Կեղծ կտրոնների վաճառքի հետքերով. 7 միլիոնի հափշտակություն է կատարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի հունիսի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից քաղաքացիների տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոններ վաճառելու գործով նախաքննությունն ավարտվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ մեղադրյալի աթոռին են հայտնվել 6 անձ, որոնից միայն մեկն է գտնվում կալանքի տակ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 20-ին ԱԱԾ Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում կատարել էր թվով 19 խուզարկություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել էին տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության 1000-ից ավել կեղծ կտրոններ: Ավելին՝ ԱԱԾ-ն հայտնաբերել էր նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել էին տեխզննման կեղծ կտրոնները:

Հարուցված քրեական գործով 9 անձի առաջադրվել էին մեղադրանքներ, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը: «Ժողովուրդ»-ին աղմկահարույց այս գործից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ովքեր են հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, եւ, առհասարակ, որ համայնքներում են հիմնականում իրացվել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կեղծ կտրոնները:

Եվ այսպես՝ քաղաքացի Արտյոմ Գալստյանը, որը զբաղվել է տպագրական գործունեությամբ, Գորիս քաղաքի բնակիչ, 35-ամյա Հրաչ Մանգասարյանի պատվերով, թերեւս կլորիկ գումարի դիմաց, պատրաստել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոնների 1200 կեղծ ձեւաթղթեր: Վերցնելով դրանք՝ Հրաչ Մանգասարյանը սկսել է ՀՀ տարբեր մարզերում ապահովագրական գործունեությամբ զբաղվողներին առաջարկել բավականին շահավետ պայմաններով գնել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կտրոններ, որոնք ըստ էության իրական կտրոններից ոչնչով չեն տարբերվել:

Իսկ ովքեր են եղել ապահովագրական ընկերության աշխատակիցները, որոնք համաձայնել են քաղաքացիներին վաճառել կեղծ կտրոնները: Պարզեցինք, որ Մանգասարյանին օգնողները եւ կեղծ կտրոնները վաճառող անձինք եղել են Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Գագիկ Մարգարյանը, նույն քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Տարոն Բեգլարյանը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Համբարձում Գրիգորյանը:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Սիլ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Գագիկ Մարգարյանը վաճառել է 3 միլիոն 106 հազար 250 հազար դրամի կեղծ կտրոն, նույն քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Տարոն Բեգլարյանը վաճառել է 2 միլիոն 840 հազար դրամի կեղծ կտրոն, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Համբարձում Գրիգորյանը՝ 2 միլիոն 662 հազար դրամի, Սյունիքի մարզի բնակիչ Գեորգի Դանիելյանը իրացրել է 266 հազար դրամի կեղծ կտրոն, իսկ ահա Լոռու մարզի բնակիչ Իշխան Ամիրջանյան՝ 177 հազար 500 դրամի կեղծ կտրոն: Ընդհանուր վաճառված կեղծ կտրոններից քաղաքացիներից հափշտակված գումարի չափը կազմել է 7 միլիոն 188 հազար 750 դրամ:

Նկատենք, որ այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Հրաչ Մանգասարյանը կեղծ կտրոնները վաճառելու համար պայմանավորվածություն է ձեռք բերել նաեւ Լոռու մարզի բնակիչ Իշխան Ամիրջանյանի եւ Սյունիքի մարզի բնակիչ Գեորգի Դանիելյանի հետ, որոնք էլ իրենց հերթին են կարողացել վաճառել կեղծ կտրոնները:

Նկատենք, որ վերոնշյալ անձանցից այսօր կալանքի տակ է գտնվում միայն Գորիս քաղաքի բնակիչ Հրաչ Մանգասարյանը, իսկ մյուս անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը` քաղաքից չհեռանալու մասին:

Նշենք, որ վարորդները սովորաբար տեխզննման կտրոնները ձեռք են բերում բանկերից, եւ այս իրավիճակում ակնհայտ է, որ վերոնշյալ անձինք ոչ միայն անօրինական ճանապարհով գումար են աշխատել՝ տարբեր քաղաքացիներին վաճառելով կեղծ տեխզննման կտրոններ, այլ նաեւ վնաս են հասցրել պետությանը, քանի որ պետության կողմից վաճառքի հանված օրինական կտրոնները չեն իրացվել:

Քնար Մանուկյան




Լրահոս