Պետք է ամեն ինչ գնա այնպես, ինչպես մենք ենք պլանավորում. ՀԺԱՄ-ի նախագահը՝ քարոզարշավի ընթացքի և իրենց թեկնածուի շանսերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իմ տեսակետը հիմնականում կարող է կողմնակալ հնչել, որովհետև մենք աջակցությունն ենք հայտնել ՀՀԿ-ին, բայց գնահատում եմ, որ ՀՀԿ-ի շանսերը շատ իրատեսական են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքի և ՀՀԿ-ի և կուսակցության համատեղ թեկնածու Հայկ Պլուզյանի շանսերի մասին, ասաց ՀԺԱՄ կուսակցության վարչության նախագահ Արթուր Լեւոնյանը:

Նրա խոսքով ՝ քարոզարշավը բավարար վիճակի մեջ է, շարունակում են բակային հանդիպումներ իրականացնել:

Անդրադառնալով ընտրակաշառքների մասին խոսակցություններին` Լևոնյանը նշեց, որ իրենց թեկնածուի կողմից ընտրակաշառք չի բաժանվելու. «Կարող եք ընտրությունների օրը համոզվել այցելելով Հայկ Պլուզյանի շտաբներից որևէ մեկը»:

Ըստ Լևոնյանի ՝ Հայկ Պլուզյանի շանսերը բավարար են.«Հայկ Պլուզյանն առաջին հերթին ՀՀԿ-ի անդամ է: Իմ կարծիքը կարող է կողմնակի հնչել, բայց բավականին իրատեսական պատկեր է այս պահին: Նա անձամբ բավականին հարգանք ունի, համենայնդեպս Էրեբունի տարածքում, պետք է որ ամեն ինչ գնա այնպես, ինչպես մենք ենք պլանավորում»:

Խոսելով ՀԺԱՄ-ի՝ ՀՀԿ-ին աջակցության մասին, կուսակցության նախագահը նշեց. «Սկսած նախագահի առաջին ընտրություններից վերջացրած նոր Սահմանադրության ընդունման ժամանակ, ՀԺԱՄ կուսակցությունը եղել է ՀՀԿ-ի կողքին: Մենք հստակ կանգնեցինք պարլամենտական հանրապետության ստեղծման գործում»:

Արփինե Թովմասյան




Լրահոս