«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Երեւանի թիվ 2 ընտրատարածքում առաջադրված Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի շտաբի աշխատողները շրջում են Արաբկիր համայնքի բնակիչների տներն ու նրանց համագործակցություն առաջարկում:
Նրանք ցուցակագրում են բնակիչներին եւ նրանց առաջարկում ապրիլի 2-ի ընտրություններին ընտրել Արտակ Սարգսյանին, փոխարենը վերջինս շնորհակալություն կհայտնի: Բնակիչներից մեկը մեզ հայտնեց, որ շտաբի աշխատողն իրեն փոխանցել է, թե պարզապես դեռ չգիտեն՝ որքան գումար են տալու, առայժմ Ա.Սարգսյանին ընտրել ցանկացողների անուններն են գրանցում, իսկ երբ ընտրությունների օրը մոտենա, գումարի չափն էլ կճշտեն:
Մեր զրուցակցի հարցին, թե ինչով է պայմանավորված այդ չափը, Արտակ Սարգսյանի շտաբի ներկայացուցիչը պատասխանել է, թե Գագիկ Ծառուկյանի շտաբի որոշումներից, քանի որ այստեղ պարբերաբար բարձրացնում են մեկ ձայնի համար տրվող ընտրակաշառքի չափը: Եվ առայժմ որոշում կա սահմանափակվել առավելագույնը 100 դոլարով: Մեզ չհաջողվեց Ա. Սարգսյանից այս հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ, փոխարենը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը հերքեց ամենը եւ խորհուրդ տվեց նման դեպքերում դիմել իրավապահ մարմիններին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: