Վերջին իրադարձությունները սրընթաց կերպով փոխել են կյանքս ու ապագայի մասին պատկերացումներս. Արծվիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը` «Fly with me» երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին, Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին` 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: Այս անգամ մրցույթը կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Ներկայացնում ենք «Ժողովուրդ»-ի զրույցը ռուսաստանաբնակ Արծվիկի (Արծվիկ Հարությունյան) հետ:

-Արծվի՛կ, ի՞նչ թելերով եք կապված Հայաստանի եւ ի՞նչ թելերով Ռուսաստանի հետ:

-Ծնվել եմ Հայաստանում` Կապանում: Մանկությունս անցել է ինչպես այստեղ, այնպես էլ Ռուսաստանում, որտեղ այդ տարիներին սովորում էր հայրիկս եւ պետք է պաշտպաներ թեկնածուական թեզը: Հայաստանի հետ կապը չեմ կարող բնութագրել, քանի որ այն իմ մեջ է, ոչ թե որոշակի հեռավորության վրա: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ կապին, ապա կարող եմ ասել, որ այն ինձ ձեւավորել է եւ երաժշտության ասպարեզում դրսեւորվելու հնարավորություն տվել:

-Ձեր անունն ո՞վ է ընտրել: Այն, իհարկե, յուրահատուկ է, արտերկրում չե՞ն դժվարանում արտասանել:

-Ամենասովորական հայկական ընտանեկան ավանդույթի համաձայն՝ այն դրել են տատիկիս պատվին: Պետք է նշեմ, որ ի սկզբանե չէի սիրում անունս, քանի որ այլ ազգի ներկայացուցիչների համար այն դժվար արտաբերելի էր, եւ Արծվիկը հնչում էր հնարավոր բոլոր ձեւերով` բացի ճիշտ տարբերակից: Հետո նկատեցի, որ շրջապատումս բազում աննաներ եւ անյաներ կան, իսկ ես միակն էի` որպես Արծվիկ: Սկսեցի այլ կերպ ընկալել անունս ու դրա փոխանցած խորությունը… մինչեւ այսօր: Այսօր ինձ համար ամենակարեւորն անվանս խորհուրդն է:

-Ե՞րբ եք սկսել երգչուհու Ձեր կարիերան, ռուսական «Գոլոս»-ից հետո՞ էր, որ դարձաք հայտնի հանրության համեմատաբար լայն զանգվածներին:

-Երգել սիրել եմ միշտ, սակայն երաժշտական ակտիվ գործունեությունս սկսել եմ 2012 թ.-ից, երբ դարձա «Jazz Parking» նախագծի անդամ, այնուհետեւ որոշեցի մասնակցել նաեւ միջազգային «The Voice» նախագծի ռուսաստանյան տարբերակին: Մասնակցեցի եւ առաջին անգամ չանցա նախընտրական փուլը: Մեկ ուրիշն իմ փոխարեն թերեւս կհիասթափվեր եւ չէր շարունակի իր պայքարը, սակայն դա իմ մասին չէր: Ես ոչ միայն հետ չկանգնեցի երազանքիցս, այլեւ առավել համառությամբ գնացի դեպի այն: Մասնակցեցի նույն մրցույթին երկրորդ անգամ, իսկ մնացածն արդեն գիտեք: Ամեն ինչ սկսվեց ճիշտ այդ պահից, երբ ես սկսեցի ոչ թե մրցել, այլ հաճույք ստանալ մասնակցության ամեն ակնթարթից:

-Ստեղծագործական ի՞նչ պլաններ ունեք` կապված Հայաստանի եւ Ռուսաստանի հետ: Ձեր ապագան ո՞ր երկրի շոու-բիզնեսում եք տեսնում:

-Եթե մեկ տարի առաջ այս հարցն ինձ ուղղեիք, պատասխանը միանշանակ կլիներ՝ Ռուսաստանում, սակայն վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն այնպիսի սրընթաց կերպով են փոխել կյանքս ու ապագայի նկատմամբ պատկերացումներս, որ պատասխանս հստակ է՝ Հայաստանում, Ռուսաստանում եւ աշխարհի այն բոլոր անկյուններում, որտեղ իմ երաժշտությունը սիրում եւ լսում են:

-Ձեր պատկերացմամբ` «Եվրատեսիլ»-ում հաջողության հասնելու համար ինչպիսի՞ երգ պետք է ներկայացնել:

-Երբեք չես իմանա, թե այդ տարի ինչը կգրավի շուրջ 200 մլն հեռուստադիտողների աշխարհի ավելի քան 40 երկրում: Անձամբ ինձ համար կարեւոր է երգի կոնցեպտուալ խորությունը, կոնկրետ հաղորդագրություն պարունակելը: Հենց այդ չափանիշներով ենք առաջնորդվել մեր երգն ընտրելիս:

-Իսկ Ձեր դիտարկմամբ` ովքե՞ր են «Եվրատեսիլ»-ում հասնում հաջողության:

-Ոչ միայն «Եվրատեսիլ»-ում, այլեւ յուրաքանչյուր մրցույթում եւ կյանքում անհրաժեշտ է տաղանդ, ինքնավստահություն, ինչպես նաեւ հաջողության ճիշտ չափաբաժին: Թեեւ սրանք կարեւոր բաղադրիչներ են, սակայն պետք է խոստովանեմ՝ միանշանակ բանաձեւ չկա:

-Երբ Դուք հաղթեցիք «Դեպի Եվրատեսիլ»-ում, հայ հանրության շրջանում սկսեցին խոսակցություններ պտտվել այն մասին, որ Ձեր հաղթանակը կանխորոշված էր, եւ Ձեզ Ռուսաստանից կանչել էին` ի սկզբանե իմանալով, որ հենց Դուք եք ներկայացնելու Հայաստանը մրցույթում: Ի՞նչ կասեք:

-Ինձ համար իսկապես զարմանալի էին նմանատիպ խոսակցությունները: Եթե տվյալ մարդիկ ներկա լինեին ծրագրի նկարահանումներին եւ տեսնեին բոլոր մասնակիցների հուզմունքները, ապրումներն ու զգացողությունները, վստահաբար նման բան չէին ասի: Ես նույնիսկ մինչեւ վերջին վայրկյանը չէի չեղարկում մոսկովյան համերգներս, որովհետեւ չգիտեի՝ կշարունակե՞մ արդյոք պայքարս հաջորդ փուլերում, թե՞ ոչ:

-Հայաստանցի հանդիսատեսի համար մի քանի համերգներ արդեն ունեցել եք, անհատական, համեմատաբար մասսայական համերգներ սպասվո՞ւմ են:

-Այս պահին չեմ կարող որեւէ հստակ բան ասել, քանի որ այժմյան մտածմունքս միայն ու միայն «Եվրատեսիլ»-ն է: Իսկ մրցույթից հետո, կարծում եմ, կսկսեմ մտածել այդ ուղղությամբ:

Աննա Բաբաջանյան




Լրահոս