ՖՈՏՈ. Արթուր Սարգսյանի մահվան մեջ մեղավորները. ով է Հաց բերողի կալանքը վերացնելու մասին դիմումը մերժած դատավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում արձանագրել էր  Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան համար մեղավորներին: Նրանք են՝  «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան. նրանք, առանց հաշվի առնելու Արթուրի առողջական վիճակը, կալանավորեցին Հաց բերողին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, որոնք անտեսեցին մարդու ծայրահեղ` հացադուլի արարքը: ՄԻՊ Արման Թաթոյանը, որ այդպես էլ բավարար քայլեր չձեռնարկեց նրան հնարավորինս արագ ազատ արձակելու համար:

Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորած դատավոր Արթուր Մկրտչյանին արդեն անդրադարձել ենք: Այժմ անդրադառնանք ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանին: Վերջինս իր կարիերան սկսել է 1982 թվականից և մինչև 1996 թվականն աշխատել է Շենգավիթի դատարանում՝ որպես դատավոր։ Այնուհետև հասցրել է աշխատել ՀՀ  Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում, ապա Էրեբունու շրջանում: Ապա կրկին տարբեր տեղեր ուղևորվելուց հետո ի վերջո 2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և մինչ օրս էլ աշխատում է այնտեղ:

Ուսումնասիրելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագիրը, պարզեցինք, որ 2015 թվականի սկզբում նա ունեցել է 9 մլն 450 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 16 մլն 500 հազար դրամ: Մեկ տարվա ընթացքում էլ նա կարողացել է վաստակել 14 մլն դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 23-ին Կարինե Ղազարյանը մերժել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի փաստաբանների բողոքը՝ կալանքը վերացնելու մասին՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը: Հիշեցնենք նաև, որ անցյած տարվա հուլիսին ՊՊԾ գնդում «Սասնա Ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանն առաջին անգամ ձերբակալվել էր հուլիսի 31-ին, ապա՝ կալանավորվել: 6 ամիս անց՝ դեկտեմբերի 31-ին դատախազի որոշմամբ փոխվել էր նրա խափանման միջոցը. կիրառվել էր ստորագրություն՝ չհեռանալու մասին: Սակայն 40 օր անց՝ փետրվարի 9-ին նրան կրկին ձերբակալել ու կալանավորել են՝ նախաքննության մարմնի կանչով չներկայանալու հիմքով ու տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մեկ օր անց՝ ի նշան կալանավորման դեմ բողոքի, հայտարարել էր հացադուլ: Դրանից հետո նրա առողջական վիճակը օր օրի վատթարանում էր:

Հավելենք` այսօր հանրության լայն զանգվածներին հասանելի է դարձել Հաց բերողի նամակը, որով նա տեղեկացրել էր, որ  իր առողջական վիճակի հետագա վատթարացման համար մեղավոր են ՀՔԾ քննիչ Հակոբյանն ու Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս