Աջափնյակ վարչական շրջանում նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտնում ենք, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր նախկին մտերիմներից մեկի միջեւ տեղի ունեցած վիճաբանությունը, որը, ցավոք, ուղեկցվել է ֆիզիկական ուժի գործադրմամբ, բացարձակապես աղերս չունի քաղաքական գործընթացների եւ գալիք ընտրությունների հետ: Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ Աջափնյակի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է. «Կարեւորում ենք նաեւ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը ի սկզբանե հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի եւ իր համակիրների կողմից ՀՀԿ նախընտրական շտաբերից մեկի մոտակայքում: Ինչ վերաբերում է ապրիլի 2-ից հետո հնարավոր զարգացումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀԿ Աջափնյակի կառույցը ջատագովն է իրականությունը պարզելու եւ բոլոր մեղավորներին իրենց տեղը դնելու, անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից:
Գալիք ընտրություններին Աջափնյակում վերահաս պարտությունից սադրանքների դիմող թեկնածուի թիմին առաջարկում ենք վերադառնալ քաղաքակիրթ հարթություն: Մեր կողմից գործադրելու ենք բոլոր ջանքերը ընտրական գործընթացներն օրինականության դաշտում պահելու ուղղությամբ»:
Նույն խնդրի առնչությամբ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ ԷԼիզբարյանը հայտարարել է. «Երեկ երեկոյան Աջափնյակ համայնքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանի թիմակիցները դարանակալել եւ փորձել են հաշվեհարդար տեսնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ՝ մատուցելով արջի հերթական ծառայությունը: Մենք, իհարկե, հասկանում ենք, որ Արման Սահակյանը եւ նրա թիմը այլեւս հասկացել է, որ ո՛չ իրեն տրամադրված անսահման վարչական ռեսուրսը, ո՛չ անսահման փողը, որով Արման Սահակյանը ողողել է ողջ Աջափնյակ համայնքը, անհրաժեշտ արդյունք չեն տալիս, ուստի կանխազգալով ապագա պարտությունը՝ ՀՀԿ թեկնածուն դիմել է իրեն հոգեհարազատ վերջին ռեսուրսին՝ թաղի խուժանին եւ թմրամոլներին»: