Ցտեսություն ԱԺ-ին. նոր խորհրդարան` հին դեմքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին ավարտված Ազգային ժողովի քառօրյան շատերի համար վերջինը կլինի: Մարտի 20-ին նախատեսված է ևս մեկ քառօրյա, սակայն հաշվի առնելով նախկինում եղած նախադեպերը և նախընտրական քարոզչության բուռն ընթացքը, ապա վստահորեն կարող ենք ասել, որ այն տեղի չի ունենա: Եվ այսպիսով, շատերի համար մարտի 2-ը վերջին քառօրյան էր: Հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից շատերը հաջորդ գումարման խորհրդարանում իրենց «պատվավոր» տեղը չեն զբաղեցնի:

Իսկ ովքեր կրկին կհայտնվեն խորհրդարանում 

Ուշագրավն այն է, որ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորներից 89-ը ցանկություն ունի լինել նաև հաջորդ խորհրդարանում: Իսկ նրանցից ճնշող մեծամասնությունն էլ իշխող ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչներն են: Մանրամասնենք, թե որ խմբակցությունից քանիսն են իրենց տեսնում հաջորդ խորհրդարանում: Արդեն նշեցինք, որ 57-ը իշխող ՀՀԿ-ից են, սակայն այս կազմում կան նաև նախկին ԲՀԿ-ականներ, ովքեր հիմա իրենց ապագան տեսնում են իշխող կուսակցության հետ: Նրանց թվում են Մարտուն Գրիգորյանը, Արագած Ախոյանը, Մուշեղ Պետոյանը, Բազմասեր Առաքելյանը:

Գործող պատգամավորներից 15-ը իրենց տեսնում են ԲՀԿ ցուցակում, ընդ որում, նրանցից մեկը`  Հովիկ Աբրահամյանի զարմուհի Կարինե Պողոսյանը, ՀՀԿ-ից է տեղափոխվել ԲՀԿ: ՕԵԿ և ՀՅԴ խմբակցությունների բոլոր պատգամավորներն էլ իրենց տեսնում են հաջորդ խորհրդարանում: Իսկ ՀԱԿ խմբակցության  7 պատգամավորից 6-ն էլ պատգամավորության թեկնածու են, սակայն միայն չորսն են  ընդգրկված Կոնգրես-ՀԺԿ դաշինքում` Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը և Ստեփան Դեմիրճյանը: Իսկ ներկայիս խմբակցության  անդամներից մյուս երեքըայլ տեղերում են: Նիկոլ Փաշինյանը ԵԼՔ-ում է, Հրանտ Բագրատյանը՝ «Ազատ դեմոկրատներ»-ում, իսկ Լյուդմիլա Սարգսյանն էլ առհասարակ ոչ մի տեղ ընդգրկված չէ: «Ժառանգություն» խմբակցությունն էլ պատգամավորության ոչ մի թեկնածու չունի:

Իսկ ովքեր են «անհաջողակները»

Անկախ ընտրության արդյունքներից արդեն հայտնի է այն պատգամավորների ցանկը, ովքեր ընդգրկված չեն որևէ կուսակցության ընտրական ցուցակներում և հետևաբար չեն լինի հաջորդ խորհրդարանում: Այս ցանկում ՀՀԿ-ն ևս «առաջատար» է. նրանց խմբակցությունից 16 պատգամավոր հաջորդ խորհրդարանում չի լինի:

Այս անգամ ԱԺ-ում չեն լինի Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Հայկ Գրիգորյանը,  Արմեն Կարապետյանը, Համլետ Հարությունյանը, Ռուբեն Հովսեփյանը, Մարինե Մարաբյանը,  Վազգեն Կարախանյանը, Սպարտակ Մելիքյանը, Արմեն Մխիթարյանը, Գարեգին Նուշիկյանը, Կարեն Սարիբեկյանը,  Ռուբեն Սադոյանը,  Մհեր Սեդրակյանը, Արթուր Ստեփանյանը, Վրեժ Մարկոսյանը: Այս պատգամավորների մի մասը ՀՀԿ-ի հնաբնակներից են, ովքեր ԱԺ-ում ոչնչով աչքի չեն ընկել:

ԲՀԿ խմբակցությունից էլ ԱԺ-ում չի լինի 11 պատգամավոր. նրանք են՝ Արա Արամյան, Գուրգեն Արսենյան, Վահան Բաբայան, Ռուստամ Գասպարյան, Մուրադ Գուլոյան, Ռուբեն Գեւորգյան, Կարո Կարապետյան, Վահե Հովհաննիսյան, Վահագն Մախսուդյան, Արշակ Մխիթարյան, Տիգրան Ներսիսյան:

Վահան Բաբայանը ԲՀԿ-ից հեռանալուց հետո նոր կուսկացություն հիմնեց, իր աջակցությունը հայտնեց ՀՀԿ-ին, սակայն որևէ ցուցակում այդպես էլ չընդգրկվեց: Ռուստամ Գասպարյանը, չնայած տարբեր առաջարկներին, այս անգամ տեղը որոշել է զիջել երիտասարդներին, սակայն այս ընտրություններում նա սատարում է ՀՀԿ-ին, մասնավորապես Արմավիրում վարկանիշային ընտրակարգով առաջադրված Սեյրան Սարոյանին: Ռուբեն Գևորգյանն էլ ԲՀԿ-ից դուրս եկավ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո և այլ տեղում դեռևս չի հանգրվանել:  Վահե Հովհաննիսյանը չնայած հանդիսանում է ՕՐՕ-ի անդամ, սակայն որոշել է չմասնակցել ընտրություններին: ՀՅԴ խմբակցությունից էլ ԱԺ-ում չի լինի Կարեն Շախմուրադյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս