ՄՈՎՍԵՍԸ ՈՉ ԹԵ ՍՊԱՆՎԵԼ Է, ԱՅԼ ՀԵՌԱՑԵԼ ԵՐԿՐԻՑ. ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵ՛Ք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ 10 օր է, ինչ քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով 3 տարի կալանքի տակ գտնվող Իսրայել Սարգսյանը գտնվում է հացադուլի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Իսրայել Սարգսյանը հայտնեց, որ իր դեմ պատվեր է իրականացվում, եւ կա մի ուժ, որը հետեւում է այս գործի քննության ընթացքին:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 27-ին՝ գիշերը ժամը 00:15-ին, իր տան բակում՝ Երեւանի Արամի նրբանցքի 5 Ա շենքի մոտ արձակված կրակոցներից սպանվել էր Արթուր Սաֆարյանը: Ավելի ուշ կալանավորվեց Իսրայել Սարգսյանը, իսկ փետրվարի 3-ին՝ Տիգրան Ասատրյանը: Ավելի ուշ Իսոյին մեղադրանք առաջադրվեց իր ընկերոջ` Մոսոյի սպանությունը պատվիրելու համար: Ըստ պաշտոնական վարկածի՝ Իսոն Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է նրան: Ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:
-Դուք արդեն երեք տարի է` կալանքի տակ եք եւ անընդհատ բարձրաձայնում եք, որ մեղադրանքի հետ կապ չունեք:
-Պատվեր է ինչ-որ մարդու կողմից, որը, իմ կարծիքով, ինձնից վտանգ է տեսնում, դրա համար ինձ պահում են այստեղ:
-Կոնկրետ անուններ կտա՞ք՝ ո՞վ եւ ինչո՞ւ է Ձեզանից վտանգ տեսնում:
-Կոնկրետ անուն չեմ կարող ասել, բայց որ ինձ այստեղ պատվերով են բերել, դա հարյուր տոկոս է: Հասարակ մի բան ասեմ, եթե իրենք ապացույցներ ունենային, շուտվանից դատել էին: Դատական փուլն արդեն վերջանում է, իրեղեն ապացույցների փուլն անցել է: Ոչ մի ապացույց չկարողացան բերել: Ոչ մի: Վկաների փուլում 87 հոգի մարդ են կանչել, ոչ ոք ինձ ցույց չտվեց, մատնացույց չարեց, որ ինձ ճանաչում է կամ տեսել է դեպքի վայրում: Ոչ մի ապացույց չունեն, ուղղակի ինձ պահում են, թե ինչի համար, չգիտեմ: Հետո ամենակարեւոր բանը: Արթուրը` Թեւոսի ախպերը, իմ ընկերն է եղել: Մարդասպանը սպանությունից հետո զենքն ու բժշկական ռետինե ձեռնոցը իր հետեւից թողել է: Փորձագետներն ուսումնասիրել են, ապացուցել են, որ Արթուրի վրա այդ զենքով է կրակվել, ու այդ ձեռնոցը մարդասպանին է պատկանել: Այսինքն` դրա վրա հայտնաբերվել է զենքի արգասիքները: Եթե էդ արգասիքները չլինեին, դրանով կապացուցվեր, որ էդ զենքից չի եղել կրակոցի արձակումը:
-Մամուլում հրապարակվեց, որ Դուք Արթուր Սաֆարյանի հետ գումարի պարտք ու պահանջի հարց եք ունեցել, ինչն էլ կարող էր լինել այս սպանության պատճառը:
-Պարտք ու պահանջ չի եղել: Կոնկրետ ես որեւէ մեկի հետ նման բան չեմ ունեցել: Աշխարհի վրա չկա մի մարդ, որ կկանգնի, կասի, որ ես Արթուրի հետ պարտք ու պահանջ եմ ունեցել կամ իր հետ բարձր տոնով խոսել եմ: Մենք ընկերներ ենք եղել: Կրկնում եմ՝ լավ ընկերներ:
-Ըստ պաշտոնական վարկածի՝ Դուք սպանել եք Մովսես Ներսիսյանին, որ թաքցնեք այս դեպքը: Ավելին՝ գործով կալանավորված եւ հետագայում ազատ արձակված Տիգրան Ասատրյանը Ձեր դեմ ցուցմունք է տվել:
-Նա ցուցմունք է տվել, որ կա մի ձայնագրություն, որ մենք իրար հետ խոսացել ենք: Սպանությունից հետո ես կասկածել եմ Տիգրանին, ուզել եմ՝ հասկանամ իր կապն էս սպանության հետ: Ես աշխատել եմ այնպիսի խոսքերով իր հետ խոսեմ, անսպասելի խոսակցություն տանեմ իր հետ, որ բացեմ իրեն: Ու ես ընկա դրա մեջ: Ինքը այդ խոսակցությունը վերցնում, ձայնագրում է, հետո տարբեր ձեւերի մոնտաժներ է անում: Իսկ մոնտաժի հնարավորություններն էնպես են, որ կարան սեւը սպիտակ դարձնեն: Մոնտաժած ձայնագրությունը տալիս է ոստիկաններին, ոստիկանները վերցնում, հիմք են ընդունում դա: Բայց ոչ մի հիմք չեն ունեցել ինձ ձերբակալելու: Իրենց ասած Մովսես Ներսիսյանի դիակը մինչեւ հիմա գոյություն չունի ու չի էլ կարա գոյություն ունենա, որովհետեւ ես գիտեմ` Մովսեսը ողջ է, ու հարցնում եմ` խի ռոզիսկ չեք տալիս, եթե Մովսեսին ձերբակալեին, ես հարյուր տոկոս էստեղ չէի լինի:
-Դուք վստա՞հ եք, որ Մովսեսը կենդանի է: Ըստ տեղեկությունների՝ Դուք իրեն տարել եք Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:
-Չկա նման բան: Սաղ ենթադրություններ են: Դա ձայնագրությունով են ենթադրել: Ես դա սաղ ասել եմ Տիգրանին, որ հասկանամ` ինքը կա՞ դրա մեջ, թե՞ չէ:
-Դուք պնդում եք՝ եթե հետախուզում հայտարարվի, Մովսեսը կհայտնաբերվի՞:
-Ես ի սկզբանե հայտարարում էի` ռոզիսկ տվեք, Մովսեսին կհայտնաբերեք: Նա երկրում չի:
-Լավ, իսկ ո՞ւմ էր խանգարում Արթուր Սաֆարյանը:
-Ես չեմ կարող ասել: Բայց որ իմ գլխին սարքին, բերին ստեղ, դա հաստատ ա: Իմ հացադուլն ինչում է կայանում, որ էդ ձեռնոցը, որը ապացուցում է, որ ո՛չ ես եմ, ո՛չ Մովսեսն է կրակողը, գործից հանել են: Իրեղեն ապացույց էր, որը շատ կարեւոր է: Եթե ձեռնոցը մտցնեն որպես իրեղեն ապացույց, գործը կջարդվի: Գործի ընթացքը լրիվ ուրիշ ուղղությամբ կգնա:
-Երբեւէ հանդիպում ունեցե՞լ եք քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի հետ, կամ նա փորձե՞լ է Ձեզ հետ հանդիպել:
-Ես ԿԳԲ-ի պադվալից չէի կարող կապի դուրս գալ: Ինձ առաջին օրվանից էլ ԿԳԲ-ի պադվալն են պահել: Հիմա իմ պահանջը մեկն է, որ ձեռնոցը ներգրավվի գործի մեջ: Կարեւոր վկաներ կան, որ ես ասում եմ՝ կանչեք, չեն կանչում: Դատավորին ու դատախազին պետք չի, որ իրանց կանչեն վկայության: Եթե այդ վկաները գան, ցուցմունք տան, շատ կարեւոր հանգամանքներ կբացահայտվեն: Այդ անօրինական ձայնագրությունը պիտի հերքվի: Եվ չորրորդը` դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, պետք է նորմալ նիստեր լինեն: Սրանք են իմ պահանջները:
Ես նախագահին ու դատախազին էլ եմ դիմումներ գրել: Հատուկ հանձնաժողովը շատ բան կպարզի: Ես վստահ եմ, որ էս գործի վերեւը կանգնած է մի ուժ, որը հետեւում է ընթացքին: Պատվերն ինքն է տվել, որ օդից վերցնեն ու առանց մի բանի վերցնեն, դատեն: Հիմա անուններ չեմ տա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ
Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակցած զինվորների զինգրքույկներում համապատասխան նշումների մասով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ չհարուցվեց` հանցակազմի բացակայության հիմքով: «Ժողովուրդ» օրաթերթը 2017թ. փետրվարի 17-ին անդրադարձել էր ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած զինվորների ոտնահարված իրավունքների հարցին: Ինչպես հայտնի է՝ պատերազմի մասնակից լինելու մասին համապատասխան նշումները շատ զինվորների զինգրքույկներում կա՛մ բացակայում էին, կա՛մ էլ ջնջված էին՝ նշմամբ, թե անվավեր է: Բարձրացված աղմուկից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք էր տվել, որպեսզի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում նյութեր նախապատրաստվեն: Ավելին՝ գրել էինք, որ մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը համապատասխան գրություններ է ուղարկել պատկան մարմիններին՝ հիմնավոր պարզաբանումներ ներկայացնելու պահանջով: Եվ ահա երեկ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ հարուցելը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Նշենք, որ իրավապահները այս գործընթացում քրեորեն պատժելի որեւէ արարք չեն տեսել: Այս օրերին պաշտպանության նախարարություն են դիմում մի շարք ծնողներ՝ իրենց երեխաների ոտնահարված իրավունքները վերկանգնելու համար:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ ԱՅԾՅԱՄԻ ՈՐՍԻ ՀԱՄԱՐ
ՀՀ որսորդների եւ ձկնորսների միություն ՀԿ անդամ Վիգեն Այդինյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Վ. Այդինյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով ՀՀ որսորդների եւ ձկնորսների միություն ՀԿ անդամ, 2016թ. նոյեմբերի 26-ին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Գոշ տեղամասի 6-րդ պահաբաժնի տարածքում իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանով ապօրինի որսացել է այծյամ տեսակի կենդանի, ինչի հետեւանքով պետությանը պատճառել է խոշոր վնաս: Ավելին՝ պարզեցինք, որ այս գործով նախաքննությունը օրերս ավարտվել է, եւ գործը ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Ի դեպ, նախաքննություն իրականացնող մարմինը որոշել է ՀԿ-ի անդամ Վ. Այդինյանին ստորագրությամբ ազատ արձակել:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԳԵՐՈՒՆ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն օրերս այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԿԽՄԿ ԼՂ առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանն ասել է. «Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաեւ իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»: ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014թ. դեկտեմբեր 26-ին: 2015թ. մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով:

 

 

 
ՊԱՅԹՈՒՑԻԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ
2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետեւանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գեւորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը եւ Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ: Տուժած զինծառայողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ): Կատարվում է նախաքննություն:

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ՊԵՏԴԵՊՈՒՄ ԵՎ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) ղեկավարությունը երկօրյա հանդիպումներ է ունեցել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ու Կոնգրեսի անդամների հետ: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի ղեկավարած պատվիրակությունը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, Արցախի Հանրապետության անվտանգության, Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչման, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների անվտանգությանը վերաբերող հարցեր: Ամերիկյան իշխանությունների հետ հանդիպումներից յուրաքանչյուրի ժամանակ ANCA-ի ղեկավարները հիշեցրել են ապրիլի 21-ին ԱՄՆ-ում կայանալիք պրեմիերայի մասին, որի ժամանակ ցուցադրվելու է Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմը:

 

 

 

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՅՑԸ
Երեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ծրագրին, ընտրողներին ներկայացվելիք հիմնական ուղերձներին եւ ընտրարշավի հետ կապված քաղաքական եւ կազմակերպչական հարցերին: Հիշեցնենք, որ նախորդ օրն էլ ԱՄն դեսպանը այցելել էր ՀՀԿ գրասենյակ:




Լրահոս