Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել «Ելք» դաշինքի քարոզարշավի անդամների և քաղաքացիների միջև: ArmLur.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել Նոր Նորքում, երբ նրանք մարզադպրոցի հարակից տարածքում քարոզչություն են արել:
«Վերևից սկսեցին բղավել և փորձեցին խոչընդոտել մեր քարոզչությունը, և դրանից հետո մի երիտասարդ նա իջավ ներքև: Մեր համակիրները տեսան, որ այդ նույն մարզադպրոցում «Ծառուկյան դաշինքի» թեկնածուներից՝ Արթուր Մամոյանի քարոզչական պաստառն է փակցված` դռներից ներս»,- ասաց նա:
Մեր զրուցակցի խոսքով՝ ներսի մարդիկ մարզադպրոցից իջել են ցած` իրենց հետ խոսելու և տարածքից հեռու հրավիրելու. «Ու սկսեցին հայհոյանքներ տեղալ մեր հասցեին: Ըստ երևույթին` աշխատակիցներ էին: Ապա պաստառը վերցրին, ներս տարան, որ չկարողանանք տեսագրել: Երբ ուզեցինք տեսնել պաստառը, նրանք մտցրեցին աղջիկների հանդերձարան»:
Ըստ Արարատ Միրզոյանի՝ «Ծառուկյան դաշինք»-ի կողմից առաջադրված թեկնածուն մոտեցել է նրանց և ներողութուն է խնդրել նրանց թիմակիցների անունից:
«Մենք էլ զգուշացրերցինք, որ ամեն օր պետք է գանք այս թաղամասում քարոզչություն անենք: Խնդրեցինք զգուշացնել իր թիմակիցներին` ավելի զուսպ լինել և օրինականությունն ամեն գնով պահել»,- հավելեց նա:
Լիդա Եղիազարյան