ՖՈՏՈ. Առաջադրված բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները Վանաձորում օրենք են խախտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ԱԺ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները կարծես մրցավազքի դուրս եկած լինեն, թե ով կարող է ամենաշատը աղտոտել Վանաձոր քաղաքը ՝ իրենց քարոզչական պաստառները փակցնելով ամեն քայլափոխի: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի որոշմամբ՝ համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար հատկացվել է թվով 54 անվճար տարածք, մինչդեռ քաղաքի հատկապես կենտրոնական փողոցների շենք-շինությունների պատերն ամբողջությամբ պատված են թեկնածուների նկարներով:

Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք խախտումների մասին տեղեկացրել են Վանաձորի քաղաքապետարանին՝ պահանջելով վերացնել չնախատեսված վայրերում փակցված քարոզչական պաստառները: Այս առիթով դեռ երկու օր առաջ սոցցանցի իր էջում հայտարարություն է տարածել նաև Մամիկոն Ասլանյանը՝ քաղաքական ուժերին ու պատգամավորության թեկնածուներին տալով երկու օր ժամանակ. «Քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին խնդրվում է երկօրյա ժամկետում հեռացնել բոլոր այն քարոզչական պաստառները, որոնք փակցված կամ տեղադրված են ոչ սահմանված վայրերում: Ժամկետը լրանալուց հետո համայնքապետարանը օրենքով իրեն պատվիրակված լիազորությունների շրջանակներում ստիպված է լինելու հեռացնել նշված քարոզչանյութերը»: Քաղաքապետի նշած ժամկետը լրանում է վաղը, բայց կարծես թե որևէ քաղաքական ուժ ու պատգամավորի թեկնածու քայլ չի արել այս ուղղությամբ: Փաստորեն ստացվում է, որ քաղաքական ուժերն ու պատգամավորի թեկնածուները խախտում են օրենքը՝ քարոզչական նյութերը փակցնելով ամեն տեղ:

Հիշեցնենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ կետում հստակ նշված է, որ հանրության համար տեսանելի քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են փակցվել միայն` 1) հատուկ այդ նպատակով առանձնացված տեղերում, վճարովի գովազդային վահանակներում, ընտրական շտաբների վրա. 2) ֆիզիկական անձանց համաձայնությամբ` նրանց պատկանող կամ նրանց տիրապետման ներքո գտնվող շենքերի, շինությունների (բացառությամբ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի, հանրակրթական դպրոցների, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի, հասարակական սննդի կամ առևտրի օբյեկտների), տրանսպորտային միջոցների (բացառությամբ հասարակական տրանսպորտի և տաքսու) վրա կամ դրանց ներսում:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր կարող են տեղադրվել միայն ֆիզիկական անձի սեփականությունը հանդիսացող տարածքում (այդ թվում` պատշգամբներում, պատուհանների վրա և այլն) կամ արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա: Փոխարենը պաստառները ակցված են ոչ միայն շենք-շինությունների պատերին, խանութների ու սննդի օբյեկտների վրա, այլ նաև, որ ամենատարօրինակն է՝ տեղամասերի պատերի վրա: Քաղաքապետի տրամադրած երկու օրը լրանում է վաղը: Հուսանք՝ Վանաձորի քաղաքապետարանը վաղն արդեն քաղաքից կմաքրի չնախատեսված վայրերում փակցված պաստառները՝ թեկնածուներին ու կուսակցություններին հիշեցնելով, որ օրենքի առաջ հավասար են բոլոր, իսկ քաղաքը վերածել աղբանոցի՝ իրավունք չունի ոչ ոք:

Էդվարդ Արզումանյան




Լրահոս