ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն՝ վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպման նպատակը Լեհաստանի բնապահպանության նախարարի՝ ՀՀ բնապահպանության նախարարին ապրիլի 27-29 Լեհաստանի Պիլա քաղաքում կայանալիք Արևելյան գործընկերության երկրների բնապահպանության նախարարների հանդիպման մասնակցության հրավերը փոխանցելն էր:
Դեսպան Նովակովսկին կարևորել է «Փարիզյան համաձայնագիրը որպես աշխարհի կայուն զարգացման հնարավորություն» խորագրով վերոհիշյալ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու շրջակա միջավայրին, կլիմայի փոփոխությանն ու բնապահպանական խնդիրներին առնչվող բազմաթիվ հարցեր: Փոխնախարար Սիմոն Պապյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի անունից հավաստել, որ նման կարևոր հանդիպմանը ՀՀ բնապահպանության նախարարը նաև ելույթով հանդես կգա՝ ներկայացնելով Հայաստանի մոտեցումները Փարիզյան համաձայնագրի շրջանակներում իրականացվող գործընթացում:
Կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև բնապահպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից` հանդիպման ավարտին ևս մեկ անգամ հավաստելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը: