Սերժ Սարգսյանին շնորհվեց ՄԳԻՄՕ­-ի Պատվավոր դոկտորի կոչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-­ին այցելեց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ): Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ի թղթակիցը Մոսկվայից, ինստիտուտում Սերժ Սարգսյանին դիմավորեց ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ինստիտուտում շրջելուց հետո ՀՀ Նախագահը հանդիպում ունեցավ ՄԳԻՄՕ­ի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպման մեկնարկին ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցեց ՄԳԻՄՕ­ի գիտական խորհրդի որոշումը, որով ՀՀ Նախագահին շնորհվեց ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ներկայացնելով հյուրին` ռեկտորը նշեց, որ ՀՀ Նախագահի` ՄԳԻՄՕ կատարած այցը մեծ հարգանքի նշան է ուսանողության և հենց այդ համալսարանի նկատմամբ:

«Գիտենք, որ Դուք, պարոն Նախագահ, մեծ ուշադրություն եք դարձնում երիտասարդության խնդիրների»,­ նշեց Տորկունովը: Ռեկտորի խոսքով` ՄԳԻՄՕ­ն պատմականորեն պարտական է հայ ընտանիքներին իրենց ներդրման համար, մասնավորապես՝ Լազարյանների ընտանիքին: Նա նաև շեշտեց, որ համալսարանի կապերը Հայաստանի հետ պահպանվել են նաև հետխորհրդային տարիներին: Անկախությունից ի վեր ՄԳԻՄՕ­ն ավարտել են 150 ՀՀ քաղաքացիների, իսկ ներկայում ուսանում են 50­ը: «Ձեր այցն անցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25­ ամյակի նախօրեին: Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհում»,­ դիմելով ՀՀ Նախագահին` նշեց Տորկունովը: Պարգևատրման արարողության ավարտին հնչեց համալսարանականների հիմնը` «Գաուդեամուսը»:

ՀՀ Նախագահն էլ շնորհակալություն հայտնեց ինստիտուտի գիտական խորհրդին կոչումի շնորհման համար և շեշտեց, որ ՄԳԻՄՕ-­ն իր ներդրումն է ունեցել հայտնի դիվանագետների, քաղաքական­պետական գործիչների, բիզնեսմենների ու լրագրողների պատրաստման գործում: «Կցանկանայի այսօր շնորհակալությամբ նշել այն կարևոր ներդրումը, որ ՄԳԻՄՕ­ն ունի Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, ովքեր կիրառել ու կիրառում են իրենց գիտելիքների պաշարը, որ ձեռք են բերել այս կարևոր կրթական հաստատությունում, միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում` մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,­ ընդգծեց Սերժ Սարգսյանը:




Լրահոս