Ինչպես հայտնի է՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը զգուշացրել է «Ծառուկյան» դաշինքին քարոզարշավի ընթացքում դրամական կամ այլ աջակցություն հատկացնելու խոստումներ չտալ, քանի որ դա արգելվում է օրենքով: Բայց քարոզարշավների ժամանակ խոստումներից զերծ չեն մնում նաեւ մյուս կուսակցությունները:
Ինչո՞ւ նրանք եւս չեն զգուշացվում, եւ ինչո՞ւ ԿԸՀ-ն չի արձագանքում իշխանության կողմից վարչական ռեսուրսների գործադրման դրսեւորումներին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ի զրուցակիցը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն է:
-Պարո՛ն Մուկուչյան, ԿԸՀ-ի կողմից «Ծառուկյան» դաշինքին զգուշացնելուց հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, որ որեւէ մեկին որեւէ բան չի տրամադրվել, եւ մարդկային վերաբերմունքը ոչ մի աղերս չունի «ընտրակաշառք» ձեւակերպման հետ:
-Մենք հիմք ենք ընդունել ընտրական օրենսգրքի պահանջները, իսկ ԸՕ-ի պահանջները շատ հստակ են. նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաեւ քվեարկության նախորդ եւ քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է ինչպես անձամբ, այնպես էլ նրանց անունից կամ որեւէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք կամ մատուցել կամ խոստանալ մատուցելու ծառայություններ: Օրենսգրքի պահանջները շատ հստակ են, կա սահմանափակում: Նույնիսկ այն բարեգործական կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են նմանեցվել կամ ասոցացվել կուսակցությունների անվանումներին, թեկնածուների անուններին, նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործություն չեն կարողանա իրականացնել այն համայնքներում, տվյալ պարագայում հանրապետությունում, որտեղ անցկացվում են ընտրություններ, որոնց մասնակցում են այդ կուսակցությունները կամ նրանց առաջադրած թեկնածուները: ԿԸՀ-ն ընդամենը բարձրաձայնել է նշված օրենքի պահանջը, որը պետք է պահպանվի քարոզչությամբ զբաղվող բոլոր թեկնածուների կողմից:
-Զգուշացումից հետո Գագիկ Ծառուկյանը օգնության խնդրանքով իրեն մոտեցող քաղաքացիներին տեղեկացնում է, որ Դուք արգելել եք որեւէ օգնություն ցուցաբերել, եւ այդ քաղաքացիներին ուղղորդում է Ձեզ մոտ…
-Արգելողը Մուկուչյանը չէ, արգելողը ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներն են:
-Իսկ ինչո՞ւ ԿԸՀ-ն չի զգուշացնում ՀՀԿ-ին, չէ՞ որ վարչապետ Կարեն Կարապետյանն էլ քարոզչության ժամանակ խոստանում է ներդրումներ կատարել:
-Ես կարծում եմ՝ մենք խոսում են տարբեր հանգամանքների մասին, յուրաքանչյուր դեպքում հիմք են ընդունվում հանգամանքները, տվյալ պարագայում ես կարծում եմ՝ մենք տարբեր հանգամանքների մասին ենք խոսում:
-«Հայկական վերածնունդ» կուսակցությունն էլ իր հանդիպումների ժամանակ քաղաքացիներին խոստանում է ավանդները վերադարձնել: Դա ԸՕ-ի խախտու՞մ չէ:
-Ցանկացած կուսակցության ծրագրում բնականաբար ներկայացված են անելիքներ, թե ինչպիսին դրանք պետք է լինեն, եւ բնականաբար ԸՕ-ի պահանջները չպետք է մեկնաբանվեն այնպես կամ այն ծավալով, որ ընդհանրապես արգելվի կուսակցություններին ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը, մոտեցումները եւ այլն: Տվյալ պարագայում խոսքը հստակ վերաբերում է դրամ, արժեղթղթեր, ապրանքներ տրամադրելուն կամ խոստանալուն, ծառայություններ մատուցելուն կամ խոստանալուն, դրանք բոլորովին տարբեր բաներ են:
-Այդ հարցի շուրջ «Ծառուկյան» դաշինքից բացի՝ որեւէ այլ կուսակցության զգուշացվե՞լ է:
-Եթե որեւէ այլ թեկնածու կուսակցության մոտ նման հանգամանք նկատվեր, միանշանակ նույն վերաբերմունքը կդրսեւորվեր, եւ նույն կերպ ԿԸՀ-ն հանդես կգար՝ հրապարակային իր կարծիքը ներկայացնելով:
-Ընդդիմադիր կուսակցությունները բարձրաձայնում են, որ իշխանություններն օգտագործում են իրենց վարչական ռեսուրսները: Նման դեպքերին ինչո՞ւ չեք արձագանքում:
-Գիտեք, յուրաքանչյուր հանգամանք, որը բարձրաձայնվում է, պետք է կոնկրետ փաստական հանգամանքներով հիմնավորվի: Քարոզարշավին, որին որ մենք եւս հետեւում ենք, բնականաբար չենք կարող ներկա գտնվել բոլոր վայրերում, բայց զանգվածային լրատվության միջոցներով հետեւում ենք, այլ տեղեկատվական աղբյուրներով, ահազանգեր են լինում, ինչ-ինչ հանգամանքներ են ներկայացվում եւ այլն, այդ համատեքստում եթե ԿԸՀ-ն ինքը հայտնաբերի նշվածներով պայմանավորված ԸՕ-ի խախտումներ, ապա բնական է, որ օպերատիվ կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ խախտումները կանխելու եւ հետեւանքները վերացնելու, իսկ կախված բուն փաստական հանգամանքներից՝ նաեւ վարչական վարույթներ հարուցելու ուղղությամբ:
Վահագն Հակոբյան