ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարության շենքի դիմաց

Երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց կրկին հավաքվել էին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները: Նրանք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպումից հետո հույս չունեն, որ իրենց որդիների մահվան հանգամանքները կբացահայտվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարել էր զբաղվել բողոքող ծնողների գործերով:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգով է հաշվարկվում վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ միջոցներից է վճարվում այդ գումարը:

Նարինե Հովհաննիսյան (29 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 25-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով:
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում վարձու աշխատողի նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը բաժանվում է 21-ի եւ բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի երկրորդ աշխատանքային օրվանից սկսած աշխատանքային օրերի թվով, իսկ հղիության ու ծննդաբերության նպաստի դեպքում՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի բոլոր աշխատանքային օրերի թվով:
Բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպաստի՝ ժամանակավոր անաշխատունակության 2-րդ, 3-րդ եւ 4-րդ աշխատանքային օրերի համար գործատուն վարձու աշխատողի նպաստը վճարում է իր միջոցների հաշվին, իսկ 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ամենամյա արձակուրդի ընթացքում ժամանակավոր անաշխատունակություն առաջանալիս վարձու աշխատողին նպաստը տրվում է ամենամյա արձակուրդի չoգտագործված մասը ՀՀ աշխատանքային oրենսգրքով սահմանված կարգով oգտագործելու ժամանակահատվածի աշխատանքային oրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ եթե անձն ունի երկու երկրների քաղաքացիություն, ապա ինչպե՞ս է կարգավորվում նրա զինապարտության հարցը: Ինչպե՞ս է լուծվում ՀՀ երկքաղաքացիների ծառայության անցնելու հարցը:

Օնիկ Գեւորգյան (46 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պետությունների:
Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից՝ ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:
Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ բացառությամբ ՀՀ միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:




Լրահոս