ՉԵՆ ԿԱՐՈՂ ՄՏՔԻ ԾԱՅՐՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼ, ՈՐ ՍԽԱԼՄՈՒՆՔ ԹՈՒՅԼ ՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անցած շաբաթ օրը ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կուսակցության ռեյտինգային թեկնածուներին զգուշացրել է, որ այս ընտրությունների ժամանակ չափը չանցնեն եւ իրենց թիմակցի ձայները չփորձեն գրանցել իրենց օգտին:

Եւ այդ գործընթացի վերահսկման պատասխանատու է նշանակվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հիշեցնենք, որ վերջինս, մինչ ՊԵԿ-ի նախագահի պաշտոնը ստանձնելը, եղել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը: Ու հիմա Սարգսյանը Հովսեփյանին է վստահել, որ վերահսկի իրենց ռեյտինգայիններին, որպեսզի ընտրություններից հետո հստակ իմանա, թե ո՞ր ռեյտինգայինները իրականում քանի ձայն են կարողացել ապահովել կուսակցության համար: Ինչպե՞ս է Հովսեփյանն իրականացնելու այդ վերահսկողությունը եւ արդյո՞ք այդ աշխատանքի դիմաց, որպես փոխհատուցում, ընտրություններից հետո կտեղափոխվի բարձր պաշտոնի. «Ժողովուրդ»-ի զրուցակիցը Հովհաննես Հովսեփյանն է:
-Պարո՛ն Հովսեփյան, Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի ռեյտինգայինների հետ հանդիպման ժամանակ հրահանգել է բոլորին մեկը մյուսի ձայները չգողանալ: Եվ այդ գործընթացի վերահսկման պատասխանատու է նշանակել Ձեզ: Ինչպե՞ս եք վերահսկելու այս ոչ հեշտ գործընթացը:
-Ես Ձեզ դա կպատասխանեմ մի քանի օրից:
-Ինչո՞ւ մի քանի օրից, պարո՛ն Հովսեփյան: Ի՞նչ հստակեցումներ պետք է անեք, որ այս պահին չեք կարողանում պարզաբանել:
-Որովհետեւ հիմա պրոցեսների մեջ եմ:
-Ինչպիսի պրոցեսներ, այսինքն՝ այս օրերին հանդիպումներ եք անցկացնում բոլոր ռեյտինգային թեկնածուների հե՞տ:
-Բացարձակ, ոչ մեկի հետ որեւէ քննարկում չեմ անում, սա վերահսկողական մեխանիզմներ է դրվում, որ բոլորը լինեն մաքսիմալ արդար, բոլորը լինեն ազնիվ, բոլորը մաքսիմալ իրենց աշխատանքով զբաղվեն, եւ որեւէ մեկի մտքով անգամ չանցնի, որ կարող է՝ որեւէ մի ապօրինություն տեղի ունենալ:
-Հաշվի առնելով արդեն իսկ արձանագրված բախումները՝ մտահոգություն չունե՞ք, որ քանի գնա, նմանօրինակ իրավիճակների ռիսկերը կաճեն:
-Ամեն ինչ անելու ենք, որ հանկարծ որեւէ բախում չլինի:
-Կհաջողվի՞ արդյոք:
-Դրա մասին կարող ենք խոսել ամսի երեքին, որ բոլորս հասկանանք: Կտեսնենք, էլի, հաջողվեց, թե չհաջողվեց: Ես վստահ եմ իմ ուժերի վրա, որ կհաջողվի: Եթե հաջողվի, ինձ թվում է՝ դա կլինի բոլորի հաջողությունը:
-Իսկ ի՞նչ պետք է անեք, որ հաջողվի:
-Լիքը բան ունեմ անելիք եւ հենց այդ պրոցեսների մեջ եմ: Հիմա ես հասկանամ, թե որ մի ճանապարհով եմ գնում, նոր կխոսենք:
-Իսկ մտավախություն չունե՞ք ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու հարցում՝ հաշվի առնելով նրանցից շատերի կարգավիճակը եւ այն լարվածությունը, որ նրանք ստեղծում են:
-Ես բացարձակապես ռեյտինգային թեկնածուների հետ աշխատելու մտածմունք կամ միտվածություն չունեմ, ինչի համար, որովհետեւ ես իմ աշխատանքն եմ կատարելու, թող իրենք մտածեն, որ մի բուլետինի անգամ սխալմունք թույլ չտան:
-Ձեր նշած «լիքը բան»-ից մի երկուսը կթվարկե՞ք, որ արդեն նախաձեռնել եք իրականացնել:
-Ես մի բան կարող եմ միայն վստահ ասել, որ հավատացած լինեք՝ մե՛ք կասկածի, որ դա հաջողվելու է մեզ անել, եւ երկրորդ՝ մե՛ք կասկածի, որ որեւէ մեկ այլ ռեյտինգային կարող է անգամ մտքի ծերով անցկացնել, որ մի փոքր անգամ, մի բուլետինի անգամ սխալմունք թույլ տա:
-Բայց դրա համար նրանց հետ բացատրական աշխատանքներ չե՞ն տարվում, թե՞ Սերժ Սարգսյանի հորդորները բավական են:
-Իրենք գիտեն խաղի կանոնները եւ պարտավոր են խաղի կանոններով առաջնորդվել:
-Խաղի կանոնները իմանալով հանդերձ եւ անգամ Սարգսյանի հորդորները լսելուց հետո՝ էլի եղան ծեծկռտուքի դեպքեր:
-Չեմ կարծում, որ այդպիսի դեպք տեղի է ունեցել, եւ ինձ այդպիսի դեպք հայտնի չէ:
-Վերջերս Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականի եւ ԲՀԿ-ականի միջեւ է եղել ծեծկռտուք, Արագածոտնում ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածու Բազմասեր Առաքելյանը ծեծի է ենթարկել դաշնակցականների համախոհի..
-Հիմա ցանկացած մի հանցագործություն կամ ցանկացած միջադեպ, որը պիտի տեղի ունենա հանրապետությունում, պետք է կապենք ընտրությունների՞ հետ:
-Դաշնակցականները վստահորեն պնդում են, որ Առաքելյանը ծեծի է ենթարկել իրենց համակիրին միայն նրա համար, որ իմացել է՝ նա ընտրելու է Դաշնակցությանը:
-Որը որ ինձ համար չստուգված փաստ է, իրավապահները որեւէ նման փաստ չեն ասել: Որ ես նման բան ասեմ, Դուք ինձ լուրջ կընկալե՞ք:
-Հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո, որպես Ձեր աշխատանքի փոխհատուցում, վերստին բարձր պաշտոնի տեղափոխվեք:
-Դա ես չեմ որոշում:
-Այսինքն՝ որեւէ խոստում դեռեւս չի՞ տրվել Ձեզ:
-Ո՛չ:

 
ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՀԻ՝ ՆՄԱՆ ԲԱՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ՈՐ ՉԳԻՏԵՆ

Մարտի 1-ին՝ ԱԺ-ում կառավարության անդամների եւ պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է որակյալ վառելիքի խնդիր, ինչի պատճառով եղել են դեպքեր, երբ ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել:

Եթե իրականում ապրիլյան իրադարձությունների ժամանակ ռազմական տեխնիկայի գործարկման հետ խնդիրներ են եղել որակյալ դիզվառելիքի բացակայության պատճառով, ապա դրա մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն այն 100 տղաների արյան համար, որոնցից շատերը միգուցե եւ չզոհվեին, եթե այս եւ նմանատիպ այլ բացթողումներ չլինեին:
Ու հիմա, երբ այդ մասին մտածված թե պատահաբար բարձրաձայնում է երկրի վարչապետը, հարց է առաջանում՝ եթե այդ մասին հայտնի էր կառավարության ղեկավարին, ինչո՞ւ մինչեւ հիմա այդ դեպքերի կապակցությամբ քրեական գործեր չեն հարուցվել, եւ չի հստակեցվել, թե ով է այս ամենի պատասխանատուն:
Երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ով այդ օրերին դեռեւս ԶՈՒ ղեկավարն էր, անդրադառնալով Կարեն Կարապետյանի այդ հայտարարությանը, նշել է, որ վարչապետի խոսքը վերաբերում է ներկայիս ներկրումներին, եւ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի ներկա ներկրումների որակը համապատասխանի այն դրվածքին, որ կա մեր հանրապետությունում. «Եվ ընթացքում խոսք եղավ, որ այդ պատճառով եղել են նաեւ դեպքեր ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ տեխնիկան լիցքավորված է եղել ոչ այն վառելիքով, որն անհրաժեշտ է: Ես համարում եմ, որ եթե այդպիսի տեղեկություններ կան, ապա իրենք պետք է զբաղվեն: Ես ինքս էլ կողմնակից եմ եւ պնդում եմ, որ դա իրականացվի եւ իրականացվի հանրային վերահսկողության ներքո»,-ասել է նախկին ՊՆ նախարարը:
Եւ քանի որ բանակում պարբերաբար վերահսկողական ստուգումներ է անցկացնում ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը, «Ժողովուրդ»-ը հարցի առնչությամբ փորձեց պարզաբանումներ լսել նրանից: Վերջինս խորհուրդ տվեց այդ հարցով դիմել պաշտպանության նախարարությանը: Սակայն ռազմական տեսուչը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց. «Ստուգումների արդյունքում այդպիսի բաներ չեմ տեսել եւ այդպիսի բաներ չեմ բացահայտել»: Սակայն, այնուամենայնիվ, Հարությունյանը երկմտեց. «Կարող է պատահի՝ բաներ եղել են, որ մենք չգիտենք, բայց նորից եմ ասում՝ հարցը տվեք պաշտպանության նախարարությանը, թող իրենք պատասխանեն»,- հորդորեց ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչը, ով, սակայն, չհայտնեց՝ արդյո՞ք ապրիլյան պատերազմին նախորդած շրջանում ստուգումներ իրականացրել են, թե՞ ոչ:

Նյութերը՝ ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

 

 

 

ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱ
Երեկ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Փարպի գյուղում ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուքին, ասել է, որ եթե այն նախընտրական բնույթ է կրել, ապա իրենք դա հենց այնպես չենք թողնի: Ռուստամյանի խոսքով՝ ինքը գիտի միջադեպի պատճառների մասին, բայց չի ցանկանում խոսել՝ հետաքննությանը չխանգարելու համար։ «Եթե դրդապատճառները միայն անձնական էին, ապա, դժբախտաբար, նման բախումներն անխուսափելի են։ Սակայն եթե մեր ընտրազանգվածին վախեցնելու փորձ է եղել, մենք դա այդպես չենք թողնի»,- հայտարարել է նա: Եւ քանի որ Փարպի գյուղում տեղի ունեցածի մասին ահազանգել էր «Երկիր Մեդիա»-ի քաղաքական հաղորդումների տնօրեն, դաշնակցական Գեղամ Մանուկյանը՝ նշելով, որ վիճակը լարված է, դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած համակիր ու կուսակցական ընկեր անպաշտպան չի մնա, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանից հետաքրքրվել՝ արդյո՞ք տեղի ունեցածը անպատասխան չթողնելու համար որեւէ քայլի դիմել են: «Ես էլի կրկնում եմ, որ եթե որեւէ մեկը համարձակվի նեղացնել դաշնակցականին, նա անպատիժ չի մնա: Ինչ որ ես ասացի, այդ խոսքերի տերն եմ, այլ բան չեմ ուզում ավելացնել»,-նշեց Մանուկյանը:

 

 

ՆՈՐ ՅՈՒՐԱՑՈՒՄՆԵՐ
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կոռուպցիոն հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել: Ըստ գլխավոր դատախազության հաղորդագրության՝ 2013-2017թթ. ընթացքում մահացած բազմաթիվ անձանց համար սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից տրամադրվող՝ թաղման համար որպես նպաստ 200.000 դրամը ստացել են միեւնույն անձինք: Մասնավորապես մեկ դեպքում նույն անձը ստացել է 303 մահացածներին հատկացված 60.6 մլն դրամը, մեկ այլ դեպքում 264 անձանց՝ 52.8 մլն դրամը, մյուս դեպքերում 119 անձանց՝ 23.8 մլն դրամը եւ 72 անձանց՝ 14.4 մլն դրամը: Այդ նպաստները ստացած անձինք տարբեր ժամանակահատվածներում եղել են միեւնույն ՍՊ ընկերության աշխատակիցներ եւ գումարները ստացել են հուղարկավորման ծառայություններ մատուցելու համար: Բայց արդեն ընկերության կողմից հարկային մարմիններին ներկայացված հաշվետվություններում մի քանի անգամ պակաս շրջանառություն են ցույց տվել եւ եղած գումարները յուրացրել: Թե որ ՍՊԸ-ի մասին է խոսքը, ՀՀ գլխավոր դատախազությունը չի մանրամասնել: ՀՀ քր.օր 205 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը նախաքննության է ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե:

 

 

ԹԱՆԿԱՆՈՒՄ Է
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին աճել են պարենային ապրանքների գները: Ըստ ԱՎԾ-ի՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 2.5 տոկոս: Հիմնականում թանկացել են միրգը եւ բանջարեղենը՝ մոտ 20 տոկոսի չափով, ձկնամթերքը՝ մոտ 1.9 տոկոսով, շաքարավազը՝ 16.3 տոկոսով: 1.5 տոկոսով էլ թանկացել են ալկոհոլն ու ծխախոտը: Իսկ ահա ծառայությունների եւ ոչ պարենային ապրանքների շուկայում, ընդհակառակը, գնանկում է արձանագրվել:




Լրահոս