Մարտի 6-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից ծանր վիճակով հիվանդանոց տեղափոխված Հաց բերող անունը ստացած Արթուր Սարգսյանը երեկ մահացավ: Նա «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների արդյունքում ՊՊԾ գնդում գերի մնացած ոստիկաններին, բժիշկներին եւ զինյալներին իր մեքենայով լի սնունդ էր տարել` վտանգելով կյանքը: Նրա արարքը բացառապես հումանիզմ էր:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գունդը գրաված անձանց հետ Արթուր Սարգսյանը հանձնվեց ազգային անվտանգության ծառայությանը: ՀՀ ԱԱԾ-ն զինված հարձակման փաստի առթիվ հարուցված քրեական գործը հանձնեց հատուկ քննչական ծառայությանը: Շուրջ 5 ամիս Արթուր Սարգսյանի պաշտպանները ՀՔԾ քննիչների դեմ պայքար էին մղում, որ Արթուրին ազատ արձակեն, քանի որ նա առողջական խնդիրներ ունի: Արդյունքում, 2016 թվականի դեկտեբերի 31-ին գործը վերահսկող դատախազ Պետրոս Պետրոսյանը որոշում էր կայացրել Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխել ստորագրությամբ չհեռանալու մասին` հիմք ընդունելով Սարգսյանի մոտ ախտորոշված հիվանդությունը, որը պատժի հետ անհամատեղելի էր:
Սակայն 2017 թվականի փետրվարի 9-ին հատուկ քննչական ծառայության քննիչ, «Սասնա ծռեր» խմբավորման գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը միջնորդություն էր ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրան կալանավորեն: Ինչո՞ւ, որովհետեւ նա «տղայական մտածողություն» էր ցուցաբերել եւ երբ Արթուր Մկրտչյանին կանչել էր քննության, նա չէր գնացել` պատճառաբանելով, թե վատառողջ է, քննիչը վիրավորվել էր՝ ես կանչեմ, դու չգա՞ս:
Այսպիսով, քննիչ Էդիկ Հակոբյանը միջնորդել էր դատարանին` կալանավորել Արթուր Սարգսյանին: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը բավարարել էր քննիչ Հակոբյանի որոշումը, եւ Հաց բերող Արթուրը կրկին կալանավորվեց: Ըստ ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրության՝ Ա. Սարգսյանը խախտել է իր նկատմամբ կիրառված` ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները:
Մինչդեռ անկախ այն հանգամանքից, որ Արթուր Սարգսյանը պայման էր խախտել, քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը պետք է հաշվի առներ, որ Արթուրը պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ուներ, նրան ՉԷՐ ԿԱՐԵԼԻ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼ: Եւ ցուցաբերվեց ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք. Արթուրը կալանավորվեց, հացադուլ հայտարարեց: Ճիշտ է՝ նրան պատգամավորների միջնորդության հիման վրա գրավի դիմաց ազատ արձակեցին: Իսկ ի՞նչ եղավ անառողջ մարդու համար հայտարարված հացադուլը, բոլորս տեսանք. նա իր մահկանացուն կնքեց հիվանդանոցում:
Եւ պետք է ասել, որ Արթուր Սարգսյանը դարձավ ՀՀ իրավապահ համակարգի` ՀՀ գլխավոր դատախազության, հատուկ քննչական ծառայության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ դատական համակարգի անմարդկային վերաբերմունքի զոհը: Իր մեղքի բաժինն ունի նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ կոնկրետ արդյունքի չհասավ. դեկլարատիվ հայտարարությունները ո՞ւմ են պետք:
Եւ հիմա «Սառնա ծռեր» զինված խմբավորման գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանը, Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահելու միջնորդությունը բավարարած Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, Արթուրի պաշտպանների միջնորդությունը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը պետք է պաշտոնանկ արվեն ու ենթարկվեն քրեական պատասխանատվության` նախ պատվեր կատարելու, ապա անմարդկային վերաբերմունք դրսեւորելու համար:
Քնար Մանուկյան