ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ-ՀՈՎՍԵՓՅԱՆ ԲԱՆԱՎԵՃՆ ՈՒ ՎԱՐՉԱՊԵՏԻ 3 ՕՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստը կրկին մեկնարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականներով: Վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերում էր ԴԱՀԿ ծառայությանը, ապա նա անդրադարձավ բնապահպանական վճարներին` բնապահպանության նախարարին հանձնարարելով երկամսյա ժամկետում ուսումնասիրել բնապահպանական վճար վճարողների կառուցվածքը, տարանջատել փոքրածավալ եւ նվազ վտանգավորություն ներկայացնող աղտոտողներին, մշակել պարզեցված ընթացակարգեր բնապահպանական վճարների, նախագծերի եւ հաշվետվությունների համար:

Սակայն երեկվա նիստի գլխավոր թեման վստահաբար կարող ենք համարել Արփինե Հովհաննիսյան-Աղվան Հովսեփյան բանավեճը: Օրակարգային հարցերի անցնելուց առաջ վարչապետը հետաքրքրվեց, թե կա՞ն արդյոք առարկություններ զեկուցվող հարցերի վերաբերյալ: Իր առարկությունը հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Նախ նա առաջարկեց օրակարգից հանել առաջին հարցը, որը վերաբերում էր «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագծին:
Նշենք, որ ըստ այդ օրինագծի՝ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, պետք է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում հրապարակի հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում: Դատախազության հաղորդումը պետք է պարունակի նաեւ տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ:
Սակայն Աղվան Հովսեփյանը դժգոհեց, որ նախագիծը ներկայացնող մարմինը (ՀՀ արդարադատության նախարարությունը-խմբ.) իրենց տեղյակ չի պահել մշակվող օրենքի մասին, չի ուղարկել նախագիծը: Նա հայտարարեց, որ ՀՀ-ում կա չորս քննչական մարմին, որոնցից ոչ մեկին նախագիծը չի ուղարկվել: Հովսեփյանի այս պնդմանը հակադարձեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ասելով, որ կոմիտեում ընդունված որոշումները ուղարկվել են բոլոր գերատեսչությունների էլեկտրոնային փոստերին: Հովսեփյանն էլ նշեց. «Կոմիտեի նիստի նյութերն էլ չենք ստացել: Այս նախագիծը բովանդակային առումով հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Այն կարող է կարգավորվել ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ»: Ի պատասխան՝ Դավիթ Հարությունյանը կրկին պնդեց, որ նախագիծն ուղարկվել է:
Կարեն Կարապետյանը չհանեց այդ հարցը օրակարգից` առաջարկելով երեք օր ժամանակ վերցնել՝ խնդիրը լրացուցիչ քննարկելու համար: Աղվան Հովսեփյանը նորից հակադարձեց՝ ասելով, որ կառավարությունը հարցը վաղուց կարգավորել է, որից ելնելով էլ նախաքննական մարմիններն ամենամսյա կտրվածքով տեղեկություն են տրամադրում դատախազությանը գործերի քննության վերաբերյալ: «Հարցն օրենքով կարգավորելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ կառավարության որոշմամբ՝ հարցն արդեն կարգավորված է: Դատախազությունն իրավունք չունի նորմատիվ ակտ ընդունելու, որը պարտադիր կլինի նախաքննության մարմնի համար»,- դժգոհեց Աղվան Հովսեփյանը:
ՀՀ արդարադատության նախարարն էլ հարցը ներկայացնելիս իր հերթին նշեց, որ իրենց առաջարկը հակակոռուպցիոն բնույթի է, քանի որ խոսքը կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունների մասին է, որոնց մասին համեմատական եզրահանգումները պետք է ներկայացվեն առանձին: Պարզաբանելով արդարադատության նախարարության նախաձեռնության գաղափարը, Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ հանրությանը հետաքրքրում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական գործերը, դրանց հետագա ընթացքը կամ կարճման որոշումները:
«Թերեւս խնդրահարույց կետը հետեւյալն է՝ հաղորդումը կազմելու համար նախաքննության մարմինները, ըստ քննչական ենթակայության, յուրաքանչյուր տարի մինչեւ փետրվարի 1-ը գլխավոր դատախազություն են ներկայացնում նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության վերաբերյալ տեղեկություններ ու վիճակագրական տվյալներ, որոնց մեթոդական ուղեցույցը հաստատում է գլխավոր դատախազը:
Ըստ էության, պիտի նաեւ ասեմ, որ այսպիսի տվյալներ այսօր էլ ներկայացվում են, եւ մենք հակասահմանադրական կարգավորում կանենք, եթե որեւէ պարտականություն սահմանենք ոչ թե օրենքով, այլ կառավարության որոշմամբ կամ պարզապես, այսպես ասած, պրակտիկայով: Այդուհանդերձ, արդեն Ձեր հանձնարարականի համաձայն՝ առաջիկա երեք օրերի ընթացքում կճշգրտենք նախաքննության մարմինների կողմից ներկայացված առարկությունները», – նշեց Հովհաննիսյանը
Աղվան Հովսեփյանը հերթական անգամ առարկեց, սակայն վարչապետն արձագանքեց, որ բանավեճը ծավալվում է մասնագիտական հարցերի շուրջ, եւ արդեն իսկ առաջարկվեց երեք օր ժամանակ` առարկությունները քննարկելու համար:
Այն, որ արդարադատության նախարարը ցանկանում է ավելի թափանցիկ եւ հաշվետու դարձնել գործընթացը, միանգամայն ողջունելի է, անհասկանալի է, միայն, թե ինչու այդ ամենը դուր չեկավ Աղվան Հովսեփյանին: Սակայն չպետք է մոռանալ նաեւ, որ Արփինե Հովհաննիսյանը զբաղեցում է ՀՀԿ համապետական ցուցակի երրորդ հորիզոնականը, եւ հասկանալի է, որ թեկնածու լինելով՝ նա ասում է բաներ, որոնք մարդիկ ցանկանում են լսել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 
ՏԵԽԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆԻ ԴԵՖԻՑԻՏԻ ՊԱՏՃԱՌԸ ԲԱՆԿԵ՞ՐՆ ԵՆ

Ինչպես հայտնի է՝ անցած տարեվերջին Հայաստանում նկատվեց տեխնիկական զննության կտրոնների դեֆիցիտ: Բանկերում վարորդներին չէին տրամադրում տեխզննման կտրոններ՝ պատճառաբանելով, որ սպառվել է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը կտրոնների մասով առաջացած դեֆիցիտի պատճառները պարզելու նպատակով ուսումնասիրություն է կատարել:

Ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ Արայիկ Եսայանը շտապեց տեղեկացնել, որ կտրոնների տարեվերջին առաջացած դեֆիցիտը կապված չէ ՖՆ-ի հետ: «Մենք պարզել ենք, որ այն բանկերը, որոնք իրենց մոտ ունեցել են տեխզննման կտրոններ, չեն կարողացել ճիշտ ժամանակին բաշխել իրենց մասնաճյուղերի մեջ: Բացի այս՝ գործող օրենսդրությամբ տաքսի ծառայություն իրականացնելու համար վարորդները այլ կտրոններից են օգտվում, որոնք տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է ապահովում: Իրենք պարտավոր են վեց ամիսը մեկ պարբերականությամբ փոխել իրենց կտրոնները՝ ելնելով ուղեւորափոխադրում իրականացնելու անվտանգությունից: Պահանջը վեց ամիսը մեկ կտրոն փոխելն է, որը ըստ էության չպետք է առնչվի մեր կողմից տպագրված տեխզննման կտրոնների հետ: Նա պետք է գնա եւ տրանսպորտի նախարարության կողմից տպագրված կտրոն ձեռք բերի»,- ներկայացրեց պարոն Եսայանը՝ նկատելով, որ կտրոնների առաջացած դեֆիցիտի պատճառներից մեկն էլ սա է:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ այժմ բանկերի կողմից հետ են հավաքվում տեխզննման այն կտրոնները, որոնք չեն օգտագործվել: Դրանց թիվը այժմ կազմում է շուրջ 2 հազար, եւ հնարավոր է՝ ավելանա: Արայիկ Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց նաեւ, որ այժմ հայաստանյան բանկերում կան ե՛ւ 2018, ե՛ւ 2019 թվականների տեխնիկական զննության կտրոններ:
«Ժողովուրդ»-ը ՖՆ ներկայացուցչից հետաքրքրվեց՝ եթե վարորդը ցանկանում է ձեռք բերել 2018 թվականի տեխզննման կտրոն, ապա պարտադի՞ր է զրոյականացնել 2017 թվականի գույքահարկը: «Մեր համայնքների ղեկավարները քաղաքացիներին ստիպում են, որ գույքահարկի պարտավորությունը իրենք կատարեն ամբողջությամբ, որպեսզի մեկ օրվա մեջ ստանան դրա վերաբերյալ զրոյական տեղեկանք, որը չի բխում օրենքի պահանջներից: Այսինքն՝ օրենսդրությամբ նախատեսվում է, որ գույքահարկի պարտավորությունը քաղաքացու պարտավորությունն է, եւ այն ենթակա է մարման տարվա ընթացքում»,- լրացրեց Եսայանը: Սակայն մի խնդրի կա. համայնքների ղեկավարները մասամբ կատարված գույքահարկի համար չեն տրամադրում զրոյական տեղեկանք: Իսկ բանկի աշխատակիցը կտրոն տրամադրում է միայն այն դեպքում, երբ քաղաքացին ներկայացնում է գույքահարկի զրոյական տեղեկանքը: Արայիկ Եսայանի խոսքերով՝ այս խնդրի լուծումը ֆինանսների նախարարության իրավասության տակ չէ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԴԻՏԱՎԱՆՑԻՆԵՐԸ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ ԵՆ ԴԻՄՈՒՄ
Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը, եւս 3 դիտավանցիներ դատի են տվել «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամին: Հայցը վերաբերում է 2012թ. ցանված 10 հա եգիպտացորենին, որի սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար դիտավանցիներին կանխավճար է տվել: «ՀիմնաՏավուշը» հնձի շրջանում պետք է գյուղացիներին ապահովեր տեխնիկայով, ինչը չի արել: Եգիտացորենը գերհասունացել է, ակնկալված 400 տոննայի փոխարեն հնձվել է 92 տոննա: Նախկին գյուղապետը հայտնեց, որ իրենք հիմնադրամից ստացել են ընդհանուր առմամբ 1 մլն 860 հազ. դրամ, մինչդեռ իրենց բերքից ակնկալում էին ստանալ 8 մլն դրամ եկամուտ:
2014թ. փետրվարի 5-ին դատավոր Արման Կուրեխյանը որոշել է դիտավանցիների հայցը բավարարել մասնակի, «ՀիմնաՏավուշ» հիմնադրամից հօգուտ Ս. Սարգսյանի բռնագանձել 2 մլն 657 հազ. 300 դրամ պատճառված վնասի գումար եւ 50 հազ. 896 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Հայկ Ալիխանյանի՝ 1 մլն 505 հազ 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազ. 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Վարդան Սարգսյանի՝ 1 մլն 505 հազ. 640 դրամ՝ պատճառված վնասի եւ 28 հազ. 612 դրամ պետական տուրքի գումար, հօգուտ Սամսոն Ալիխանյանի՝ 221 հազ. 500 դրամ՝ պատճառված վնասի եւ 2930 դրամ պետական տուրքի գումար: Հիմնադրամը դիմել է վերաքննիչ դատարան, 2014թ. հուլիսի 10-ին վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, գործն ուղարկել նույն դատարան: 2015թ. դեկտեմբերի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժել է դիտավանցիների հայցը, իսկ հիմնադրամի հակընդդեմ հայցը բավարարել, վճռել հօգուտ հիմնադրամի Ս. Սարգսյանից բռնագանձել 2 մլն 881 հազ. 500 դրամ, Հ. Ալիխանյանից հօգուտ հիմնադրամի բռնագանձել 1 միլիոն 663 հազար 253 դրամ, Վ. Սարգսյանից՝ 1 մլն 663 հազար 253 դրամ, Ս. Ալիխանյանից՝ 251 հազ. 430 դրամ: Դիտավանցիներն այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել:
2016թ. հուլիսի 1-ին վերաքննիչ դատարանը որոշել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2015թ. դեկտեմբերի 7-ի վճիռը մասնակիորեն բեկանել, հօգուտ հիմնադրամի Ս. Սարգսյանից բռնագանձել 112 հազ 500, Հ. Ալիխանյանից եւ Վ. Սարգսյանից՝ 62 հազ 500-ական դրամ, Ս. Ալիխանյանից՝ 12 հազ 500 դրամ: Դիտավանցիները դիմել են վճռաբեկ դատարան: Հայցի մեջ նրանք նշել են գործին առնչվող վճռաբեկ դատարանի նախադեպային 2 որոշում, սակայն վճռաբեկ դատարանը համարել է, որ նախադեպային այդ որոշումները հայցում պարզաբանված չեն, եւ մերժել է ընդունել հայցը: Ս. Սարգսյանը հայտնեց, որ «ՀիմնաՏավուշի» ներկայացուցիչները հանդիպել են իրեն, առաջարկել 1 մլն դրամ փոխհատուցում տալ, սակայն ինքը չի համաձայնել, քանի որ 940 հազ. դրամ իրենք ծախսել են միայն փաստաբանին վարձատրելու համար, բացի այդ՝ դատական տուրքեր են վճարել: Ս. Սարգսյանն ասաց, որ Տավուշի մարզի դատարանում տեղի է ունեցել գործով ապացույցների ոչնչացում, ձայնագրություններ են ջնջվել: Նա հայտնեց, որ իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս