Քարոզարշավի մեկնարկից ակնհայտ դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է ընտրողներին ցույց տալ ՀՀԿ-ի նոր դեմքը` հանձինս մի խումբ երիտասարդների, վարչապետ Կարեն Կարապետյանի ու Պնախարար Վիգեն Սարգսյանի: Սակայն ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուների ճնշող մեծամասնությունը հին դեմքերն են, որոնք մեկ անգամ չէ, որ հայտնվել են սկանդալային իրավիճակներում եւ հասարակության շրջանում ունեն նվազագույնը հակասական ընկալում: Այդ կապակցությամբ այսօր անդրադառնանք թիվ 6 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ի թեկնածուներ Նահապետ Գեւորգյանի, Հրանտ Գրիգորյանի ու Առաքել Մովսիսյանի օրենսդրական աննկուն գործունեությանը:
Նահապետ Գեւորգյանի (հայտնի որպես` Նովո) պատգամավորական գործունեությունը սկսվել է 1999թ., երբ մանդատ է ստացել թիվ 40 ընտրատարածքից: Խորհրդարանում նա ընդգրկվել էր «Միասնություն» դաշինքի խմբակցության մեջ: 2003թ. Գեւորգյանը պատգամավոր է դարձել արդեն թիվ 30 ընտրատարածքից` հայտնվելով ՀՀԿ խմբակցության կազմում: Արդեն 2007թ. նա պատգամավորական մանդատ է ստացել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, իսկ 2012-ին կրկնել է այդ սխրանքը: Այս պատգամավորի անվան հետ են կապված ոչ թե օրենսդրական նախաձեռնությունները, այլ զանազան աղմկահարույց իրադարձությունները, որոնց շարքում լրագրողներին հայհոյելն է, ծեծկռտուքներին մասնակցելը եւ այլն: 2012թ. մամուլը քանիցս գրել էր նրա ու որդու մասնակցությամբ մի շարք միջադեպերի մասին, որոնցից հիշարժան են պատգամավորության թեկնածու Մերուժան Մխոյանի առեւանգումն ու ծեծը, գազալցակայաններից մեկում տեղի ունեցած կռիվը եւ այլն: Ի դեպ, 2013թ. Նահապետ Գեւորգյանը խոստովանել էր, որ զբաղվում է գործարարությամբ, ավելին` ձգտում էր օլիգարխ դառնալ: Իր խորհրդարանական գործունեության շրջանակներում նա երբեք ԱԺ ամբիոնին չի մոտեցել, ինչպես նաեւ հանդես չի եկել հարցերով: Ինչպես եւ ակնկալվում էր, նրա քվեարկությունների բացարձակ մեծամասնությունը կողմ է եղել` մոտ 90 տոկոս: 5 տարվա ընթացքում նա դեմ է քվեարկել 8 անգամ եւ երբեք ձեռնպահ չի եղել: Բացակայելով 34 նիստերից` նա քվեարկություններից հրաժարվել է 55 անգամ:
Հրանտ Գրիգորյանի պատգամավորական գործունեությունն էլ 18 տարվա փորձառություն ունի` մեկնարկելով 1999թ., երբ նա մեծամասնական կարգով տիրացել է ԱԺ մանդատին ու հանգրվանել «Միասնություն», ապա «Հայաստան» խմբակցություններում: 2003թ. նա պատգամավոր է ընտրվել կրկին մեծամասնականով ու հանգրվանել ՀՀԿ խմբակցության մեջ: 2007 եւ 2012թթ. նա պատգամավոր է դարձել արդեն 20-րդ ընտրատարածքից: Հրանտ Գրիգորյանը գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, սակայն մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` նրանք այնքան էլ բարեկամական հարաբերությունների մեջ չեն գտնվում: 2008թ. ճակատագրի հեգնանքով նրանք հայտնվել էին լիովին հակառակ բեւեռներում, երբ Մանվել Գրիգորյանը հարում էր Տեր-Պետրոսյանի շարժմանը, իսկ Հրանտ Գրիգորյանը անթաքույց պաշտպանում էր Սերժ Սարգսյանին:
Գրիգորյանը 5 անգամ հանդես է եկել հարցերով: Կողմ է քվեարկել 939 անգամ, դեմ` 9, ձեռնապահ` 1: 14 անգամ հրաժարվելով քվեարկություններից` Հրանտ Գրիգորյանը ԱԺ նիստերից բացակայել է ընդամենը 2 անգամ:
Առաքել Մովսիսյանը (Շմայս) համացանցային հարթակի երեւելիներից է, որի մասնակցությամբ տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես նաեւ արտահայտած մտքերը հաճախ են դառնում քննարկման առարկա: Թյուր տպավորություն չստեղծելու համար` նկատենք, որ դրանք որեւէ առնչություն չունեն խորհրդարանական գործունեության կամ օրենսդրական նախաձեռնությունների հետ, այլ վերաբերում են պատգամավորական կեցվածքի խաթարմանը, լրագրողներին հայհոյելուն եւ այլն: 2000-2004թթ. Մովսիսյանը աշխատել է որպես պաշտպանության նախարարության աշխատակազմի վերլուծական բաժնի ավագ սպա: Հավանաբար նրա վերլուծությունները չափից շատ են դուր եկել Սերժ Սարգսյանին, որը Մովսիսյանին այնուհետեւ տարավ Ազգային ժողով` հարստացնելու օրենսդրական դաշտում գոյություն ունեցող բացը: 2004-07թթ. ԱԺ-ում նա որեւէ խմբակցությունում ընդգրկված չի եղել, իսկ 2007թ. պատգամավոր է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակով: Նույնը կրկնվել է 2012թ.:
Մովսիսյանի օրենսդրական կարիերան, ինչպես նշվեց, աչքի է ընկնում միայն մրցակիցներին վիրավորելով ու լրագրողներին հայհոյելով: Ամեն քայլափոխի տարրական էթիկետի նկատմամբ Մովսիսյանի անարգանքը դրսեւորվել է նաեւ գործնականում, երբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվել ու մարմնական վնասվածքներ էր հասցրել այս պատգամավորի վարորդներից մեկը: Իսկ նախորդ 5 տարիներին ԱԺ-ում նա կողմ է քվեարկել 796 անգամ, դեմ` 10, ձեռնապահ` 1: Մովսիսյանը չի քվեարկել 58 անգամ, բացակայել է 126 նիստերից: Որեւէ անգամ չի մոտեցել ԱԺ ամբիոնին, հարցերով հանդես չի եկել:
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՏՊԱՐԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ 9 ՀԱՐԿԱՆԻ ՀՅՈՒՐԱՆՈՑ
Երեւանի առաջին տպարանի շենքի փոխարեն նախատեսվում է առաջիկայում 9 հարկանի հյուրանոցային համալիր կառուցել:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անցած տարվա դեկտեմբերի 8-ին Երեւանում տեղի են ունեցել «Տիար» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երեւանի առաջին տպարանի շենքը հյուրանոցային համալիրի վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնհատման հայտի եւ դրա փորձաքննության վերաբերյալ հանրային քննարկումները:
«Տիար» ընկերությունից «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ հանրային քննարկումները տեղի են ունեցել, եւ առաջիկայում ընկերությունը կսկսի շինարարությունը: Տեղեկացնենք, որ Երեւանում պայթեցման միջոցով քանդված մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը, որը մոտ 100 տարվա պատմություն ուներ, պատկանում է «Անի» հյուրանոցի սեփականատեր Գենիկ Կարապետյանին: Գ. Կարապետյանի հետ տպարանի տեղում հյուրանոց կառուցելու մասին «Ժողովուրդ»-ին չհաջողվեց զրուցել, քանի որ Հայաստանում չէր:
Ինչպես հայտնի է՝ մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը պայթեցվեց անցած տարվա հոկտեմբերի 27-ին՝ «Նորտեխ շին» ընկերության կողմից: Սակայն այդ պայթեցման աշխատանքները ընկերության համար թանկ արժեցան: Քանի որ շենքը պայթեցնելուց օրեր անց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը եւ լիցենզավորման հանձնաժողովը ուսումնասիրել էին Հանրապետության 65 շենքի Բ մասնաճյուղում (նախկին առաջին տպարան) իրականացված պայթեցման աշխատանքների արդյունքներն ու հետեւանքները, 2 ամիս ժամկետով կասեցրել եւ 1 մլն դրամի չափով տուգանքի էին ենթարկել պայթեցման աշխատանքներ իրականացրած «Նորտեխ շին» ընկերությանը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՎՏԱՆԳՆԵՐ ՈՒ ՀԵՏԸՆԹԱՑ
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական կարգախոսն է՝ «Անվտանգություն եւ առաջընթաց»: Նախընտրական գունեղ տեսանյութեր են նկարվել, տարածվել, որտեղ երիտասարդ, երջանիկ մարդիկ ուրախություն են ճառագում, կարծես ոչ մի հոգս չունեն: Իսկ Տավուշի մարզի սահմանագոտում ապրող, աշխատող գյուղացիները հանապազօրյա կյանքում ոչ անվտանգություն են զգում, ոչ առաջընթաց:
Նոյեմբերյանի սահմանագոտու 6 գյուղեր՝ Բարեկամավանը, Կոթին, Ոսկեվանը, Ոսկեպարը, Բաղանիսը եւ Ջուջեւանը, ավելի քան 2 տարի գազաֆիկացված են, սակայն գյուղացիները փող չունեն, որ գազատարից դեպի իրենց տուն խողովակների անցկացման համար վճարեն եւ գազ օգտագործեն: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ Բաղանիսում բնական գազի ընդամենը 25 բաժանորդ կա: Բաժանորդներն էլ ավելի քիչ են Ոսկեվան եւ Ջուջեւան գյուղերում, մնացած սահմանամերձ 3 համայնքներում ոչ մի առանձնատուն գազաֆիկացված չէ:
Փետրվարի 25-ին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշչի-Այրում գյուղի հենակետերից գնդակոծեց սահմանագոտում արածող Բաղանիսի նախիրը: 82-ամյա նախրապանի՝ Գրիշա Ղուզանյանի բախտը բերեց, ադրբեջանական գնդակները նրան չդիպան, դրանք վիրավորեցին նրա եւ Բաղանիսի բնակիչ Անուշավան Ավագյանի մեկական կով: Գ. Ղուզանյանի կովը, թեեւ վիրավոր, սակայն ոտքի վրա է: Ա. Ավագյանի կովի ստացած վնասվածքը մեծ էր, անասունը հարկադիր մորթի ենթարկեցին: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ բաղանիսցիները համագյուղացուն օգնելու նպատակով կիլոգրամը 2000 դրամով գնել են հարկադիր մորթի ենթարկված կովի միսը: Այդ գումարը, սակայն, չէր կարող փոխհատուցել կովի գինը:
Նարեկ Սահակյանից տեղեկացանք, որ պետության կամ որեւէ կազմակերպության կողմից Անուշավան Ավագյանին դրամական փոխհատուցում կամ օգնություն չի ցուցաբերվել: Սահմանագոտում ապրող տավուշցու ոչ միայն կյանքն է վտանգված, այլեւ ունեցվածքը: Մինչդեռ պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը:
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանն ասաց, որ ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակ է բացում Պառավաքարի սահմանագոտում գարնանային գյուղատնտեսական աշխատանքներ կատարող, խաղողի այգիներ էտող գյուղացիների ուղղությամբ: Բարեբախտաբար, պառավաքարցիներն այդ գնդակոծությունից չեն տուժել: Վերջին մի քանի օրերին Պառավաքարի սահմանագոտու ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն գյուղապետ Ռ. Մարգարյանը կարծում է, որ ադրբեջանական զինուժը կրկին ոտնձգությունների կդիմի, կրակ կբացի խաղաղ գյուղացիների վրա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ