ՈՎ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վերջապես «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ազատ արձակեցին «Սասնա ծռեր» խմբավորման գործով կալանավորված Հաց բերող Արթուր Սարգսյանին եւ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիշեցնենք, որ նա արդեն շուրջ 20-րդ օրն էր, ինչ հացադուլ էր հայտարարել եւ փաստորեն այն վիճակում էր, որ իր ոտքով չկարողացավ դուրս գալ ՔԿՀ-ից: Նրա հարազատները, տեսնելով շտապօգնության մեքենան, շնչակտուր վազում էին մեքենայի հետեւից՝ բղավելով` Արթո՛ւր, Արթո՛ւր, եւ փորձելով հասկանալ, թե արդյո՞ք նա ի վիճակի է գոնե որեւէ բան ասելու:

Ինչո՞ւ է ստեղծվել այս վիճակը
Հուլիսյան աղմկահարույց դեպքերի ժամանակ, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել էին ՊՊԾ գունդը, Արթուր Սարգսյանը իր մեքենայով սնունդ էր հասցրել գունդը պաշարած խմբավորման անդամներին, ինչպես նաեւ նեսում գտնվող ոստիկաններին: Արդյունքում, երբ օգոստոսին խմբավորման անդամները հանձնվեցին իրավապահներին, Արթուր Սարգսյանին եւս կալանավորեցին: Հինգ ամիս գտնվելով կալանքի տակ՝ 2016 թվականի դեկտեբերի 31-ին գործը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը որոշում էր կայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել ստորագրությամբ չհեռանալու մասին.«Հիմք ընդունելով բժշկական կոնսիլիումի եզրակացությամբ Ա. Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»:
Սակայն մինչ Արթուր Սարգսյանը զբաղված էր իր առողջական խնդիրներով, 2017 թվականի փետրվարի 9-ին հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան կալանավորեն: Դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր քննիչ Հակոբյանի որոշումը եւ Հաց բերող Արթուրին կրկին կալանքի տակ վերցրին: Իսկ ի՞նչ հիմնավորմամբ նրան կալանավորեցին: Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Ա.Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված` ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները:

Իրավապահներն ու տղայական սկզբունքները
Իհարկե, եթե Արթուր Սարգսյանը խախտել էր խափանման միջոցի պայմանները, ապա նրա այդ գործողությունների համար իրավապահները պատժիչ մեթոդների պետք է դիմեին: Սակայն նկատենք, որ գործող քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը պարտավոր էր ուսումնասիրել, թե ինչ հիմքով էին նրան ազատ արձակել: Ի վերջո, ՀՀ գլխավոր դատախազությունը նշել էր, որ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը նվազեցնում է նրա կողմից քննությունից խուսափելու, նոր հանցանք կատարելու հավանականությունը, ասել է, թե նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը անհամատեղելի էր նրա կալանքի հետ: Հաշվի առնելով այս իրավիճակը՝ անհնար էր, որ 1 ամիս 9 օրվա մեջ Արթուր Սարգսյանի առողջական վիճակը այն աստիճան վերականգնված լիներ, որ նրա խափանման միջոցը՝ կալանքը, համատեղելի լիներ առողջական վիճակի հետ: Եթե անգամ իրավապահ մարմինները ունեին այնպիսի հիմնավորումներ, որ Արթուր Սարգսյանը առողջական վիճակի հետ խնդիրներ չունի, ապա քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի՝ այս օրերի գործողությունը մեկ բան է վկայում, որ Հաց բերողին կրկին կալանքի տակ վերցնելով՝ նա «տղայական սկզբունքներով» է առաջնորդվել՝ քանի որ նա իրենց պայմաններին չի ենթարկվել: Ակնհայտ է, որ Արթուր Սարգսյանը այս ընթացքում որեւէ ագրեսիվ պահվածք չի դրսեւորել, ընդամենը սպասել է քննության ընթացքին:
Եվ այսպես` Արթուր Սարգսյանի հետ կատարվածը ցույց է տալիս մեկ բան. ամենավեհ արժեքներից ճամարտակող իշխանությունները, փաստորեն, հաստատում են, որ իրենց համար հումանիզմ ասվածը դատարկ խոսք է, եւ որ ընդամենը հաց տարած մարդու նկատմամբ կարող են գործի դրվել ամենադաժան ռեպրեսիվ մեթոդները: Ի վերջո, Ա. Սարգսյանը հաց էր տարել ոչ միայն զինված խմբի անդամներին, այլեւ ոստիկաններին եւ տարածքում գտնվող բժիշկներին:

Ո՞վ է իրավիճակի պատասխանատուն
Ակնհայտ է, որ Հայաստանի իրավապահ համակարգի ամենաբարձր ատյաններում որոշվել է, որ Արթուր Սարգսյանին պետք է ազատ արձակեն: Այսինքն՝ նրան ազատ արձակեցին քաղաքական որոշման արդյունքում: Սակայն բացի այդ՝ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի որոշումը իրավական առումով կաղ էր: Այստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են իրավիճակի պատասխանատուները: «Ժողովուրդ»-ը նախ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանից փորձեց պարզել՝ արդյոք դա նրա կամայական որոշումն էր, թե եղել էր կոնկրետ հրահանգ Արթուր Սարգսյանին կալանավորելու համար. ի վերջո, երկու դեպքում էլ նա սխալ որոշում է կայացրել: Մեր հարցերին ի պատասխան, սակայն, Էդիկ Հակոբյանն ընդամենն ասաց.«Մեկնաբանություններ չեմ տալիս, կներե՛ք»:
Իսկ ինչ է մտածում Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը բավարարած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, վերջինս նշեց, թե որոշման մեջ ամեն ինչ ներկայացված է: Ասել է, թե Արթուրը խախտել է պայմանները:
Ի դեպ, Հաց բերողի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան նրան ազատ արձակելու համար, սակայն դատավոր Կարինե Ղազարյանը չէր բավարարել միջնորդությունը: «Ժողովուրդ»-ը նաեւ դատավոր Կարինե Ղազարյանից հետաքրքրվեց, թե կատարվածում իր մեղքի բաժինը չի տեսնում: Վերջինս խիստ վրդովվեց՝ պահանջելով՝ այլեւս ինձ չանհանգստացնեք:
Եվ այսպես՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամների գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանի, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանի պատճառով մեր երկիրը հերթական անգամ հայտնվեց աղմկալի պատմության մեջ, եւ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ ՀՀ-ում մարդու իրավունքները ոտնահարված են, եւ հարցերը լուծվում են ամենեւին ոչ իրավական դաշտում:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՕՀԱՆՅԱՆԻՑ ԴԺԳՈՀԵՑԻՆ
Երեկ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի անդամներն իրենց նախընտրական քարոզարշավը սկսեցին Տավուշի մարզից, իսկ առաջին կանգառն էլ սահմանապահ Չինարին էր: Մինչ հասնելը ՕՐՕ դաշինքի առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Վազաշեն համայնքում զրուցեց գյուղացիների հետ, որոնք դժգոհեցին, որ ապրիլյան պատերազմի ժամանակ «պոստ» են պահել, սակայն գումար չեն ստացել: Մի քանի գյուղացիներ էլ նախկին նախարարից շնորհակալություն հայտնեցին՝ իրենց կողքին լինելու համար:
Չնայած այն հանգամանքին, որ Չինարիում դաշինքի անդամներին դիմավորեցին աղուհացով, սակայն տեղացիների մեջ ոգեւորություն չկար. ի վերջո, նրանք խոստումներ շատ են լսել, սակայն գործ չեն տեսել: Ի տարբերություն Սեյրան Օհանյանի՝ «Համախմբում» կուսակցության նախագահ, ՕՐՕ դաշինքի անդամ Վարդան Օսկանյանը երեկ առաջին անգամ էր Չինարիում լինում եւ չթաքցրեց այդ փաստը, ինչն այնքան էլ լավ չընդունվեց բնակիչների կողմից:
ՕՐՕ դաշինքի հաջորդ կանգառը Բերդ քաղաքն էր, որտեղ չնայած կրկին սակավաթիվ մարդիկ էին, սակայն դաշինքի անդամներին հարցեր ունեին: Քաղբանտարկյալների մասին հարցնելուց հետո ներկաներից մեկը հարց ուղղեց նախկին նախարարին՝ հետաքրքրվելով, թե ինչու հենց հիմա որոշեց ժողովրդի հետ լինել: «Ներսից ես տեսել եմ այն թերությունները, որ կան կառավարման համակարգում, զգացել եմ այն ցավը, որում այսօր ապրում է մեր ժողովուրդը: Եվ նոր կառավարության ձեւավորման շրջանում հանգիստ հրաժեշտ տալով նախկին պաշտոնին՝ ես նաեւ մերժել եմ այն բարձր պաշտոնները, որ առաջարկվել են: Այսինքն՝ որոշումը եղել է ժամանակին: Ես համոզված եմ, որ հայ ազգը կապրի, երբ որ չլինի ներկայիս իշխանությունն ընդհանրապես», – հայտարարեց նա՝ ասելով, որ երկար է մտածել այդ որոշումն ընդունելու համար:
Հավելենք, որ զրուցելով սահմանամերձ համայնքի բնակիչների հետ՝ պարզ դարձավ, որ նրանք այնքան էլ հետաքրքրված չեն քաղաքական գործընթացներով կամ ընտրություններով. սահմանամերձ համայնքի բնակիչներին հետաքրքրում է միայն խաղաղությունը: Միաժամանակ նրանք ընդգծում են, թե սովորել են ամենօրյա կրակոցներին, եւ դրանց բացակայությունն արդեն նրանց տարօրինակ է թվում:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ ԵՆ
ՄԻՊ ներկայացուցիչները երեկ պաշտպանի հանձնարարությամբ այցելել են «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Վահան Շիրխանյանին: Այցի համար հիմք է հանդիսացել փաստաբան Հայկ Ալումյանի հնչեցրած մտահոգությունն առ այն, որ Շիրխանյանը քաղաքացիական հիվանդանոցում հետազոտություններ անցնելուց հետո տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի ամենավատ խուցը: Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են Վահան Շիրխանյանին, ուսումնասիրել նրա պահման պայմանները եւ առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Շիրխանյանի պահման պայմանների կապակցությամբ ՄԻՊ-ը դիմել է արդարադատության նախարարությանը:

 

 

 

ՄԻԱԿ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ
Ռուսաստանում գործունեություն ծավալող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ներառվել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը: Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 4.36 միլիարդ ԱՄՆ դոլար: Նշենք, որ Կարապետյանը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայկական ազգանունով միակ գործարարն է: Աղյուսակը, ինչպես նախորդ տարիներին, գլխավորում է Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 85.6 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

 

 

ՄՏԱՀՈԳԻՉ ՊԱՏԿԵՐ
ԱՄՆ պետդեպը հրապարակել է Մարդու իրավունքների տարեկան իր զեկույցը, որի՝ Հայաստանին նվիրված բաժնում որպես 2016 թվականի ամենանշանակալի խնդիրներ առանձնացված են «իրավապահների անպատժելիությունը, պաշտոնատար անձանց կողմից կառավարության ռեսուրսների օգտագործումը՝ իշխող ՀՀԿ-ի քաղաքական գերիշխող դիրքը պահպանելու համար, ինչպես նաեւ երկրի էլիտայի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումը՝ աջակիցներին հարստացնելու եւ իրավապահ ու դատական համակարգերը կոռումպացնելու համար»: Զեկույցում որպես խնդիր առանձնացված է նաեւ «դատական համակարգի սահմանափակ անկախությունը»: Այլ խնդիրների թվում ներառվել են զինված ուժերում ոչ մարտական պայմաններում գրանցված «կասկածելի մահվան դեպքերը», զորակոչիկների հանդեպ «նվաստացումները», «դաժան ու գերբնակեցված բանտային պայմանները»: Դրական է համարվել օնլայն լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի դերը որպես «տեղեկատվության կարեւոր այլընտրանքային աղբյուր»: Միեւնույն ժամանակ նշվում է, որ թե՛ ավանդական եւ թե՛ օնլայն լրատվամիջոցների սեփականատերերը «թափանցիկ չեն»:




Լրահոս