Թուրքերը մեզ նախապայմաններ են առաջադրում. Սերժ Սարգսյանի հարցազրույցն իսպանական գործակալությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պայքարում է ոչ միայն Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար, այլ ընդհանրապես պայքարում է բոլոր ցեղասպանությունների դեմ: Այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը իսպանական EFE
գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք համարում ենք, որ, այո, ժխտողականությունը հանցագործության
շարունակությունն է: Եվ մենք համարում ենք, որ անպատժելիությունն ու ժխտողականությունն է, որ ծնում են նոր հանցագործություններ»,­-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ Թուրքիայի այժմյան իշխանությունները շատ խիստ քննադատվում են իրենց ժխտողականության համար: «Մեր մեղադրանքը թուրք ժողովրդին չէ ուղղված: Առավել ևս մեր նպատակը չէր մեր երկրում կամ ամբողջ աշխարհում հակաթուրքական հիստերիա բարձրացնելը: Կարծում եմ, որ միջոցառումները, որոնք ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որևէ ազդեցություն չեն ունեցել հայ-­թուրքական հարաբերությունների վրա, որովհետև այդ հարաբերությունները գոյություն չունեն ուղղակի»,­-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը հիշեցրել է 2008թ. հայ և թուրք դիվանագետների միջև շփումների հանրայնացման և տևական բանակցությունների մասին: «Այնուհետև ստորագրեցինք երկու փաստաթուղթ, և այդ ստորագրումը տեղի ունեցավ ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երեք պետությունների ԱԳ նախարարների ներկայությամբ, ու սպասեցինք մինչև թուրքերը
վավերացնեն այդ փաստաթղթերը: Նախատեսված էր վավերացում ինչպես թուրքական, այնպես էլ մեր՝ հայկական խորհրդարանում: Մինչև այսօր սպասում ենք: Եվ վստահ ենք, որ Թուրքիան չի վավերացնելու այդ փաստաթղթերը, որովհետև արդեն տևական ժամանակ է, որ հայտնի է՝ թուրքերը շատ հստակ և բարձրաձայն արտահայտեցին իրենց կարծիքը. նրանք այսօր հայ­-թուրքական հարաբերությունները պայմանավորում են հայ­-ադրբեջանական հարաբերություններով: Նրանք մեզ նախապայմաններ են առաջադրում: Ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից մենք նախապայման չենք
հայտարարում, ինքներս էլ պատրաստ չենք որևէ նախապայման թուրքերի կողմից ընդունելու: 21­-րդ դարում պետությունները պետք է հարաբերություններ ունենան: Մենք ասում ենք՝ եկեք հաստատենք դիվանագիտական հարաբերություններ, այնուհետև կքննարկենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող ցանկացած հարց»,-­ընդգծել է ՍերԺ Սարգսյանը:




Լրահոս