ԱՆՈՐԱԿ ՎԱՌԵԼԻՔԻ ԽՆԴԻՐԸ ՆՈՐ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունները, թե այդ օրերին ռազմական տեխնիկան շատ դեպքերում չի աշխատել անորակ վառելիքի պատճառով, նոր բացահայտումների առիթ է դարձել: Պարզվում է՝ տարիներ շարունակ Հայաստան եւ ԼՂՀ անորակ վառելիք է ներկրվել, ինչն էլ հանգեցրել է ոչ միայն ռազմական տեխնիկայի, այլեւ գյուղտեխնիկայի, տրանսպորտային միջոցների խափանումների: Այս խնդիրը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բարձրաձայնել է նաեւ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը. «Իրականում անորակ դիզվառելիքի խնդիրը նոր չէ Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում: Իմ տեղեկություններով՝ տարիներ շարունակ շուկայում առկա է անորակ դիզվառելիք, որն օգտագործվում է թե՛ գյուղտեխնիկայի, թե՛ տրանսպորտային միջոցների եւ թե՛ համապատասխան այլ մեքենաների կողմից: Ինչ վերաբերում է ապրիլյան դեպքերին, ապա կարող եմ փաստել, որ այդ ժամանակ եւ հաջորդող ամիսներին պաշտպանության բանակի համար աշխատող շինարարական մասնավոր ընկերությունները բազմաթիվ խնդիրներ են ունեցել վառելիքի հետ, քանի որ այն արագ կարգով ձեռք է բերել կառավարությունը մասնավոր մատակարարներից: Նույնիսկ մեր կողմից բանակին տրամադրվող տրանսպորտային միջոցների սպասարկման հետ են որոշ խնդիրներ ծագել, որոնք, ըստ մասնագետների, մասամբ պայմանավորված էին անորակ դիզվառելիքով: Այդ խնդիրների պատճառով ոչ միայն տեխնիկական միջոցներն են փչացել, այլ նաեւ ձգձգումներ են եղել ինժեներական աշխատանքներում: Պետք է հասկանալ, որ եթե շուկայում առկա է անորակ ապրանք, հատկապես արտակարգ իրավիճակներում եւ հապշտապ գնումների պարագայում նմանատիպ խնդիրները բացառված չեն»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Արցախի վարչապետ Ա. Հարությունյանը:

 

 

 

Իշխող ՀՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավը սկսեց «Դինամո» մարզադաշտում ՀՀԿ-ականների հետ հանդիպմամբ, որն, ի դեպ, լրագրողների համար փակ է եղել: Այդ հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը, հնչել է երգ-երաժշտություն, ծափ ու ծիծաղ: Այս անգամ չեն եղել փուչիկներ՝ երեւի ԱԺ նախորդ ընտրությունների փուչիկների հրդեհի տխուր օրինակը հաշվի առնելով: «Ժողովուրդ»-ին ՀՀԿ քարոզարշավի ծրագրից մանրամասներ հայտնի դարձան. ըստ այդմ, Սերժ Սարգսյանը չի մասնակցի նախընտրական հանդիպումներին. նա կհայտնվի մեկ էլ վերջին օրը, եւ Համալիրում կայանալիք քարոզարշավի վերջին օրը «կփակի»: Փոխարենը ակտիվ կլինի վարչապետը, թեեւ նա ընդգրկված չէ ՀՀԿ ցուցակում: Համամասնական ցուցակի առաջին եռյակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանն ու Արփինե Հովհաննիսյանը արձակուրդ չեն մեկնի, այլ կշարունակեն պաշտոնավարումը. այդպես է կարգադրել վարչապետը: Քարոզչական հանդիպումներն էլ, ըստ այդմ, կանցկացվեն աշխատանքային օրվա ավարտից հետո եւ շաբաթ-կիրակի օրերին:

 

 

 

«Սասնա ծռեր» խմբավորման գործով կալանավորված Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը, որ երեկ ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, շտապօգնության մեքենայով անմիջապես տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն. նրա առողջական վիճակն այնքան ծանր է, որ ՔԿՀ-ից չէր կարողացել ինքնուրույն դուրս գալ: Հատկանշական է, որ Սարգսյանը կալանավորվել էր «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելու օրը՝ հուլիսի 31-ին, բայց դեկտեմբերին առողջական վիճակի վատթարացման հետեւանքով փոխվել էր նրա խափանման միջոցը, եւ ազատ արձակվել: Սակայն կարճ ժամանակ անց՝ արդեն փետրվարի 9-ին, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ /դատավոր՝ Արթուր Մկրտչյան/ նրան նորից կալանավորեցին՝ իբրեւ թե առողջական խնդիրների պատճառով հարցաքննության չներկայանալու համար: Իրականում, իհարկե, Արթուր Սարգսյանի կալանավորումը քաղաքական որոշում էր, որի արդյունքում հիմա նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Ու հիմա որպես հաջորդ քայլ պետք է պատժվեն քննիչն ու դատավորը:

 

 

 
ԱՄՆ պետդեպարտամենտը Մարդու իրավունքների մասին ամենամյա զեկույցում անդրադարձել է նաեւ Հայաստանում տիրող իրավիճակին: Հատկանշական է այն փաստը, որ պետդեպարտամենտը 2016թ. մասին զեկույցում հիշեցրել է Հայաստանում նախկինում կեղծված ընտրությունները՝ բավական ուշագրավ համատեքստում: «Քաղաքական դաշտում գերակայող դիրք ունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա առաջնորդած ՀՀԿ-ն: 2013 թվականի նախագահական եւ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունները, 2015-ի սահմանադրական հանրաքվեն վարչարարության առումով լավ կազմակերպված էին, բայց գրանցված լուրջ խախտումները կասկածի տակ են առնում ընտրական գործընթացի ամբողջականությունը…Իշխանության կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկել 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած բախումներում տեղի ունեցած 10-ը սպանությունների համար»,- նշված է ԱՄՆ պետդեպի զեկույցում: Այլ կերպ ասած, ԱՄՆ պետդեպարտամենտը վերհանել է Սերժ Սարգսյանի լեգիտիմության հարցը՝ անուղղակի կերպով հիշեցնելով նրան, որ ընտրվել է կեղծիքների միջոցով: Եւ հատկանշական է, որ սա արվել է ՀՀ-ում ԱԺ ընտրությունների նախաշեմին:

 

 

 

ՔՍԱԿՆԵՐԻ ԿՌԻՎ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ անդրադարձել է առաջիկա ընտրություններին: Նա մասնավորապես ասել է. «Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով է՛լ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսեւորումները:
Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները:
Այդպիսով՝ այս ընտրություններում գաղափարական պայքարը որեւէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաեւ հրապարակված տարածքային ցուցակները:
Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ, ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերեւս կմասնակցեն ձայների աճուրդին»:
Անկեղծ ասած՝ դժվար է չհամաձայնել Քոչարյանի այս պնդումներին: Այն, որ ռեյտինգային ընտրակարգն իրապես մեծամասնականի առավել վայրի տարբերակն է, այլեւս ակնհայտ է դառնում բոլորի, անգամ այդ համակարգը գովերգող հանրապետականների համար: Եվ այս առումով Քոչարյանը իրավացի է, ընթանալու է քսակների կռիվ՝ զոռբայության պայմաններում: Ընդ որում, նկատենք, որ սա այն եզակի դեպքերից է, երբ տեղին չէ ասել՝ իսկ Քոչարյանի օրոք, ի՞նչ է, չկա՞ր քսակների կռիվ կամ զոռբայություն: Կար, ինչ խոսք, եւ, իհարկե, ընտրողները նրա պաշտոնավարման տարիներին էլ «մասնակցում էին ձայների աճուրդին», այսինքն՝ վերցնում ընտրակաշառքը: Տարբերությունն այն է, որ այս ընտրակարգով դա առավել ցցուն դրսեւորումներ է ունենալու, որոնք, սակայն, դժվար է լինելու արձանագրել: Մի կողմից, փաստորեն, բարելավվել են ընտրական վերահսկողության մեխանիզմները, ինչը հնարավորություն է տալու կազմակերպել «ազատ, արդար եւ թափանցիկ» ընտրություններ՝ հեռարձակվող ուղիղ եթերում, մյուս կողմից, սակայն, ընտրակեղծարարությունը եռալու է ընտրատեղամասերից դուրս՝ առավել վայրի դրսեւորումներով: Արդյունքում՝ ունենալու ենք Սերժ Սարգսյանի համար ցանկալի տարբերակ՝ ի տես աշխարհի՝ անխոցելի ընտրություններ, որոնք բովանդակային իմաստով լինելու են շատ ավելի վատը, քան նախորդ բոլոր ընտրությունները: Դա արդեն ակնհայտ է դառնում նաեւ այն հանգամանքից, որ իսպառ բացակայում է գաղափարների մրցակցությունը, իսկ իշխող ՀՀԿ-ն էլ հայտարարում է, որ անհրաժեշտություն չի տեսնում մասնակցելու հրապարակային բանավեճերի եւ քննարկումների: Ասել է, թե ընտրողներին համոզելու կարիք այլեւս ՀՀԿ-ում չեն տեսնում. եթե մեկ է՝ կեղծելու են, էլ բանավիճում են, որ ինչ անեն:




Լրահոս