Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կներկայացնի «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածուների դրամական միջոցները, անշարժ եւ շարժական գույքը:
Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքի ցուցակով առաջադրված Արգամ Աբրահամյանը, որը ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին է, ինչպես նաեւ՝ Գագիկ Ծառուկյանի փեսան, ունի 300 մլն դրամ եւ 250 հազար դոլար դրամական միջոց: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ 2 մլն 143 հազար դրամ, «Մայ Արդ» ընկերությունից ստացած 1 մլն 401 հազար դրամի չափով շահաբաժինը, «Իմպերիում պլազա» ընկերությունից ստացած 143 մլն 905 հազար դրամ փոխառությունը, «Տերբազզա Պարկ»-ից ստացած 12 մլն դրամի չափով վարկավճարը եւ «Արգ.Լեւ. Գազ»-ից ստացած 10 մլն 157 հազար դրամի չափով շահաբաժինը: Նա հայտարարագրել է, որ ունի մեկ շինություն, երկու հողամաս, մեկ անհատական տուն, Մխչյան գյուղում մեկ հողամաս՝ շենք-շինություններով, արտադրական օբյեկտով, եւ եւս մեկ հողամաս՝ խորքային հորով:
Արտաշատի քաղաքապետն ունի 2016 թվականի արտադրության «Ռենջ ռովեր սպորտ L 494 S» մակնիշի ավտոմեքենա: Աբրահամյանը «Արտաշատ վինկոն», «Մայ Արդ», «Արգ.Լեւ. Գազ» եւ «Արտաշատի պահածոների գործարան» ընկերություններում ունի 50 տոկոս բաժնեմաս, իսկ «Իմպերիում պլազա» եւ «Իմպերիում գրուպ» ընկերություններում՝ 100 տոկոս:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ