Տավուշի մարզկենտրոնի շուկայի մոտ երթևեկն այս տարի՞ էլ չի կարգավորվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկինում Իջեւան քաղաքի շուկայի մոտ, ավտոմեքենաների եւ հետիոտների տեղաշարժը կանոնակարգված չէր, ինչի հետեւանքով միջպետական ավտոճանապարհի այդ հատվածում հաճախ խցանումներ էին առաջանում: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի նախաձեռնությամբ Իջեւանի շուկայի դիմաց մեքենաների երթեւեկն ապահովելու համար արգելապատնեշ տեղադրվեց, ինչը նվազեցրեց խցանումները:

Սակայն հետիոտների անցման համար նախատեսված տեղով բնակիչները հատելով միջպետական ճանապարհը՝ խոչընդոտներ են ստեղծում մեքենաների երթեւեկի համար: Տարեմուտից առաջ Տավուշի մարզպետի ասուլիսի ժամանակ մարզի ղեկավարից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ այդ տեղում լուսաֆոր տեղադրել, որպեսզի հետիոտների կողմից փողոցի հատումը կանոնակարգված լինի: Մարզպետն ասաց, որ նախագծային-նախահաշվային աշխատանքներ են կատարվել, որպեսզի տվյալ հատվածում 2017 թվականի ընթացքում հետիոտների ստորգետնյա կամ վերգետնյա անցում կառուցվի: Օրերս գրավոր դիմեցինք Տավուշի մարզպետին՝ հարցնելով, թե Իջեւանի շուկայի մոտ երբ է լուսաֆոր տեղադրվելու կամ հետիոտների համար անցում կառուցվելու:

Տավուշի մարզպետն ի պատասխան՝ տեղեկացրեց. «Իջեւանի շուկայի դիմաց հետիոտների անկանոն անցումը եւ մեքենաների երթեւեկը կարգավորելու նպատակով լուսաֆոր տեղադրելու խնդիրը չի մտնում մարզպետարանի գործառույթների մեջ, այդ հարցով կարող եք դիմել ճանապարհային ոստիկանությանը: Հետիոտների անցում կառուցելու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ առայժմ որեւէ ծրագրով այն նախատեսված չէ»: Փաստորեն, մարզկենտրոնի շուկայի մոտ երթեւեկն այս տարի էլ չի կարգավորվելու:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս