
Երեկ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան բերման ենթարկվածներ: Այդ մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՕՐՕ դաշինքը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։
Այս դեպքի առնչությամբ Ահարոնյանը մասնավորապես նշել է. «Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ: Կան ոստիկանության բաժին բերման ենթարկվածներ: Գործին կտրվի համապատասխան ընթացք: Լրատվամիջոցներին, ինչպես և քաղաքական ուժերին մեկ անգամ ևս կոչ ենք անում չճշտված ու կանխակալ տեղեկություններ տարածելով՝ թյուրիմացության մեջ չգցել հասարակությանը: Գործի ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի»: