ՖՈՏՈ. Արթուր Սարգսյանը մեղադրել է քննիչին և դատավորին. մահից առաջ նամա՞կ է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների օրերը դեռևս հայտնի չեն: «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանն ArmLur.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ դատաբժշկական փորձաքննությունն իրականացնելու համար երկար ժամանակ է պահանջվելու:

Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ՀՀ քննչական կոմիտեին պարզել Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքները: ՔԿ փոխանցմամբ` Ա.Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվի նշանակված դատաբժշկական փորձաքննության կատարմանը:

Մասնավորապես, ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում:

Նախնական տվյալներով` Արթուր Սարգսյանը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել` 2017 թվականի մարտի 15-ին` ժամը 18:50-ի սահմաններում, «աճուկային օղակած ճողվածք» նախնական ախտորոշմամբ: Նույն օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, նա ենթարկվել է վիրահատության, սակայն վիրահատությունից հետո նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ, ինչի պատճառով մարտի 16-ին` ժամը 00:00-ի սահմաններում, տեղափոխվել է նույն բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, միացվել արհեստական շնչառության սարք: Մարտի 16-ին` ժամը 15:40-ին, արձանագրվել է Ա. Սարգսյանի կլինիկական մահը:

Համացանցում տարածվել է ձեռագիր գրությամբ նամակ` գրված ընթացիկ տարվա փետրվարի 10-ին, որը, ըստ մեկնաբանությունների, հեղինակել է Արթուր Սարգսյանը:

Ըստ բովանդակության` Արթուր Սարգսյանը հացադուլի դիմելու մեջ մեղադրում է քննիչին և դատավորին: Նա պահանջում է պատժել բոլոր մեղավորներին: Ալեք Ենիգոմշյանն դժվարացավ ասել` նամակն իսկապե՞ս պատկանում է Արթուր Սարգսանին, թե ոչ, սակայն հիշեցրեց, որ Արթուր Սարգսյանը բազմիցս բարձրաձայնել է, որ իր հետ կատարվող անօրինականությունների հեղինակները վեր նշված պաշտոնյաներն են:

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի հարազատները պատրաստվում են նկարահանել դիահերձումը և արտասահմանից փորձագիտական խումբ հրավիրել:

Տաթև Հարությունյան




Լրահոս