ԱԺ ներկայիս պատգամավորներից շատերին չենք տեսնի նոր խորհրդարանում: Տարբեր պատճառներով նրանք դուրս են մնացել ընտրապայքարից: Այս անգամ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արա Արամյանի եւ Վահագն Մախսուդյանի հետ: Վերջիններս չեն ընդգրկվել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում եւ հնարավորություն չունեն կրկին պատգամավոր դառնալու:
Արա Արամյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
-Պարո՛ն Արամյան, երկար տարիներ Դուք եղել եք Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2012 թվականին համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից եք ԱԺ պատգամավոր ընտրվել: Այս անգամ, սակայն, չկաք որեւէ կուսակցության նախընտրական ցուցակում: Ո՞րն է պատճառը, չե՞ն ցանկացել Ձեզ ընդգրկել «Ծառուկյան» դաշինքի ցուցակում:
-Ես ուրիշ ծրագրեր ունեմ:
-Այսինքն՝ ոչ թե Ձե՞զ չեն ցանկացել ընդգրկել ցուցակում, այլ Դո՞ւք չեք ցանկացել:
-Այո՛, իմ ցանկությամբ, ես այլ ծրագրեր ունեմ, կխանգարեր մեկը մյուսին:
-Խոսքն ի՞նչ ծրագրերի մասին է:
-Այ, դա գաղտնիք է:
-Հնարավո՞ր է՝ շարունակեք մնալ քաղաքականության մեջ կամ պետական այլ ոլորտում գործունեություն ծավալեք:
-Ո՛չ, ո՛չ, եթե քաղաքականության մեջ լինեի, իմ ուղղությունը կշարունակվեր:
-Այսինքն՝ բիզնես գործունեությա՞ն մասին է խոսքը:
-Ուրեմն, իմ կենսագրականը պետք է իմանայիք՝ մինչեւ հիմա ինչով եմ զբաղվում, զբաղվելու եմ իմ գիտական աշխատանքներով, կշարունակեմ ավելի լավ, քանի որ զբաղվածությունը խանգարում էր դրան:
-Իսկ ընտրությունների ժամանակ ո՞ր կուսակցությանն եք սատարելու: Կսատարե՞ք «Ծառուկյան» դաշինքին:
-Արդեն շատ եղավ, հաջողությո՛ւն:
Վահագն Մախսուդյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
-Պարո՛ն Մախսուդյան, տասը տարի է՝ ԱԺ պատգամավոր եք, բայց այս անգամ չեք ընդգկրվել «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակում: Ո՞րն է պատճառը:
-Ուրեմն պատճառն, այսպես ասեմ՝ օրենսդրական նախաձեռնություններ ունենք, գյուղատնտեսության մասին օրենք գրեցի, խաբեցին մեզ: Ոչինչ չարվեց: 2012 թվականից վերցրեք, նայեք՝ իմ օրենսդրական նախաձեռնությունը ԱԺ-ում է, դրեցին մի կողմ ու չքվեարկեցին, իրենց ձեռնտու չէր: Ճիշտն ասած, իմ արած աշխատանքը չէր գնահատվում, ստիպված մտածեցի՝ ավելի հարմար կլինի, գնամ, իմ բիզնեսը զարգացնեմ, տեսնեմ՝ ինչպես կլինի: Այստեղ մեր ասածը չանցավ, ես էլ ինձ վատ եմ զգացել, շատ դեպքերում ինձ դրել, քննադատել են, թե ելույթ չես ունենում: Եկել ենք, ելույթ ենք ունեցել, գյուղատնտեսության հանձնաժողովում եմ եղել, բազմաթիվ հարցեր եմ բարձրացրել, բազմաթիվ հարցեր եմ լուծել: Բայց ընդհանուր առմամբ չկարողացանք որեւէ բան փոխել եւ մեր ժողովրդին օգտակար լինել: Օգտակար մտքեր եւ գաղափարներ ունեցել ենք, բայց մարդը անհարմար է զգում, որ դուրս է գալիս, ասում են՝ սա այսպես է, դե, արի բացատրի, որ այսպես անողը ես չեմ, ես այս կարծիքին եմ, այսպես արողը ուրիշ մարդիկ են: Եթե պատգամավոր ես ու անհարմար ես զգում ժողովրդի մեջ դուրս գաս, ինչ անես:
-Նշեցիք, որ Ձեր աշխատանքը չի գնահատվել, ու՞մ կողմից չի գնահատվել:
-Դուք շատ լավ գիտեք, մենք դեմ, կողմ քվեարկելու խնդիր չենք ունեցել, մեր խմբակցությունը կառուցողական ընդդիմություն է եղել, եթե լավ բան է արվել, մենք երբեք դեմագոգիայով չենք զբաղվել, լավն է արվել, կողմ ենք քվեարկել: Սահմանամերձ գյուղերի համար բավականին արտոնություններ տվեցին՝ ջրի, հողի, գազի, լույսի, մենք վաղուց էինք առաջարկում, տարան, փոխեցին, կառավարությունը բերեց:
-Այսինքն՝ իշխանությունների՞ կողմից չգնահատվեց:
-Այո՛, իշխանությունների կողմից:
-Շատերը, ովքեր նախընտրական ցուցակներում չեն ընդգրկվել, նեղացել են կուսակցությունից: Ձեր պարագայում նեղացվածություն չկա՞:
-Ո՛չ, ո՛չ, ես հարգում եմ իմ կուսակցությունը, իմ ընկերներին, հիմա էլ որ կուսակցության ցուցակում չկամ, պետք է աշխատեմ, իմ կուսակցության համար ձայներ ապահովեմ:
-Այսինքն՝ ցուցակում չընդգրկվելու որոշումը վաղու՞ց է եղել, թե Ծառուկյանի վերադարձից հետո այն կայացվեց:
-Շուտվանից եղել է, ես կուսակցությունը չեմ լքել, ընդհակառակը, ասել եմ՝ տղանե՛ր, չի կարելի, ենթադրենք՝ այսօր հանգամանքներից ելնելով՝ պարոն Ծառուկյանը մեզ հաջողություն կամեցավ, գնաց… ես կուսակցությանը հավատարիմ եմ եղել:
-Տեսակետ կա, որ Դուք խորհրդարան եք մուտք գործել Ձեր խնամի, Իրաքում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մուրադ Մուրադյանի աջակցությամբ: Նա այլեւս դեսպան չէ, հնարավո՞ր է, որ այդ փաստն է նաեւ պատճառ դարձել Ձեր՝ ցուցակում չընդգրկվելու համար:
-Ես պատգամավոր եմ եղել երկրորդ անգամ, նոր նա դեսպան է նշանակվել, դա կապ չունի, ամեն մարդ ունի իր աշխատանքի ոճը, իր մտածողությունը: Ասենք՝ դեսպանը ին՞չ, Իրաքում դեսպան էր, ես նրա ցուցումո՞վ էի աշխատում:
-Մուրադյանները նաեւ խոշոր բիզնեսմեններ էին:
-Հա, ասենք, բիզնեսներ ունեին, ինձ ինչ: Ես այն մարդն եմ, որ ամբողջ կյանքում ո՛չ ծանոթ քեռի եմ ունեցել, ո՛չ բարեկամ, բայց սովետական ժամանակներում էլ իմ մտածողությամբ կարողացել եմ ստեղծել: Ասենք՝ խնամի ունեցանք, դա ինչ կապ ունի, մինչեւ խնամի ունենալը ես մարդ եմ եղել այս հասարակության մեջ:
-Ի վերջո, ի՞նչ տվեցին Ձեզ այս տասը տարիները:
-Ես հասկացա, որ խորհրդարանը, կարճ ասած, լավ օրենք ու վատ օրենք ընդունել է, բայց կիրառող չկա: Մենք լավ օրենքը գրում ենք, տալիս ենք, որ կիրառվի, մեզ լավ զգանք, բայց չի կիրառվում: Տա Աստված, ես կուզենայի, որ մեր ժողովուրդը արժանապատիվ ձեւով ապրեր:
ԻՍԿ ԽՐԱՄԱՏ ԼՔՈՂՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆ ԵՆ
Երեկ Ազգային ժողովի նիստը չկայացավ: Ժամը 12:00-ի դրությամբ 131 պատգամավորներից ԱԺ էին բարեհաճել ընդամենը 34-ը, ինչն էլ հնարավորություն չտվեց քառօրյայի հերթական նիստ գումարել:
Նախ՝ նիստը հետաձգվեց, եւ պատգամավորներին տրվեց 3 ժամ: «Ժողովուրդ»-ը նկատեց, թե ինչպես դահլիճից հեռացող պատգամավորներից ոմանք մեկը մյուսից հետաքրքրվում էին, թե իրենց գրանցումը ուժի մեջ կլինի՞ ամբողջ օրվա ընթացքում, որպեսզի կարողանան իրենք եւս ծլկել ԱԺ-ից: Երեք ժամ անց պատգամավորները համառորեն չներկայացան, եւ նիստը կրկին հետաձգվեց երեք ժամով:
Նկատենք, որ Ազգային ժողովի պատգամավորները, հատկապես հանրապետականները, արդեն քանի անգամ չներկայանալով նիստերին՝ անտեսում են Սերժ Սարգսյանի՝ «խրամատը չլքելու» մասին հորդորները: Չէ որ հենց Սարգսյանն էր ՀՀԿ խորհրդի նիստերից մեկի ժամանակ ԱԺ-ն համեմատել խրամատի հետ, իսկ նիստերից բացակայող պատգամավորներին՝ խրամատը լքած զինվորների: Իսկ ահա Ազգային ժողովի հերթական քառօրյայի վերջին օրը նիստերի դահլիճը գրեթե դատարկ էր: Հայրենի խորհրդարանականներն, ըստ ամենայնի, զբաղված էին ակտիվ քարոզարշավով, ընտրակաշառքներ բաժանելով եւ հանրությանը հերթական սուտ խոստումները բաշխելով:
3 ժամ անց՝ 15:00-ի դրությամբ, գրանցվեցին նախորդից 5-ով ավել պատգամավորներ, այսինքն՝ 39 պատգամավոր, սակայն կրկին քվորում չեղավ, եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ քվորումի բացակայության պատճառով նիստը չի կայանա:
Նկատենք, որ երեկ առավոտյան դահլիճում ներկաները հնարավորություն ունեցան միայն ծափերով ողջունել «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ԱԺ այցելած Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան համար 119 ավագ դպրոցի մի խումբ աշակերտների: Այդ ժամանակ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ծիծաղելով առաջարկեց իրենց չկայացած նիստին հետեւող աշակերտներին հրավիրել դահլիճ եւ այդկերպ քվորում ապահովել: Հետաքրքիր է՝ այդ չկայացած նիստին հետեւելու ցանկությամբ խորհրդարան եկած աշակերտները ի՞նչ հետեւություններ պետք է անեն ԱԺ-ում տիրող բարձիթողի վիճակի եւ պատգամավորների՝ իրենց օրենսդիր գործունեության հանդեպ ունեցած անլուրջ վերաբերմունքի մասին. նրանք էլ կարող են լքել իրենց «խրամատը», որն այս պարագայում դպրոցն է եւ դասաժամը, չէ՞ որ այդպես են վարվում նաեւ այն «հոպարները», որոնք միշտ հանդես են գալիս հայրենասիրության ամպագոռգոռ կոչերով:
Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ
ՎՍՏԱՀԵԼԻ՞
ՀՀ-ում դիվանագետի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է. «Կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է աշխարհին ներկայանալ որպես միջազգային հարաբերություններում վստահելի ու կառուցողական գործընկեր»: Իհարկե, լավ է, որ Հայաստանի ԱԳ նախարարը նման մեծ կարծիք ունի իր ղեկավարած գերատեսչության իրականացրած աշխատանքի հանդեպ: Սակայն իրականում հենց Ս. Սարգսյանի եւ Էդ. Նալբանդյանի պաշտոնավարման ժամանակ Հայաստանն առաջին անգամ ձեռք բերեց անվստահելի գործընկերոջ համբավ, ընդ որում, միջազգային կառույցների ներկայացուցիչներն այդ ամենն ասել էին հենց Սերժ Սարգսյանին: Երբ չորս տարի շարունակ Եվրոասոցացման ուղի բռնած Հայաստանը 2013թ. մի գիշերում որոշեց ԵՏՄ-ին անդամակցելու մասին, ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Սարգսյանի հետ հանդիպմանն ասել էր. «ԵՄ եւ ՀՀ հարաբերություններում էական դեր է խաղում վստահության գործոնը:…Բայց հիմա հավատ ու վստահություն չկա, չկա ստեղծագործականություն»:
ՃՈԽ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք բավական հարմարավետ վայրում է տեղակայված` Վարդանանց փողոցում` էլիտար շենքի առաջին հարկում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը նշեց, թե այդ տարածքը ոչ թե իրենցն է, այլ վարձակալական հիմունքներով են տեղակայվել այնտեղ: Իսկ թե որքան վարձավճար են տալիս շտաբի համար, նա դժվարացավ պատասխանել: Տեղեկությունը փորձեցինք ճշտել հենց շտաբից, սակայն նրանք էլ մեզ ոչինչ չկարողացան պատասխանել՝ նշելով, որ իրավասու չեն: Նկատենք, որ այդ շտաբում դաշինքի ներկայացուցիչները ակտիվորեն նաեւ քաղաքացիների ընդունելություններ էին կազմակերպում՝ ըստ էության, այդպես նաեւ փորձելով ընտրությունների նախաշեմին որոշակի ընտրազանգվածի «կանտրոլով» զբաղվել:
ԿՈՄԿՈՒՍԸ՝ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻՆ
«Եթե ձեզ թվում է, որ ՀՀԿ-ն Կոմկուս է, եւ մեր մոտ որեւէ քննարկում չի լինում, չարաչար սխալվում եք»,-նախօրեին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի քննադատություններին: Ու քանի որ ՀՀԿ խոսնակը Կոմկուսը որպես բացասական օրինակ է բերել, «Ժողովուրդ»-ը մեկնաբանությունների համար դիմեց Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանին: «Շատ լավ է, որ ՀՀԿ խոսնակը եւ ԱԺ փոխնախագահը երիտասարդ է, բայց ցանկալի է՝ իր գնահատականների մեջ զգույշ լինի, առավել եւս, երբ խոսքը գնում է 114-ամյա Կոմունիստական կուսակցության մասին: Երիտասարդը խիստ սխալ եւ թյուր կարծիք ունի Կոմկուսի մասին, խորհուրդ կտայի ավագի իրավունքով. առաջին՝ Կոմկուսի աշխատանքի ձեւերի եւ մեթոդների մասին կարծիք իմանալու համար կարող է դիմել ԱԺ-ում իր հետ գտնվող այն ընկերներին, ովքեր անցել են այդ ճանապարհով, երկրորդ՝ ոչ թե քննարկումներ չեն լինում, այլ Կոմկուսի ուշադրությունից որեւէ հարց չի վրիպում»: