ՍԵՐՎԻՍ ՄԱՏՈՒՑԵՄ` ՈՐԱԿՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի լրատվական դաշտում հեղինակություն ունեցող թվով հինգ կազմակերպություններ  հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են անում ՀՀ Ազգային Ժողովին հնարավորինս արագ վերանայել վիրավորանքի եւ զրպարտության մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները: Զավեշտալին այն է, որ հայտարարության հարգարժան հեղինակները հայրենի ԱԺ-ին նման կոչով են դիմում հենց այն օրը, երբ  այդ մարմինը պաշտոնապես պարգեւատրում է  վերոնշյալ օրենսդրական դրույթների փոփոխության  իրական հեղինակին` Կարեն Անդրեասյանին` նրան ընտրելով Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան: Չկասկածելով, որ հայտարարության հեղինակները միտումնավոր են հենց այդ օրն ընտրել, չենք կարող արժանին չմատուցել նրանց հումորի նուրբ զգացողությանը: Միեւնույն ժամանակ չենք կարող չարձանագրել, որ հանրապետության նախագահը եւ ԱԺ մեծամասնությունը եւս  հումորի լավ զգացողություն ունեն, քանի որ միայն լավ հումորի զգացողություն  ունեցողը կարող է ԶԼՄ-ների իրավունքները սահմանափակած մարդուն պատկերացնել  Մարդու իրավունքների, ասել է թե` նաեւ մամուլի իրավունքների պաշտպանի դերում:  «Հումորի» նման դրսեւորումների վրա կարելի էր անգամ ծիծաղել, եթե ամեն ինչ այսքան տխուր չլիներ. եթե հանրային կարծիքն արհամարհելու` իշխանությունների շարունակվող գործելակերպը չհանգեցներ Հայաստանում «մարդու իրավունքների պաշտպանություն» հասկացության արժեզրկմանը, եթե յուրաքանչյուր նոր նշանակմամբ  էլ ավելի չհեղինակազրկվեր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի   ինստիտուտը, եւ եթե երկրում խոսքի ազատության սահմանափակման իրենց ջանքերում իշխանությունները չհասնեին նման աննախադեպ ցինիզմի:Եվ, այնուամենայնիվ, ուզենք, թե ոչ` Հայաստանն արդեն ունի Մարդու իրավունքների նոր պաշտպան, որն  իր առաքելությունը պատկերացնում է որպես «սերվիս» ու խոստանում  այն մատուցել «որակով, բարեհամբույր ու ջերմ»: Իր տարածած հայտարարության մեջ ՄԻՊ նորընտիր պաշտպանն իրեն ներկայացնում է որպես իրատես, որպես լավատես եւ որպես հումանիստ: Կարծում ենք, որ այս հատկանիշների առկայությունը միանգամայն բավական է ըմբռնելու համար խոսքի ազատության իրավունքի կարեւորությունն ու քայլեր անելու այդ ազատությունը  սահմանափակելու ուղղությամբ արած սեփական սխալները ուղղելու համար:




Լրահոս