ՀՀԿ-Ի ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԸ ԿՀԱՆԳՐՎԱՆԵՆ ԱԺ-ՈՒՄ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը պատկանում է ՀՀԿ-ին, ու նրա բոլոր պատգամավորները կիսում են վարվող քաղաքականության պատասխանատվությունը եւ այս ընտրություններում էլ հավակնում են կրկին իշխանություն ունենալ, «Ժողովուրդը» շարունակում է անդրադարձը 5 տարի օրենսդիր մարմնի անդամ լինելու բերկրանքը վայելած ՀՀԿ-ականների, մասնավորապես Արտակ Դավթյանի, Արտակ Զաքարյանի ու Հովհաննես Սահակյանի գործունեությանը:

Արտակ Դավթյանի խորհրդարանական գործունեությունը մեկնարկել է 2007թ., երբ նա Աժ-ում հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակով: Նախկինում Դավթյանը աշխատել էր տարբեր պաշտոններում, այդ թվում՝ ՀՀ էներգետիկայի փոխնախար (2003-2004): 5-րդ գումարման խորհրդարանում Դավթյանը գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Այս ընտրություններում նա ՀՀԿ-ի ցուցակում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Տպավորիչ է Արտակ Դավթյանի խորհրդարանական գործունեությունը, հիշատակելի է հատկապես 2015թ. սահմանադրական փոփոխություններից առաջ «Նույնականացման քարտերով քվեարկելու թույլտվության» օրինագիծը, որն այնքան էլ համահունչ չէր կեղծիքներից խուսափելու մասին իշխանության հռետորաբանությանը: Այս առումով ամենեւին էլ զարմանալի չէ, որ Դավթյանը կողմ է քվեարկել խորհրդարանում ներկայացված օրինագծերի բացարձակ մեծամասնությանը` ավելի քան 95 տոկոս: Այս ընթացքում նա դեմ է եղել լոկ 9 անգամ, ձեռնպահ՝ 2, 26 անգամ հրաժարվելով քվեարկությունից՝ ՀՀԿ-ական պատգամավորը բացակայել է ընդամենը 6 նիստերից: Դրա հետ մեկտեղ նա ակտիվորեն պաշտպանել է իշխանության տարատեսակ նախաձեռնությունները՝ 20 անգամ հանդես գալով հարցապնդումներով, 17 անգամ էլ ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից: Ի դեպ, Դավթյանը հետեւողականորեն կողմ է քվեարկել բոլոր աղմկահարույց օրինագծերին, այդ թվում` «1000 դրամների օրինագիծ»-ին, «ԱԺ կանոնակարգ-օրենք»-ին, «Կուսակցությունների մասին օրենք»-ին եւ այլն: Իսկ ինչ վերաբերում է Դավթյանի քաղաքական-կուսակցական գործունեությանը, ապա այստեղ անակնկալներ չկան: Նա նույնպես անվերապահորեն պաշտպանում է Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Հիշարժան է 2015թ. փետրվարին Գագիկ Ծառուկյանի դեմ արշավանքի շրջանում Դավթյանի մեկնաբանությունը. «Համակարգը ծնում է նմանատիպ հրեշ, մարդ, ով ձեւացել է կեղծ բարերար, կեղծ փրկիչ: Տարիներ շարունակ մենք իրերը չէինք կոչում իրենց անուններով: Գագիկ Ծառուկյանի խոսքերը որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ դժվար էլ տեղավորվեն: ՀՀ նախագահը նշեց այդ մասին: Եթե մարդը ընկալման հետ խնդիր ունի, ապա ինչի՞ մասին է խոսքը»: Իսկ այսօր թեեւ Դավթյանը չի կրկնում նույն ձեւակերպումները, սակայն չի հրաժարվում իր բառերից ու պնդում է, որ վերոնշյալ խոսքերը ժամանակի իրադարձություններին համահունչ են եղել, եւ այդ առումով ոչինչ չի փոխվել:
Արտակ Զաքարյանը ՀՀԿ-ի շարքերն է անցել դեռեւս Անդրանիկ Մարգարյանի ղեկավարության շրջանում, 2006թ. դարձել ՀՀԿ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար, 2007-2008թթ.` ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու: 2008-2009թթ. նա աշխատել է որպես ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, իսկ պաշտոնը թողել այդժամ ՀՀԿ համամասնական ցուցակով մանդատ ստանալու պատճառով: Նա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն է, որը պաշտպանում է իշխանության եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի բոլոր քայլերը, այդ թվում եւ արտաքին քաղաքականության բնագավառում: ՀՀԿ-ական պատգամավորը ժամանակին նույնպես հանդես եկավ ԵԱՏՄ-ին միանալու Սերժ Սարգսյանի գիշերային որոշման օգտին: Քանիցս արդարացնելով ԵԱՏՄ մտնելու որոշումն ու շեշտելով դրա օգտակարությունը` Զաքարյանը չի խորշում նաեւ պնդելուց, որ միության շրջանակներում գոյություն ունեցող խնդիրները արագ չեն կարող լուծվել, եւ Հայաստանը դեռ պետք է սպասի ԵԱՏՄ-ի օգուտները ստանալու համար: Զաքարյանի խորհրդարանական գործունեությունը գերազանցապես առնչվում է արտաքին հարաբերություններին, ինչը, սակայն, նրան չի խանգարում կողմ քվեարկել իշխանության օրինագծերին: ԱԺ նիստերի ժամանակ Ա. Զաքարյանը կողմ է քվեարկել 876 անգամ, դեմ` 6 եւ 2 անգամ էլ ձեռնպահ: 4 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Զաքարյանը բացակայել է 76 նիստերից: Դրա հետ մեկտեղ ԱԺ ամբիոնին մոտեցել է 18 անգամ, հարցերով հանդես եկել 27: 2017թ. խորհրդարանական ընտրություններում Զաքարյանը ՀՀԿ ցուցակի 22-րդ համարն է, եւ քիչ հավանական է, որ չհայտնվի գալիք ԱԺ-ում:
Հովհաննես Սահակյանը պետական համակարգում կոփված ՀՀԿ-ականներից է, որը 2004-2005թթ. եղել է ՀՀ կառավարությանն առընթեր hարկային պետական ծառայության պետի օգնական, 2005-2009թթ.` ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, այնուհետեւ վերահսկողության վարչության պետ եւ այլն: 2009թ. նա պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Իսկ ահա 2012թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակում 114-րդ համարն էր, ինչը չխանգարեց նրան կրկին պատգամավոր դառնալ: Խորհրդարանում Սահակյանը բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել, որոնց թվում՝ ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: ՀՀԿ պատգամավորը արդեն իսկ խոստովանել է, որ ընտրություններից հետո աշխատանքի է անցնելու գործադիր իշխանությունում: Նա իր խորհրդարանական աշխատանքը համարում է անհրաժեշտ հիմք, որպեսզի շարունակի իր կուսակցությանը ծառայել արդեն կառավարությունում: Այս առումով հետաքրքիր է, որ Սահակյանը Աժ-ում կողմ է քվեարկել 932 անգամ, դեմ` 9, ձեռնպահ` 1, 16 անգամ չքվեարկելով հանդերձ` նա բացակայել է միայն 5 նիստերից, Աժ-ում հարցապնդումներով հանդես եկել 9 անգամ, ամբիոնից խոսել 21 անգամ: Ի դեպ, պարզվեց՝ Սահակյանի գործունեությունը Սերժ Սարգսյանը բարձր է գնահատում, քանզի նրան վերջերս պարգեւատրեց Մխիթար Գոշ մեդալով` «Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին եւ օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար»: Եվ չնայած սրան՝ Ս. Սարգսյանը հարմար գտավ տեսնել Հովհաննես Սահակյանին ցուցակի միայն 45-րդ տեղում:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԻՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՀՀԿ-ԻՆ ԸՆՏՐԵՆ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ Լոռու մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արկադի Համբարձումյանը, Գրիշա Դավթյանը, Լուսինե Մեջլումյանը, Օլեգ Իգնատենկոն:

Այս օրերին մարզի համայնքների ղեկավարները ընտրել են իրենց համար առաջադրված թեկնածուներին եւ բոլոր ուժերն ու հնավարույթունները կիրառում են իրենց ցանկացած թեկնածուի օգտին աշխատելու համար: Թե որ թեկնածուին է պատրաստվում աջակցել Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել հենց իրենից:
-Պարո՛ն Դարբինյան, ընտրական գործընթացներում Դուք ի՞նչ ձեւաչափով եք ներգրավված:
-Ի՞նչ եք կարծում, եթե ես ՀՀԿ-ական եմ, ինչով պետք է զբաղվեմ: Ես իմ բարեկամներին, հարազատներին ու ծանոթներին ասում եմ, որ Հանրապետական կուսակցությանը ընտրեն:
-Եթե գաղտնիք չէ, ապա ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ո՞ր թեկնածուին եք սատարելու: Ո՞ւմ համար եք աշխատելու:
-Կարեն Կարապետյանի: Միայն նրան: Նա իմ ընկերն է:
-Ինչո՞ւ Դուք չառաջադրեցիք Ձեր թեկնածությունը:
-Մտածեցի՝ ավելի լավ է կանգնեմ իմ ընկերոջ կողքին, քան ես առաջադրվեմ: Կուսակցությունն էլ գիտի, որ ես Կարեն Կարապետյանի ընկերն եմ, հետեւաբար, լինելու եմ նրա կողքին:
-Ձայներ հավաքելու համար փող բաժանելո՞ւ եք:
-Էդ ինչ հարցեր ես տալիս… ընտրությունների ժամանակ ո՞վ ա փող բաժանում, նման բան չկա… Ամոթ էլ է, նման հարցեր մի՛ տվեք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ
Դիլիջանում գործող «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի բնակիչների համար մարտի 2-27-ը կազմակերպելու է «Ապրենք առողջ» նվեր-ակցիան: Այդ մասին հայտարարությունը զետեղված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում: Դրա շրջանակներում այդ կազմակերպությանը պատկանող Դիլիջանի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում 100 հազար դրամով կկատարվեն ցանկացած տեսակի վիրահատություններ (այդ թվում՝ լապորասկոպիկ): Ակցիային մասնակցելու համար կատարվում է հերթագրում: Դիլիջանի բժշկական կենտրոնը մասնավորեցվել է 2014 թվականի սկզբին:

 

 

 

ԶԻՆԿՈՄԻ ՈՐԴՈՒՆ ԴԱՏՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 13-ին նշանակված է Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու՝ Դավիթ Հակոբյանի դատավարությունը: ՀՀ քննչական կոմիտեն 2017 թվականի փետրվարի 14-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Դիլիջան քաղաքի բնակիչներ Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը 2016 թվականի փետրվարի 9-ին կենցաղային հարցերի շուրջ Դիլիջանում վիճաբանել են եւ պայմանավորվել հանդիպել փետրվարի 11-ին: Այդ օրը Սերգեյ Միքայելյանն իր անձնական ավտոմեքենայով, որի ղեկին գտնվել է ընկերը, մի քանի անգամ գնացել է Դավիթ Հակոբյանի բնակության վայր՝ Շամախյան թաղամաս: Հերթական այցը տեղի է ունեցել ժամը 22-ի սահմաններում, վերադառնալիս Դավիթ Հակոբյանի կողմից կրակոցներ են արձակվել Սերգեյ Միքայելյանի ավտոմեքենայի ուղղությամբ, որոնք դիպել են ավտոմեքենայի տարբեր մասերին: Միջադեպի հետեւանքով Սերգեյ Միքայելյանն ստացել է տարբեր վնասվածքներ: Ինքնաձիգ եւ մարտական փամփուշտներ են եղել նաեւ Սերգեյ Միքայելյանի ավտոմեքենայում, ով իր ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից հետո ինքնաձիգից կրակոցներ է արձակել օդ՝ վախեցնելու նպատակով եւ դիմել փախուստի: Դավիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Սերգեյ Միքայելյանի կողմից ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ նրան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Դավիթ Հակոբյանն այժմ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, իսկ Սերգեյ Միքայելյանը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս