ՀՀ կառավարությունը առողջապահության ոլորտում նախատեսում է մեծածավալ բարեփոխումներ՝ համակարգում առկա խնդիրները լուծելու համար։ «Առողջապահության ոլորտում ունենք մեծ խնդիրներ, նաև պետության միջամտության հետևանքով։ Պետական սուբսիդավորման համակարգը պետք է արմատապես փոխենք։ Քաղաքացին ինքը պետք է ընտրի այն բուժհաստատությունը, որտեղ բուժվելու է։
Այդպես մենք կնպաստենք միջոցների արդյունավետ օգտագործմանը, առողջապահության ոլորտում մրցակցության բարձրացմանը, ինչը կխթանի մատուցվող ծառայությունների որակի ապահովմանը»,- Մեղրիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը։
Անդրադառնալով մարզերում գործող բուժհաստատություններին՝ վարչապետն ընդգծեց, որ քայլեր են ձեռնարկվելու դրանք մասնավոր կառավարման հանձնելու ուղղությամբ։ «Մենք պետք է ներգրավենք մասնավոր նոր կառավարիչներ, ովքեր բուժհաստատություններում կկատարեն նոր ներդրումներ, ինչը կնպաստի առողջապահության համակարգի զարգացմանը», ասաց կառավարության ղեկավարը։ Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ ներդրվելու է ռեգիոնալ կառավարման նոր համակարգ և մշակույթ։
«Մշակել ենք համայնքների կառավարման նոր մեթոդաբանություն, որի շրջանակում ստեղծվել են համայնքների զարգացման հնգամյա ծրագրեր», ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ նոր մեթոդաբանությունը կնպաստի քաղաքացիների ակտիվ մասնակցությանը համայնքի կառավարման գործին։ Մեթոդաբանությունը նախատեսում է, որ համայնքների ղեկավարները կառավարության և բնակիչներին պետք է ներկայացնեն ստարտային վիճակը, սահմանեն թիրախները, թե ինչ նպատակների են հասնելու։