«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գևորգ Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, ի վերջո, ինչո՞ւ լքեցիք ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, Ձեզ ստիպեցի՞ն ազատման դիմում գրել:
-Բազմիցս այդ մասին խոսել եմ, առիթ ունեցել եմ ասելու, որ ՀՀ գլխավոր դատախազը այն սուբյեկտն է, որին ստիպելը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է: Դա մեկ: Երկրոդը` բազմիցս ասեցի, թե ինչու հրաժարական տվեցի այդ պաշտոնից, եւ, ամենակարեւորը, դա բացարձակ չի նշանակում, որ ես պետական գործառույթը կամ պետական ծառայությունը ինձ համար համարել եմ կամ համարում եմ փակված: Շարունակելու եմ իմ գործունեությունը:
–Տեսակետ կա, որ Դուք ազատման դիմում գրեցիք, քանի որ Ձեզ ասել էին` «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին պետք է կալանավորել, մյուս բոլորին` արդարացնել, ինչին Դուք դեմ եք եղել:
-Դուք ուզում եք, որ լուրե՞ր մեկնաբանեմ, ես երբեք լուրեր չեմ մեկնաբանում:
-Զղջացե՞լ եք, որ լքել եք ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:
-Միանշանակ` ոչ, մի պարզ պատճառով, որ դա իմ որոշումն է եղել, եւ այդ որոշումը կայացնելուց հետ հնարավորություն եմ ունեցել ամեն ինչ գնահատելու եւ միանշանակ ճիշտ որոշում եմ կայացրել, չեմ զղջացել ու, առհասարակ, բացառում եմ, որ երբեւէ կզղջամ:
–Հետեւո՞ւմ եք նորանշանակ դատախազ Արթուր Դավթյանի գործունեությանը, ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեությունը:
-Չեմ հետեւում, բայց վստահ եմ, որ հաջողություն կունենա:
-Իսկ ինչո՞ւ չեք հետեւում:
-Սկզբունքորեն չեմ հետեւում:
-Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի նիստ էր տեղի ունեցել, ինչի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բարձրացրել էր տարբեր գործերով դատարաններում արդարացման վճիռները եւ այդ խնդրում նա տեսել էր ինչպես դատախազների, այնպես էլ քննիչների թերացումը: Ըստ Ձեզ՝ ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար:
-Դատախազի գործառույթը այս մասով շատ առանձնահատուկ է, դատախազը նախաքննության ընթացքում չի շփվում սուբյեկտների հետ՝ վկա, տուժող, մեղադրյալ եւ այլն, դատախազը տեսնում է փաստաթղթերը, հարցաքննության արձանագրություն, փորձաքննության եզրակացություն, առերեսումներ եւ այլն: Երբ դատախազը այդ փուլում գտնում է, որ հիմքեր կան՝ մեղադրանք պաշտպանելու, գնում է դատարան:
Դատարանը կարող է արդարացման վճիռ էլ կայացնել, մեղադրական էլ եւ այլն, բայց դա անպայման չի նշանակում, որ դատախազը թերացել է: Ինչու, քանի որ դատական քննության ընթացքում կարող են ի հայտ գալ այնպիսի հանգամանքներ, որոնք առնվազն նախաքննության ընթացքում հայտնի չեն եղել:
Այսինքն՝ յուրաքանչյուր դեպքում անհատական մոտեցում պետք է լինի արդարացման դատավճռի պատճառները վեր հանելու տեսակետից: Իհարկե, կարող են լինել դեպքեր եւ շատ են այդ դեպքերը, որ քննությունը պատշաճ չի իրականացվում, դատախազը պատշաճ հսկողություն չի իրականացնում, որի արդյունքում թույլ մեղադրանքի հիմնավորմամբ գործը հասնում է դատարան, արդարացում է լինում: Իհարկե, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Քնար Մանուկյան