Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Yerkir.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:
Նախնական տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Արամավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ իրավապահ մարմինները տեղում են. «Ես ասել եմ, որ ամենախիստ ձևով օրենքի տառը կիրառեն: Անկախ նրանից, թե կողմերից ով է, ինչ է»:
Մարզպետի գնահատմամբ՝ սա կապված չէ ընտրությունների հետ:
Իսկ, ահա, Արմավիրի մարզի ռետինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները իրավիճակից տեղյակ չեն, մասնավորապես, Առաքել Մովսիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին հենց նոր մեզանից իմացավ:
Հավելենք, որ ոստիկանությունից էլ ArmLur.am-ին հայտնեցին, որ մանրամասները կհրապարակեն ավելի ուշ:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին՝ ժամը 16-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ Լ.Երանոսյանը և Մ.Բաբոյանը ստացել են նշված մարմնական վնասվածքները։ Քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն վիճաբանության ժամանակ Լ.Երանոսյանն իր ատրճանակով արձակել է մեկ կրակոց՝ օդ: