Մատանիների տիրակալը. Գագիկ Ծառուկյանի կահույքն ու ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուների դրամական միջոցները, անշարժ եւ շարժական գույքը:

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հայտարարագրել է 12 հատ ավտոմեքենա, 6 հատ շենք եւ շինություն, 9 հատ հողամաս՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերում: Գագիկ Ծառուկյանը հայտարարագրել է նաեւ իր տան ննջարանների, խոհանոցի, ճաշասենյակի կահույքը, վարագույրները եւ ձեռքի ժամացույցներն ու մատանիները:

Օրինակ՝ Ծառուկյանի հայտարարագրած երկու ճաշասենյակների կահույքներից մեկի արժեքը կազմում է 127 հազար 820 եվրո, իսկ մյուսը՝ 42 հազար 800 եվրո:

Ծառուկյանը հայտարարագրել է իր տան 8 ննջարանների կահույքները, որոնց գինը սկսում է 41.500 եվրոյից, նրա հայտարարագրած ննջարաններից մեկի կահույքի արժեքը կազմում է 117 հազար եվրո, մյուսինը՝ 116 հազար 200 եվրո եւ այլն: Իսկ մետաքսե վարագույրի արժեքը կազմում է 251 հազար 799 եվրո: Նա նաեւ հայտարարագրել է եւս մեկ կահույք, որի արժեքն է 118 հազար 485 եվրո:

Նրա հայտարարագրած միայն ադամանդե քարերով ձեռքի ժամացույցի արժեքը կազմում է 300 հազար դոլար, իսկ ոսկե շղթայով եւ ադամանդե քարերով ձեռքի ժամացույցինը՝ 500 հազար դոլար (նշվածից նա երկու հատ է հայտարարագրել): Ծառուկյանի հայտարարագրած ադամանդե քարերով ամենաէժան ոսկե մատանու արժեքը 700 հազար դոլար է կազմում: Իսկ ահա ամենաթանկը՝ ոչ ավել, ոչ պակաս՝ 3 միլիոն դոլար արժի: Եվս մեկ հայտարարագրված, տղամարդու համար նախատեսված ադամանդներով մատանին էլ արժի 1 միլիոն դոլար:

Թեկնածուն որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 4.5 մլն դրամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 70 մլն 291 հազար դրամի չափով ստացած շահաբաժինը: Բացի այս՝ նա եւս երեք ընկերություններից շահաբաժին է ստացել. «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունից Ծառուկյանը ստացել է 1 մլրդ 984 մլն 764 հազար դրամ, «Մուլտի մոթորս»-ից՝ 30 մլն դրամ, «Գորնա Բանյա ООД» շշալցման ընկերությունից՝ մոտ 3 մլն եվրո շահաբաժին: Թեկնածուն փոխառություն ստացել է «Chimera Business Corporation» ընկերությունից՝ 592 հազար դոլարի չափով, իսկ «Կոնվերս բանկից»՝ ավելի քան 2 մլն դրամ: Ծառուկյանը նաեւ գույք է վաճառել՝ 407 մլն 160 հազար դրամով:

Նշենք, որ նա «այլ եկամուտ» է ստացել, որն էլ նրան տվել է իր կինը՝ Ջավահիր Առաքելյանը՝ 300 հազար եվրոյի չափով: Իսկ «Գլոբալ մոթորս» ընկերությունից վարձակալության դիմաց ստացել է 24 մլն դրամ, «Գրայվեն Պորտֆոլիո Ս.Ա.»-ից ստացած փոխառությունն էլ կազմել է 1 մլն 758 հազար դոլար: Նրա դրամական միջոցները կազմում են ավելի քան 567 մլն դրամ, 4.5 մլն դոլար եւ 4 մլն 83 հազար եվրո: Բացի այս՝ նա 43 ընկերություններում ունի բաժնեմասեր եւ բաժնետոմսեր: Օրինակ՝ ձկնամթերքի արտադրությամբ զբաղվող «Մխչյան ֆիշ ֆուդ» ընկերությունում նա ունի 67 տոկոս բաժնեմաս: Ի դեպ, այս ընկերության հետ է կապվում նաեւ ՀՀ նախկին վարչապետ, Գ. Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանի անունը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս