Այսօր «Հաց բերող» Արթուր Սարգսյանը դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից և բուժումը կշարունակի տանը: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը:
«Դուրս է գրվել, բուժում և հատուկ սննդակարգ է նշանակված: Քիչ թե շատ հասկացող մեկին հարցնեք` կիմանա այդ աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ տևական՝ երկու-երեք անմսվա բուժում է անհրաժեշտ: Վիճակը չի վերականգնվել՝ միշտ կայուն վիճակից»,- ասաց նա:
Վերջինս նաև նշեց, որ Արթուր Սարգսյանը դեռ կշարունակի բուժումը տնային պայմաններում, մինչ հնարավոր լինի տարբերակներ գտնել հետագա բուժումը շարունակելու համար։
Հիշեցնենք` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը և հարակից տարածքը զավթելու, պահելու դեպքերի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և անձնական երաշխավորությունը որպես խափանման միջոց կիրառելու խնդրանքով Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին են դիմել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Օրինաց երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն», «Ժառանգություն» խմբակցությունների և խմբակցություններում ու պատգամավորական խմբերում չընդգրկված 27 պատգամավորներ: