ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հաց բերողին սպանել են». ցուցարարները կշարունակեն իրենց պայքարը` պահանջելով արդարադատության և առողջապահության նախարարների հրաժարականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնում սրտի անբավարարությունից մահացավ «Հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանը: Հիշեցնենք` «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ:

Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարել եւ պահանջում էր փոխել իր խափանման միջոց կալանքը:

Օրեր առաջ մի քանի տասնյակ պատգամավորների երաշխավորությամբ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել ու անմիջապես տեղափոխվել հիվանդանոց: Մի քանի օր առաջ նա ինքնակամ լքել էր հիվանդանոցը, սակայն հիմա կրկին ստիպված էր եղել տեղափոխվել հիվանդանոց:

Այսօր հարյուրավոր քաղաքացիներ ի հիշատակ Արթուր Սարգսյանի բողոքի երթ անցկացրին Ազատության հրապարակից: Ցուցարարները շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, ՀՀ արդարադատության նախարարության հարակից տարածք` գոչելով, որ պահանջում են ԱՆ և Առողջապահության նախարարների հրաժարականները:

Քաղաքացիները վստահ են, որ այս երկու կառույցների ղեկավարների թերացման և անպատասխանատվության հետևանքով է Արթուր Սարգսյանը կնքել իր մահկանացուն:

Ցուցարարները նստացույցի դուրս եկան Ազատության հրապարակում և որոշեցին վաղը 18:00-ից կրկին բողոքի ակցիա կազմակերպել:

Առավել մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս