Մոսկվան ու Անկարան պայմանավորվել են Թուրքիային ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման հարցով:
Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, հղում անելով Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, նշում է, որ այս հարցում արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև:
Հարցը քննարկվել էր մարտի 10-ին Մոսկվայում նախագահներ Պուտինի և Էրդողանի հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության «Ռոստեխ» պետական կորպորացիայի տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտարարել էր, թե Թուրքիան ցանկանում է Ռուսաստանից վարկ վերցնել՝ C-400 ՀՕՊ համակարգեր գնելու նպատակով:
Նա նշել էր, որ Մոսկվայի և Անկարայի միջև զենքի առևտրի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են: Անկարային С-400 համակարգերի մատակարարման հնարավորությունը հաստատել է նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: