Պաշտպանության նախարարն առաջին համարն է. դա որևէ ուղերձ չէ՞ բանակին. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, թե Վանաձորում խաղալիս իր քարոզչական պաստառը պոկած անչափահասներին 300 դրամ գումար են առաջարկում պաստառի ամեն մի կտորի համար: «Ժողովուրդ» օրաթերթը Մարուքյանից փորձեց պարզել, թե ովքե՞ր են երեխաներին 300 դրամ առաջարկողները, եւ նաեւ հնարավո՞ր է՝ ընտրություններից հետո ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն կոալիցիա կազմեն ՀՀԿ-ի հետ եւ, ըստ այդմ, որոշեն դադարեցնել Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը:

-Պարո՛ն Մարուքյան, նախօրեին ոստիկանության տարածած հայտարարության համաձայն՝ պարզվել է, որ Ձեր քարոզչական պաստառը խաղալիս անգիտակցաբար պոկել են Վանաձորի երկու անչափահաս բնակիչներ:

Այդ առնչությամբ Դուք նշել եք, թե տեղեկատվություն ունեք, որ այդ երեխաներին 300 դրամ գումար են առաջարկում պաստառի ամեն մի կտորի համար. «Եթե երեւում է, որ իմ պաստառն է, ամեն մի ծվենի համար 300 դրամ են տալիս» լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել եք Դուք: Կոնկրետ տեղեկություններ ունե՞ք, թե ովքեր են այդ երեք հարյուր դրամներն առաջարկողները:

-Չունեմ այդպիսի տեղեկություն: Այդ մասին քաղաքում էլ են խոսում: Եթե ես նման տեղեկություններ ունենայի, կհայտնեի ոստիկաններին:

-Բոլոր 2009 ընտրատեղամասերը որքանո՞վ եք կարողանալու վերահսկել, որպեսզի արդար ընտրություններ անցկացվեն, եւ խախտումներ տեղի չունենան: Ունե՞ք այնքան վստահված անձինք, որ կարողանաք նրանց միջոցով վերահսկել ընտրական ողջ գործընթացը:

-Որքանով որ կարողանանք:

Բայց հնարավոր եւ իրատեսական համարո՞ւմ եք, որ կարողանալու եք բոլոր ընտրատեղամասերում ունենալ վստահված անձինք:

-Դե, ամեն բան անելու ենք, որ կարողանանք բոլոր ընտրատեղամասերում վստահված անձ ունենալ:

Նախընտրական այս շրջանում ակտիվորեն տեղեկություններ են շրջանառվում, որ արդեն գործի են դրվել ընտրակաշառքի մեխանիզմները, եւ «աստղաբաշխական» գումարներ են շրջանառվում: «Ելք» դաշինքը ի՞նչ է հակադրելու ընտրակաշառքին:

-Քարոզչություն, դրա դեմ մենք ուրիշ որեւէ լծակ չունենք: Եթե իրավապահ համակարգը չի գործում, փող են բաժանում, ուրեմն միայն քարոզչություն:

Հաշվի առնելով նախընտրական քարոզչության այս մեկ շաբաթը, որի ընթացքում «Ելք» դաշինքը հանդիպումներ է ունենում ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում, ընտրողներին ներկայացնելով իրենց ծրագրերը` կարծում եք, որ քարոզչությամբ հնարավո՞ր է հակազդել ընտրակաշառքի մեխանիզմին:

-Ես կարծում եմ, որ այո: Անգամ այդ բաժանած փողն էլ իր արդյունքին չի հասնելու, տապալվելու են:

Հնարավոր եք համարում, որ ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները որոշեն կոալիցիա կազմել Հայաստանի հանրապետական կուսակցության հետ եւ արդյունքում դադարեցնեն Վանաձորի ավագանու նիստերի բոյկոտը:

-Դե, դրա մասին շատ են խոսել հանրապետականները, կարծում եմ, որ իրենք դրան էլ սպասում են: Ժամանակը գա, կտեսնենք:

Պարո՛ն Մարուքյան, ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Դուք հավաստիացրիք, որ հստակ գիտեք այն մարդկանց անունները, ովքեր խախտել են նախապես ձեռք բերված պայմանավորվածությունը եւ գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկել ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին: Եթե ՀՎԿ-ն եւ ԲՀԿ-ն որոշեն կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, Դուք կհրապարակե՞ք նրանց անունները:

-Նրանց անունները պետք չէ ասել, նրանք կգնան նիստերին, կտեսնեք:

-Բայց եթե այդ կուսակցություններից ավագանու բոլոր անդամները մասնակցեն, ինչպե՞ս ենք իմանալու:

-Կգնան նրանք, ովքեր եղել են: Ով կոալիցիա կազմի, նա էլ կլինի ուրեմն:

-Սերժ Սարգսյանը «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչու չի գլխավորում կուսակցության նախընտրական ցուցակը…

-Ես չեմ հետեւել, չգիտեմ, թե ինչ է ասել:

-Սարգսյանը նշել է, թե իր՝ ցուցակում չլինելը նշանակում է, որ իշխանությունը հաշվի է առել ընդդիմության բարձրաձայնած մտահոգություններն առ այն, որ խորհրդարանական ընտրություններում կօգտագործվեն իշխանական ռեսուրսները: Արդյո՞ք այժմ չեն օգտագործվում այդ ռեսուրսները:

-Նախագահի մասնակցելով-չմասնակցելով որեւէ բան չի փոխվում, ռեսուրսներն էլ ամբողջությամբ օգտագործվում են, հիմա որ պաշտպանության նախարարն առաջին համարն է, ինչ է դա, որեւէ ուղերձ չէ՞ բանակին, որ քվեարկեն Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին: Լավ էլ օգտագործում են, ամբողջությամբ: Երեւի ավելի լավ, քան երբեւէ որեւէ ընտրության ժամանակ:

Վահագն Հակոբյան




Լրահոս