ԻՆՉՈՒ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԲԱՑԻ ՀՅԴ-ԻՑ, ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գալիք խորհրդարանական ընտրություններին ի սկզբանե իրենց մասնակցության մասին հայտնեցին բոլոր ավանդական քաղաքական կուսակցությունները, սակայն վերջնարդյունքում, բացի ՀՅԴ-ից, նրանք դուրս մնացին ընտրապայքարից: Թե ինչու խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում ՌԱԿ-ը, եւ թե առաջիկայի ինչ ծրագրեր ունի կուսակցությունը, ներկայացնում ենք ՌԱԿ գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ հարցազրույցում:

-Պարո՛ն Նազիրյան, շաբաթներ առաջ հայտարարել էիք, որ մասնակցելու եք ընտրություններին, սակայն Ձեր կուսակցությունն այդպես էլ փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ի՞նչ տեղի ունեցավ:
-Սկզբնական շրջանում, ինչպես գիտեք, որոշում կար դաշինքով մասնակցել ընտրություններին, եւ այդ ուղղությամբ մեծ աշխատանք տարվեց: Սակայն հայտնի պատճառներով այդ համաձայնությունը վերջին պահին չեղյալ հայտարարվեց: ՌԱԿ-ը փորձեց առանձին մասնակցել ընտրություններին, սակայն շատ քիչ ժամանակ էր հատկացված դաշինքով մասնակցելու համար: Մինչեւ վերջնաժամկետը մեզ մնացած ժամանակը բավարար չէր՝ մասնակցության համար բավարար թվով պաշտոնական տվյալներ պատրաստելու եւ դրանք պետական պատկան մարմինների կողմից վավերացնելու համար: Չմոռանանք, որ պետության որոշ շրջանակներ եւս դեմ էին ՌԱԿ-ի մասնակցությանը: Ինչպես ՌԱԿ-ի Հայաստանակենտրոն կենտրոնական վարչության ատենապետ ընկ. Հակոբ Ավետիքյանը հաստատեց՝ «1995թ.-ից սկսած՝ մեր հաջորդական իշխանությունները շատ հետեւողականորեն ուղղակի փոշիացնում են մեր հավաքած ձայները»:
-Ի՞նչ եք կարծում՝ քաղաքական մշակույթի առումով որքանո՞վ է ընդունելի, որ երեք ավանդական կուսակցություններից երկուսը դուրս մնացին խորհրդարանական ընտրապայքարից:
-Ավանդական երեք կուսակցություններից երկուսը դարձյալ դուրս մնացին: 2016թ.փետրվարին, երբ Դաշնակցությունը կոալիցիոն գործընկեր դարձավ Հանրապետական կուսակցության հետ, հավանաբար պայմաններից մեկն էլ այն էր, որ սփյուռքը հանձնվելու էր Դաշնակցությանը՝ Անթլիասի կաթողիկոսարանի գործակցությամբ: Անտեսվել էին Էջմիածնի թեմի կառույցները, ՀԲԸՄ-ը, զույգ պատրիարքարանները, բողոքական եւ կաթողիկե համայնքները, այլ բազմաթիվ մշակութային եւ զանազան մարմիններ, նաեւ ՌԱԿ-ն ու ՍԴՀԿ-ը: Հայրենի պետությունը, եթե ողջ հայության պետությունն է, եւ Հայաստանը՝ բոլոր հայերի հայրենիքը, ճիշտ ուղղության վրա չէ: Բնականաբար այս երեւույթը, այս կացությունը, այս իրողությունը անընդունելի է Սփյուռքի լայն զանգվածների կողմից:
-Վերջերս Սփյուռքի ՌԱԿ-ի ներկայացուցիչները, ասուլիս հրավիրելով, հայտարարեցին, որ Հայաստանի ՌԱԿ-ը իրավունք չունի հանդես գալու Սփյուռքի ՌԱԿ-ի անունով: Արդյո՞ք ՌԱԿ-ը Սփյուռքի ՌԱԿ-ի անունով էր հանդես գալիս:
-Նախ ասեմ, որ այդ ասուլիսը հրավիրողները ապօրինի, ինքնակոչ կենտրոնական վարչության խոսափողերն են, որոնք օրինավոր կերպով իրավունք անգամ չունեին Հայաստանի պետական գործերին միջամտելու: Նրանք իրավունք անգամ չունեին ՌԱԿ անունը գործածելու: Ո՛չ, Հայաստանակենտրոն ՌԱԿ-ը Սփյուռքի ՌԱԿ-ի անունով հանդես չի եկել: Բայց Հայաստանակենտրոն ՌԱԿ-ը իրավունք ուներ եւ հիմա էլ ունի աշխարհասփյուռ ռամկավարների անունով եւս խոսելու, քանի որ սփյուռքի ռամկավարների նվազագույնը 75 տոկոսը ընդունում է Հայաստանակենտրոն ՌԱԿ-ի կենտրոնական վարչության իրավական հեղինակությունը: Բոլոր շրջաններում մենք մեծամասնություն ենք: ՌԱԿ-ի 9 թերթերից 7-ը ենթակա է ՌԱԿ գերագույն խորհրդին (Ազգ, Պայքար, Ապագա, Արեւ, Նոր աշխարհ, Mirror Spectator շաբաթաթերթերը եւ «Հայ ձայն» էլեկտրոնային կայքը): Մեկ անգամ եւս հիշեցնեմ, որ սփյուռքում ինքն իրեն «Կենտրոնական վարչություն» հռչակած խմբակը անօրինական է: ՌԱԿ-ի ծրագիր-կանոնագրի ընտրական գրեթե բոլոր կանոնները նրանք խախտել են եւ իրենց կենտրոնական վարչություն անվանելու իրավունք չունեն: Եվ ճիշտ սրա համար է, որ մեր գրեթե բոլոր բանիմաց կուսակցական ընկերները նրանց չեն ընդունում որպես այդպիսին:
-Կա՞ եզր կամ դաշտ, որտեղ Դուք կարողանաք համագործակցել հակառակ կողմի հետ:
-2016-ի հոկտեմբերին Երեւանում ՌԱԿ-ի գումարած արտահերթ պատգամավորական ժողովին ՌԱԿ-ը վերամկրտվեց որպես Հայաստանակենտրոն կուսակցություն: Այնտեղ ընտրվեց նաեւ Հայաստանակենտրոն ՌԱԿ-ի կենտրոնական վարչությունը: Այս արտահերթ պատգամավորական ժողովի ընթացքում որոշվեց նաեւ կազմել «ՌԱԿ գերագույն խորհուրդ»-ը, որը ամրագրված է նոր ծրագիր-կանոնագրում: Ես, որպես «ՌԱԿ գերագույն խորհրդի» նախագահ, առաջարկեցի Սերխիո Նահապետյանին իմ պաշտոնը՝ պայմանով, որ հաշտություն եւ միություն լինի, սակայն իրենց, այսպես կոչված, կենտրոնական վարչությունից մի շարք անդամներ շատ զորավոր կերպով առանց որեւէ լուրջ պատճառի դեմ կանգնեցին: Մենք պատրաստ ենք տրամաբանական զիջումներով հաշտություն եւ միություն առաջացնել: Գործակցությունից ավելի մենք հաշտության եւ միության կողմնակից ենք:
-Նրանք հայտարարում են նաեւ, որ Հայաստանում կուսակցությունը արդարադատության նախարարությունում արձանագրվել է «Կենտրոնական վարչություն» անվամբ: Եղե՞լ է այդպիսի բան, եւ ինչո՞ւ չի կարելի օգտագործել «Կենտրոնական վարչություն» արտահայտությունը:
-Այո՛, ՌԱԿ-ի ղեկավարությունը Հայաստանում արդարադատության նախարարությունում արձանագրվել է որպես ՌԱԿ-ի Հայաստանակենտրոն կենտրոնական վարչություն: Մենք իրավունք ունենք կենտրոնական վարչություն կոչվելու, քանի որ այս վարչության անդամները օրինավոր կերպով են ընտրվել պատգամավորական ժողովի կողմից: Հայաստանի տարբեր շրջաններից եւ ՌԱԿ ակումբներից 138 պատգամավորներ, իսկ Սփյուռքի զանազան գաղութներից հյուրավար (Բեյրութ, Բուենոս Այրես, Լոս Անջելես, Բոստոն, Դեթրոյթ, Մոնրեալ, Նյու Յորք, Նյու Ջերսի, Լոնդոն, Մարսել, Աթենք, Ալեքսանդրիա, Կահիրե, Սիդնեյ, Իրաք, Աբու-Դաբի եւ այլն) 36 ներկայացուցիչներ մասնակցում էին այդ ժողովին: (2016-ի ապրիլին սփյուռքից ՌԱԿ-ի 68 ներկայացուցիչների եւ Հայաստանի ՌԱԿ-ի ղեկավարության հետ գումարած ժողովին նույնպես համաձայնություն կայացավ ՌԱԿ-ը Հայաստանակենտրոն կուսակցության վերածելու վերաբերյալ):
-Այս վերջին լարվածությունից հետո ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանում Ձեր գործունեությունը: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում Ձեր կուսակցության անվան վրա «նետված ցեխը» մաքրելու եւ Հայաստանի քաղաքական դաշտում նոր ճանապարհ հարթելու համար:
-Մենք խոսքից ավելի գործին ենք հավատում: Շուտով ականատեսը կլինեք կուսակցության վերաաշխուժացմանը քաղաքային եւ այլ մարզերում: Արդեն իսկ հստակ աշխատանքներ են տարվում Երեւանում եւ մարզերում՝ աշխուժացնելու մշակութային, բարեգործական, կրթական, երիտասարդական, մարզական եւ կուսակցական զանազան բնագավառների գործունեությունները: Որքան էլ «ցեխ նետեն» մեզ վրա, մենք չենք աղտոտվում: Գալու է օրը, իսկ այդ օրը շատ հեռու չէ, երբ հայրենիքի եւ Սփյուռքի հայությունը, բարձր գնահատելով ՌԱԿ-ի ազգային քաղաքական սկզբունքներն ու գործունեությունը, իրենց ամբողջական զորակցությունը կհայտնի նրան: Մեր նշանաբանն է «Ժողովրդից, ժողովրդով, ժողովրդի համար»: Մի փոքր կսպասե՞ք:
-Դուք Հայաստանում կուսակցությունների մասին օրենքին համապատասխա՞ն եք գործում:
-Այո՛, մենք Հայաստանում կուսակցությունների մասին օրենքին համապատասխան ենք գործում: ՌԱԿ-ը օրինական եւ օրինապահ կուսակցություն է, եւ դրա համար էլ երբեմն տուժել ենք, բայց ոչինչ:
-Չե՞ք կարծում, որ Հայաստանում գործելով՝ ցանկացած կուսակցություն իրավունք ունի մասնակցելու երկրի քաղաքական կյանքին:
-Անշուշտ: Հայաստանում օրինավոր կերպով գործող ցանկացած կուսակցություն իրավունք ունի եւ պարտավոր է մասնակցելու երկրի քաղաքական դաշտի գործունեությանը:
-Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները հայաստանյան քաղաքական դաշտի մյուս կուսակցությունների հետ:
-Բոլոր այն կուսակցությունները, որոնք հավատում են ռամկավարական եւ ազատական սկզբունքներին, պատրաստ ենք գործակցելու նրանց հետ՝ հայրենիքի եւ հայ ժողովրդի գերագույն շահերից ելնելով: Մեր կուսակցության ռահվիրաների, նախկին առաջնորդների եւ այժմյան ղեկավարության առաջնահերթ նպատակն է անսակարկ ծառայել հայրենիքին եւ հայ ժողովրդին: Առանց Հայաստանի հայ ժողովուրդ չկա: Առանց հայ ժողովրդի Հայաստան չկա:
-Ծանոթանալով ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ դաշինքների ծրագրերին՝ ինչպե՞ս եք գնահատում դրանք:
-Ընտրությունների նախօրեին ամեն կուսակցություն, ամեն թեկնածու շատ վարդագույն ծրագրեր եւ մեծ խոստումներ է ներկայացնում ժողովրդին: Մեր գնահատականը տալու ենք, երբ այդ կուսակցություններից կամ թեկնածուներից «ընտրված» անձինք սկսեն գործել: Ուզում ենք նախ գործը տեսնել, ապա արժեւորել:
-Ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Ինչպիսի՞ Հայաստան ենք ունենալու առաջիկայում՝ ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի:
-Ըստ քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերի՝ «սքանչելի Հայաստան» ենք ունենալու առաջիկայում… Դուք հավատո՞ւմ եք տրված խոստումներին: Եթե կաշառակերությունն ու ֆեոդալական դրությունը չվերացվի, սրանից լավը չենք կարող ունենալ: Հակառակը, ամեն օր փոքր-ինչ ավելի ետ ենք գնալու: Ամեն օր մի քանի հարյուր հայ եւս լքելու է Հայաստանը, ամեն օր մահացողների թիվը անցնելու է ծնվողների թվից: Ամեն օր աղքատների թիվն ավելանալու է: Թշնամին մի փոքր ավելի հանդուգն է լինելու: Ցանկանում էի ծիածանագույն Հայաստան տեսնել:
-Ի՞նչ կարծիք ունեք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Սփյուռքին ուղղված կոչի մասին:
-Իմ անձնական ցանկությունն է, որ վարչապետը կատարի եւ իրականացնի իր խոստումը՝ միասին ստեղծենք այնպիսի հայրենիք, որ աշխարհում հպարտությամբ մեզ հայ կոչենք:
Այս բոլորով հանդերձ՝ Ռամկավար ազատական կուսակցությունը՝ իր Հայաստանակենտրոն կենտրոնական վարչությամբ, իր գերագույն խորհրդով, իր համայն անդամակցությամբ հայրենիքում թե սփյուռքում պատրաստ է իր ամեն կարողականություններն ու կարողությունները՝ լինեն նյութական, բարոյական, մտավորական թե հոգեւոր, ի սպաս դնել Հայաստանի եւ Արցախի ապահովությանն ու բարգավաճմանը: Մենք անմնացորդ նվիրված ենք մեր հայրենիքին ու ժողովրդին:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

 

 

 
ԸՆՏԱՆԵԿԱՆ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ
Տավուշի մարզի թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովը գործում է Իջեւան քաղաքում, նախագահը Իջեւանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյանն է: Վերջինիս ամուսինը՝ Վահե Վարդապետյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության Տավուշի մարզային խորհրդի նախագահն է: Տավուշի նախկին փոխմարզպետ Վահե Վարդապետյանը «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակի 17-րդ տեղում է, նաեւ ընդգրկված է այդ կուսակցության Տավուշի տարածքային ցուցակում: Նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 2012 թվականին, Աիդա Սարգսյանը ղեկավարում էր թիվ 41 ԸԸՀ-ն, իսկ Վ. Վարդապետյանը մեծամասնական ընտրակարգով թիվ 41 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու էր, սակայն չընտրվեց: Նկատենք, որ այդ ժամանակ Աիդա Սարգսյանի կողմից՝ որպես ԸԸՀ նախագահ, որեւէ անօրինականություն, ամուսնու նկատամբ կողմնապահություն չի արձանագրվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս