Հավելենք` «Օսկար-2017» կինոմրցանակաբաշխությունից հետո կազմակերպված Vanity Fair-ի երեկույթի հյուրերը նկատել էին, որ Փերին եւ Բլումը չէին շփվում՝ չնայած, որ համաձայնել էին միասին լուսանկարվել: