Լուսանկարն արվել է մայրաքաղաք Երեւանում
Թեեւ ապրիլի 2-ի ընտրությունների քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է մարտի 5-ից, այնուամենայնիվ, ՀՀԿ-ականների քարոզչական պաստառները հայտնվել են մայրաքաղաքում: Երեւանի փողոցներն արդեն ողողված են Կարեն Կարապետյանի լուսանկարներով, որտեղ նա գովազդում է ՀՀԿ-ին, ՀՀԿ-ի կարգախոսը:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձն ինչպե՞ս կարող է մասնակցել կուտակային բաղադրիչին, այն դեպքում, եթե նա չունի բազային եկամուտ: Եվ կցանկանայի իմանալ՝ ովքե՞ր չեն կարող հրաժարվել կուտակային բաղադրիչին մասնակցությունից:
Լաուրա Մելքոնյան (60 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ եթե անձը չունի բազային եկամուտ, ապա նա չի կատարում նպատակային սոցիալական վճար: Այնուամենայնիվ, այդ անձինք չեն զրկվի պետական կենսաթոշակային համակարգից կենսաթոշակ ստանալու իրավունքից եւ 65 տարին լրանալուց հետո ձեռք կբերեն սոցիալական կենսաթոշակի (նպաստի) իրավունք: Իսկ եթե անձն ունենա 10 եւ ավելի տարվա աշխատանքային ստաժ, ապա նա կստանա աշխատանքային կենսաթոշակ:
Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝
1. 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված պետական համակարգի բոլոր վարձու աշխատողները: Ընդ որում, եթե նշված անձինք ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, ապա իրավունք ունեն իրենց սոցիալական փաթեթի գումարը (բացառությամբ առողջապահության փաթեթի համար նախատեսված 52.000 դրամից)՝ որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:
2. 2014թ. հուլիսի 1-ից հետո աշխատաշուկա մուտք գործած, 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված բոլոր անձինք, ովքեր 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չեն աշխատել:
Եթե անձը ծնվել է 1996 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո եւ 2014թ. հուլիսի 1-ից հետո մուտք է գործում աշխատաշուկա (2014թ. հուլիսի 1-ի դրությամբ չի աշխատել), ապա նրա կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը մինչեւ 2017թ. հուլիսի 1-ը նվազեցվելու է մասնակցի եկամտային հարկի գումարից:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հիշեցնենք, որ կուտակային բաղադրիչի շրջանակներում ձեւավորվող կենսաթոշակի չափը կախված է կուտակած միջոցների չափից, ինչն էլ իր հերթին, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է անձի կողմից կուտակելու ժամանակահատվածով: Իրականացված հաշվարկները ցույց են տվել, որ նվազագույնը 20-25 տարվա ընթացքում կուտակելու դեպքում է հնարավոր ապահովել վերը նշված ցուցանիշը:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչո՞ւմ է արդյոք ՀՀ երկքաղաքացու մյուս քաղաքացիությունը:
Ռոբերտ Կիրակոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ՀՀ երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ 1995 թվականի հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի՝ ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն: