Ինչպես հայտնի է՝ Հաց բերող Արթուր Սարգսյանը, ով երեկ մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում, դեռևս փետրվար ամսին նամակ էր գրել և տեղեկացրել, որ իր առողջական վիճակի հետագա վատթարացման համար մեղավոր են ՀՔԾ քննիչ Հակոբյանն ու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:
Վերջինս կրկին կալանավորման որոշում էր կայացրել՝ նույնիսկ հաշվի չառնելով Սարգսյանի հիվանդությունները և կալանքի հետ անհամատեղելի առողջական վատ վիճակը: Նշենք, որ Մկրտչյանը նախկինում աշխատել է որպես քննիչ, դրանից հետո եղել է դատախազ, ապա շարունակել իր գործունեությունը որպես դատավոր:
1982-ից մինչև 1987 թվականն աշխատել է քննիչի պաշտոնում, ապա 23 տարի Սյունիքի, Լոռու մարզերում և Երևանում դատախազի պաշտոնում է աշխատել: Եվ ահա 2010 թվականին կտրուկ փոխել է պրոֆիլը՝ նշանակվելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ն և «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն մշտապես բարձրաձայնել են այս դատավորի չարաշահումների մասին և նույնիսկ 2012 թվականին «Հելսինկյան ասոցիացիան» դիմել էր ԱՄն-ի դեսպանատուն՝ խնդրելով մուտքի արտոնագիր չտրամադրել մի շարք դատավորների, ովքեր աչքի են ընկել օրինախախտումներով ու կամայական որոշումներով, որոնց թվում է եղել նաև Արթուր Մկրտչյանը:
Հավելենք, որ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի, Մկրտչյանն իր հաշվին ունի 1 մլն 650 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտն էլ կազմում է 13 մլն դրամ: