Ես էլ եմ իմ կերպարի նման ակտիվ ու արկածախնդիր. Լիա Զախարյանը` Outdance պարային սիթքոմում նկարահանվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 6-ին «Շանթ Պրեմիում»-ի եթերում հեռուստադիտողների դատին հանձնվեց նոր, գունեղ «Outdance» պարային սիթքոմը: Մի շարք սերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Լիա Զախարյանը մարմնավորում է պարող ուսանողներից մեկին: Լիան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով սիթքոմի առանձնահատկությունների մասին, նշեց, որ հայկական հեռուստաշուկայում նման ժանրի հումորային սերիալ չկա. ««Outdance»-ում ներկայանում են տարբեր ոճերի պրոֆեսիոնալ պարողներ եւ արդեն իսկ ճանաչում ունեցող դերասաններ»:

Նա շեշտեց, որ թեեւ ինքը պրոֆեսիոնալ պարուհի չէ, ինտենսիվորեն աշխատում է, մարզվում, որպեսզի գրագետ աշխատանքով ներկայանա հեռուստադիտողին. «Ինձ համար դժվար չէ դա անելը, քանի որ պարային արվեստը մոտ է դերասանականին: Դերասանուհին, ըստ իս, պետք է ճկուն լինի եւ պատրաստ մարմնավորել ցանկացած կերպար, մի օր պարուհու, մյուս օրը սպորտսմենուհու եւ այդպես շարունակ: Մի խոսքով` դերասանուհին` իր ֆիզիկական պատրաստվածությամբ եւ հոգեկան վիճակով, պետք է պատրաստ լինի ցանկացած փոփոխության: Իմ բախտը բերել է գործընկերների հարցում. նրանք շատ են օգնում ինձ մասնագիտական առումով»:

Հարցին, թե արդյոք մարմնավորած կերպարը կապ ունի իր էության հետ, Լիան պատասխանեց. «Նմանություն ունի այնքանով, որ ես էլ եմ շատ ակտիվ, արկածախնդիր, նպատակասլաց ու, կարեւորը, ես էլ եմ ուսանողուհի եւ շատ եմ սիրում պարել»:
Մենք հետաքրքրվեցինք` կան արդյոք այլ նախագծեր, որոնց շրջանակներում Լիան ընդգրկված է. «Ներկա պահին ամբողջությամբ նվիրվել եմ սիթքոմին, որպեսզի արդարացնեմ մարդկանց սպասելիքները»,-ասաց նա:

Հավելենք, որ «Outdance»-ի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, սցենարի հեղինակն է Անդրանիկ Իսահակյանը, պրոդյուսերը` Հունան Սողոյանը: Բացի Լիայից` նախագծում ընդգրկված են նաեւ «Մեծ Հայք» խմբի Նարեկը, Սոնա Մուրադյանը, Սոնա Մաթեւոսյանը, Անդրանիկ Անտոնյանը, ինչպես նաեւ` պրոֆեսիոնալ պարողներ Դավիթ Գրիգորյանը, Մերի Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը եւ Սեդա Սարգսյանը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս