ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միջազգային հանրությունն առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերում Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նկատմամբ: Մասնավորապես ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ: Քննարկումների թեման առնչվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել ՀՀԿ-ն՝ տեղեկացնելով. «Այս ընտրությունները ՀՀ խաղաղ ապագայի եւ ժողովրդավար ու բարեկեցիկ ՀՀ շարունակական զարգացման համար առանցքային են: Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԱՄՆ կառավարությունը, համակ ուշադրությամբ հետեւում են ընտրությունների անցկացմանը՝ այն, ինչ տեղի կունենա տեղամասերում քվեարկության օրը, եւ այն, ինչ կլինի տեղամասերից դուրս ու մինչ քվեարկությունը: Ես խրախուսում եմ բոլոր մասնակից ուժերին վարել լուրջ ու խնդիրներին միտված ընտրարշավ. ՀՀ-ում ժողովուրդն արժանի է դրան»: Սա առաջին դեպքն է, երբ միջազգային հանրությունը Հայաստանի ընտրությունների հանդեպ նման ակտիվություն է ցուցաբերում: Ավելին՝ առաջին անգամն է, որ ԱՄՆ դեսպանն ընտրություններից առաջ հանդիպում է իշխող կուսակցության ներկայացուցիչների հետ՝ հորդորելով անցկացնել ազատ եւ արդար քվեարկություն:
Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունը բացարձակապես չի վստահում ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու՝ ՀՀ իշխանությունների խոստումներին ու նման քայլերով անուղղակի ստիպում է գործել օրինականության շրջանակներում:

 

 
ՀՀԿ ռեյտինգային ցուցակում օդիոզ դեմքերի պակաս չկա: Թեկնածուներից մեկն էլ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության փաստաթղթաշրջանառության եւ իրավական համակարգման բաժնի պետ Արծրուն Նաջարյանն է, որը ժամանակին որպես մեղադրյալ անցել է աղմկահարույց քրեական գործով: «Ժողովուրդ» օրաթերթը փետրվարի 22-ի իր համարում անդրադարձել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նրա աշխատած տարիներին կատարված չարաշահումների գործին: Մասնավորապես Նաջարյանին մեղադրանք էր առաջադրվել 2010-2013թթ ընթացքում վարչական տուգանքներ կիրառելու վերաբերյալ համապատասխան աշխատանքները չկատարելու համար, եւ արդյունքում պետությանը հասցվել էր 8 միլիոն 320 հազար դրամի վնաս: Արդեն դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը կարճվել էր՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Ուշադրություն դարձրեք՝ դատարանը ՀՀԿ-ական պաշտոնյայի արած հանցանքը չի հերքել, պարզապես նրան պատասխանատվության չեն ենթարկել, քանի որ վաղեմության ժամկետն անցել է: Ու հիմա նա թեկնածու է:

 

 

 
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «ՎՏԲ-Հայաստան» բանկը վաճառքի է հանել Հրազդանի ցեմենտի գործարանը: Հիշեցնենք՝ այս գործարանը պատկանում էր Սերժ Սարգսյանի մտերիմ, գործարար Միխայիլ Բաղդասարովին, ով ժամանակին գործարանը գրավադրել էր բանկում: Իսկ Բաղդասարովի սնանկանալուց հետո գործարանը դարձել էր բանկի սեփականությունը: Հիմա փաստացի չգործող գործարանը ցանկանում է գնել «Հայբիզնեսբանկ»-ը մի քանի ներդրողների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկը» պատկանում է Սերժ Սարգսյանի վաղեմի ընկերոջը` ծագումով ղարաբաղցի, ռուսաստանաբնակ միլիարդատեր Վիտալի Գրիգորյանցին: Ասել է, թե շատ շուտով Հրազդանի ցեմենտի գործարանը կդառնա Սերժ Սարգսյանի մեկ այլ ընկերոջ սեփականությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փոխվել է նաեւ Հրազդանի ցեմենտի գործարանի տնօրենը. այժմ ղեկավարում է Հարություն Պողոսյանը, իսկ նախկին տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը որոշել է զբաղվել քաղաքականությամբ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա Կոմկուսի ռեյտինգային ցուցակով Կոտայքի մարզում առաջադրվել է պատգամավորի թեկնածու:

 

 

 

Եթե նախորդ տարվա հունվարին Հայաստանում պաշտոնապես գրանցված է եղել 77 հազար 266 գործազուրկ, ապա այս տարի նրանց թիվը ավելացել է 4.2 տոկոսով: ԱՎԾ տվյալներով՝ այս տարի գործազուրկների թիվը եղել է 80 հազար 534 քաղաքացի: Նկատենք, որ գործազուրկների մեծամասնությունը միջին տարիքի կանայք են: Միաժամանակ նախորդ տարվա հունվարի համեմատ՝ ավելացել է աշխատանք փնտրողների քանակը. այսօր Հայաստանում աշխատանք է փնտրում մոտ 96 հազար հոգի: Հետաքրքիրն այն է, որ գործազուրկների եւ ընդհանրապես աշխատանք փնտրողների թիվն ավելանում է մի իրավիճակում, երբ մյուս կողմից ավելանում է անվանական աշխատավարձը. ըստ ԱՎԾ-ի՝ այս տարի պետական հատվածի աշխատավարձն աճել է 4.1 տոկոսով, ոչ պետականինը՝ 6.3 տոկոսով:

 

 

 
ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐՆԵՐԸ
Երեկ կայացավ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում շատ անսպասելիորեն հիմնադրամի նախագահ ընտրվեց ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը: Հստակեցնենք՝ խոսքը աղմկահարույց 1000 դրամների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մասին է, որի հետ կապված անցած տարեվերջին 1000 դրամների վիճահարույց նախագիծը ներկայացրած Վիգեն Սարգսյանը Ազգային ժողովում հավաստիացնում էր, թե այն բաղկացած է լինելու հանրության մոտ անվիճարկելի հեղինակություն վայելող գործիչներից: Նախագծի ընդդիմախոսների պնդումներին, թե հանգանակված գումարները կարող են արժանանալ այն նույն ճակատագրին, ինչ որ մինչ այդ մեկ այլ՝ «Մարտիկ» հիմնադրամի դեպքում եղավ, իշխող ՀՀԿ անդամները հակադարձում էին, թե այս անգամ մենք հիմնադրամում տեսնելու ենք համազգային ճանաչում ունեցող եւ իրենց կենսագրությամբ արդեն վստահություն ներշնչող գործիչների: Ի հավելումն սրա՝ Վիգեն Սարգսյանն իր կենսագրությամբ ու անվամբ երաշխավորեց, որ հիմնադրամի գործունեությունը լինելու է թափանցիկ եւ հասցեական:
Եվ ահա օրենսդրական փոփոխությունից շուրջ երեք ամիս անց՝ երեկ, հանրությանը ներկայացան այդ «անվիճարկելի հեղինակություն» ունեցողները, եւ պարզվեց, որ նրանց շարքում ամենահայտնի դեմքը Մարգարիտա Խաչատրյանն է՝ նույն ինքը՝ Մառոզը, ով, հիշեցնենք, ժամանակին ներխուժել էր լրատվամիջոցներից մեկի խմբագրություն եւ փորձել լրագրողներին ծեծել: Հանրության որոշակի շերտերին քիչ թե շատ ծանոթ հոգաբարձուների խորհրդի հաջորդ անդամը գեներալ Մանվելի օգնականն է՝ հայտնի ընտրակեղծարար Մեսրոպ Մանուկյանը, հուսով ենք՝ արդեն պարզ դարձավ, թե նա հանրության հատկապես որ շերտերի մոտ եւ ինչ հեղինակություն ունի:
Ինչ վերաբերում է այս կարեւորագույն նախագծի նկատմամբ հանրության վստահությունը ապահովելուն կոչված խորհրդի մյուս անդամներին, ապա ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը, գուցե եւ շատ պարկեշտ պաշտոնյա է, ինչպես եւ հիմնադրամում ներառված ԿԲ անդամները, սակայն նրանց անունները հանրությանը ոչինչ չեն ասում: Եվ հարց է առաջանում՝ ինչու Վիգեն Սարգսյանն իր փայփայած նախագծի կյանքի կոչման հարցում այդքան քիչ է կարեւորում հանրային վստահության գործոնը, թե արդեն օրենքն ընդունվել է, աշխատողներից 1000 դրամները պարտադիր ուժով գանձվում են, եւ այլեւս ձեւականությունների հետեւից ընկնելու «հավես» չկա: Առավել եւս, որ Վիգեն Սարգսյանը այդ մասին մտածելու ժամանակ ու մոտիվացիա էլ չունի. մարդը ՀՀԿ ցուցակի առաջին տեղում է եւ դիտարկվում է որպես վարչապետացու:
Թեեւ չի բացառվում, որ Վիգեն Սարգսյանն իսկապես փորձել է համոզել, հրավիրել անվիճարկելի հեղինակություն ունեցող գործիչների, սակայն, ի վերջո, մնացել է Մառոզի հույսին:




Լրահոս