Ինչի՞ց է իրականում մահացել Արթուր Սարգսյանը. դիահերձումը նկարահանմա՞մբ կիրականացվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան բոթը շարունակում է լայն քննարկումների և քննադատությունների պատճառ մնալ: Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ի հիշատակ Արթուր Սարգսյանի մի խումբ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացրել Ազատության հրապարակից դեպի ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ արդարադատության նախարարության շենքեր՝ պահանջելով նախարարներ Արփինե Հովհաննիսյանի և Լևոն Ալթունյանի հրաժարականները:

Քաղաքացիները վստահ են, որ տեղի ունեցածը սույն պաշտոնյաների անպատասխանատու և անբարեխիղճ գործելաոճի հետևանքն է:

Հիշեցնենք՝ այն ողջ ընթացում, ինչ Արթուր Սարգսյանը գտնվում էր կալանքի տակ, նրա պաշտպանները բարձրաձայնում էին, որ Սարգսյանի առողջական վիճակն անհամատեղելի է կալանքի հետ: Եվ մինչ մի քանի պատգամավորներ և հասարակական-քաղաքական այլ գործիչներ երաշխավորությամբ հանդես չեկան, Ա. Սարգսյանին գրավով կալանքից ազատելու որոշում չէր կայացվում:

Իսկ մինչ քննիչն ու դատավորը «ձեն ձենի տված» կալանքի որոշում էին երկարացնում, առողջական լուրջ խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանը հացադուլ էր հայտարարում՝ հրաժարվելով քրեակատարողական վարչության առաջարկած բուժօգնությունից:

Թե ինչն է եղել «Հաց բերողի» մահվան իրական պատճառն, այս պահին դեռևս հայտնի չէ: Գիտենք միայն, որ ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել ՀՀ քննչական կոմիտեին պարզել մահվան հանգամանքները:

Այսօր համացանցում ակտիվ քննարկվում էր արտասահմանից դատաբժիշկներ հրավիրելու հարցը: Իսկ քիչ առաջ տեղեկացանք, որ փորձաքննությունը և ողջ գործընթացը երկարատև է լինելու: Բանն այն է, որ փաստաբանները պահանջ են ներկայացրել, որ դիահերձումը կատարվի նկարահանմամբ և հատուկ հրավիրված հանձնաժողովի ներկայությամբ:




Լրահոս