Beeline-ն ու Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեցին «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վորլդ Վիժն Հայաստանը Beeline-ի հետ համատեղ հայտարարում են «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկի մասին: Ծրագիրը կիրականացվի Կապանում, Թալինում և Երևանում:

«Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի նպատակն է բարձրացնել երեխաների ու նրանց ծնողների/խնամակալների` ինտերնետից անվտանգ օգտվելու մասին իրազեկվածության մակարդակը: Ծրագիրը կտևի 12 ամիս ու կներառի Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերին մասնակցող 7-18 տարեկան 600 երեխաների ու պատանիների, 90 ծնողների, խնամակալների և 30 ուսուցիչների:
«Առցանց անվտանգության խնդիրն իսկապես հրատապ է, քանի որ շատ ծնողներ ու երեխաներ պատշաճ պաշտպանված չեն առցանց տիրույթում: Մեր ունեցած տվյալների համաձայն` ծնողների 57%-ն ու երեխաների 35%-ը ծանոթ չեն այն ծառայություններին, որոնց պետք է դիմել առցանց վտանգների, հատկապես բռնության դեպքերի հանդիպելու պարագայում»,- ասում է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Beeline-ը, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների և երեխաների շրջանում: «Երեխաների առցանց անվտանգություն» ծրագրի մեկնարկը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաև իրենց` երեխաներին, հնարավորություն կտա ստանալ մասնագիտական աջակցություն և գիտելիքներ՝ ինտերնետից անվտանգ օգտվելու վերաբերյալ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Երեխաների առցանց անվտանգության ծրագրի շրջանակներում երեխաներն ու երիտասարդները կմասնակցեն տարբեր դասընթացների` ծանոթանալով առցանց անվտանգության կանոններին ու մեխանիզմներին: Իսկ ծնողները կտեղեկացվեն սոցիալական ցանցերից անվտանգ օգտվելու սկզբունքներին, երեխաներին արդյունավետ հետևելու ու վերահսկելու գործիքներին, վտանգներին և այլն: Ծրագրում ներառված կլինեն նաև ուսուցիչներ, ովքեր կսովորեն դպրոցականների օնլայն վարքագծին հետևելու սկզբունքները:
***

Վորլդ Վիժն Հայաստանի մասին
Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահեն կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։
Կազմակերպության գործունեությունն իրականացվում է մի քանի ուղղություններով` երեխաների առողջություն և զարգացում, նրանց իրավունքների պաշտպանություն, երիտասարդների հզորացում ու տնտեսական զարգացում:
Վորլդ Վիժնը գործում է Հայաստանի 6 մարզերում և մայրաքաղաք Երևանում` ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքներում գրանցված շահառուներին։




Լրահոս