Կոնգրես-ՀԺԿ դաշինքն ինչ ներկայացնում է` չկա ծրագիր. Արծվիկ Մինասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՀՀ բնապահպանության նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ զրուցել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացրած խաղաղության ծրագրին դաշնակցականների դեմ լինելու, ՀՀԿ-ի թեկնածուների կողմից դաշնակցության համակիրներին ճնշումների եթարկելու հետեւանքների եւ ՀՅԴ-ի՝ ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու ցանկությունների մասին:

-Պարո՛ն Մինասյան, երբ հայտարարվեց, որ Բազմասեր Առաքելյանը ծեծի է ենթարկել Դաշնակցության համակրին, դա որակվեց քաղաքական միջադեպ, սակայն որոշ ժամանակ անց Դաշնակցությունը երկմտեց՝ քաղաքակա՞ն էր, թե՞ ոչ: Հիմա այդ դեպքը քաղաքական դրդապատճառնե՞ր ուներ, թե՞ ոչ:

-Ես այդ դեպքի մասին, ճիշտն ասած, մանրամասներ չգիտեմ, որովհետեւ նախ ես, որպես նախարար, ժամանակահատվածը չեմ կարողանում տրամադրել, դրանով պետք է զբաղվեն իրավասու մարմինները, բայց ես կարծում եմ, որ նախընտրական ցանկացած լարվածություն չպետք է վերածվի կյանքի եւ մահվան կռվի, ի վերջո, ապրիլի երկուսից հետո ապրիլի երեք է գալիս:

-Իսկ նման միջադեպերը չե՞ն ազդի կոալիցիոն գործընկերների հարաբերությունների վրա:

-Ես միանշանակ բացասական եմ գնահատում, չի կարելի այդպիսի բան անել: Գուցե լարվածությունը էականորեն մեղմացել է համեմատած այն ժամանակներում անցկացվող ընտրությունների հետ, հիշեք նախագահական ընտրությունների ժամանակ ինչեր էր կատարվում, մեծամասնական ընտրակարգի ժամանակ ինչեր էր կատարվում, հիմա էականորեն թուլացել է, սա պետք է արձանագրենք: Եւ ես վստահ եմ, որ աստիճանաբար նաեւ այս լարվածությունն էլ կվերանա, որովհետեւ եթե մենք հասնենք նրան, որ ոչ թե անձերի միջեւ պայքարը գնա, այլ գաղափարների եւ ծրագրերի, վստահ եմ, որ միջանձնային հարաբերությունները կտեղափոխվեն բացառապես քաղաքական դիսկուրսի դաշտ:

-Հիմա եթե նման միջադեպերը շարունակական լինեն, չե՞ն վնասի ձեր հարաբերություններին:

-Ես կարծում եմ, որ ցանկացած հարաբերություններում, երբ որ դա վերածվում է խմբային, իսկ հետո հասարակության ավելի լայն շերտերի ներգրավածության բախման, բնականաբար դա չի կարող հետեւանք չունենալ, ուստիեւ բոլորն էլ գիտակից մարդիկ են, հասկանում են, որ ընտրությունը կյանքի ու մահվան կռիվ չէ:

-Պարո՛ն Մինասյան, Դուք եւս երկուշաբթի օրվանից արձակուրդի մեջ եք լինելու, որպեսզի քարոզչությամբ զբաղվեք: Եթե մեր կուսակցական նախարարները գնան արձակուրդ, պետական ապարատն արդյո՞ք չի պարալիզացվի:

-Ո՛չ, երկու պատճառով, նախ՝ պետական համակարգը միայն նախարարներով չէ, կա հսկա համակարգ, նախարարին փոխարինող փոխնախարարներ, բացի այդ՝ շատ կարեւոր է, որպեսզի նախարարը կարողանա նաեւ քաղաքացիներին ներկայացնի այն ծրագրերը, թե ինչ է պատրաստվում անել: Դա պահանջում է ժամանակ, եւ որ ամենակարեւորն է՝ հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն լսել ընտրողների տեսակետը, դա օգտակար է պետական կառավարման համար նույնպես:

-Հաշվի առնելով ՀՀԿ-ի հետ գործընկերության փորձը՝ ընտրություններից հետո կցանկանա՞ք կրկին համագործակցել նրանց հետ:

-Կախված է ամեն ինչ ընտրությունների արդյունքներից, մենք ուզում ենք իսկապես պատկառելի ներկայություն ունենալ խորհրդարանում, որպեսզի մեր ծրագրերը, որ սկսել ենք, կարողանանք առաջ տանել, եւ այդ առաջ տանելը նաեւ նշանակում է համագործացություն այն ուժերի հետ, բնականաբար՝ առաջին հերթին քաղաքական գործընկերոջ, որի հետ սկսել ենք այս գործընթացը: Ծրագիրը, որ առաջնորդողն է մեզ լինելու, վստահ եմ, որ նաեւ հետընտրական ընթացքում էլ հնարավորություն կտա մեզ ավելի խորքային այս թեմաների մասին խոսել:

-Դաշնակցությունը հանդես է գալիս «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի խաղաղության ծրագրի քննադատությամբ…

-Ես կարծում եմ, որ նախ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր տեսլականը ամբողջության մեջ, որպեսզի կարողանա բանավեճ առաջանալ: Այն, ինչ այդ դաշինքը ներկայացնում է, հայտարարություն է, որի ներսում չկա ծրագիր: Եթե իրենք պետք է առաջնորդվեն այն ծրագրով, որ ժամանակին պաշտպանում էր առաջին նախագահը, ապա ակնհայտ է, որ բանավեճն այնքան շատ է, որովհետեւ ինչի՞ դիմաց կամ ո՞վ չի ձգտում խաղաղության, մենք էլ ենք ձգտում, բայց մենք վստահ ենք, պատմության դասն էլ է դա ասում, եւ մեր մեծերն էլ են դա արձանագրում, որ եթե ուզում ես խաղաղություն, պատրաստ եղիր պատերազմի: Եթե ուզում ես, որ քո սերունդներն ապրեն այս հողի վրա, արարեն, ստեղծեն, եղիր ուժեղ, ամուր եւ հզոր: Եթե այս բանաձեւն է դրվում հիմքում, ապա խաղաղության մենք կարող ենք հասնել, եթե հանձնման սկզբունքով ենք մենք ուզում խաղաղության հասնել, ապա աշխարհում չկա որեւէ նման նախադեպ, երբ որ ռազմի դաշտում ռազմական հաջողություններ արձանագրած կողմը, տվյալ դեպքում՝ Արցախը, հայ ժողովուրդը, հանկարծ հանձնելով՝ հասնի որեւէ խաղաղության, չկա այդպիսի բան: Եթե Ադրբեջանը պատրաստ չէ որեւէ կառուցողական երկխոսության, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել:

Եթե իրենք ամեն օր ռազմաճակատում դիվերսիաներ են նախաձեռնում, իրականացնում, եթե իրենք ռազմական գործողություններից դուրս տարածքներում ամեն գնով փորձում են հայ մարդու վերացնել, ինչ խաղաղության մասին է խոսքը: Այսինքն՝ դա նշանակում է, որ գործ ունես մի բորենու հետ, որի հետ ուզում ես ընդամենը հաշտ ապրել, բայց եթե բորենին տրամադրված է քեզ հոշոտելու, ինչպես պետք է քո խաղաղության կամ գեղեցիկ ժպիտով փորձես նրա սիրտը գրավել: Դա ես կարծում եմ՝ բնական միջավայրից դուրս երեւույթ է, իսկ եթե բնականին լինի մոտ, դու պետք է լինես այնքան ուժեղ եւ այնքան խելացի, որպեսզի կարողանաս բորենու հետ նույն տարածքում ապրելու շրջանակներում մշտապես լինել պաշտպանված եւ վտանգի չենթարկես քեզ եւ քո զավակներին:

Վահագն Հակոբյան




Լրահոս