Ինչո՞ւ է քաղաքապետը վաճառել իրեն պատկանող մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանի՝ 2016թ. գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրն ուշագրավ փաստեր է բացահայտում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարգարյանը անցած տարվա ընթացքում 25 մլն դրամով վաճառել է «Mercedes-Benz G500» ավտոմեքենա: Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 250 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 50 հազար եվրո: Նա որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 440 հազար դրամ եւ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը՝ 25 մլն դրամը:

Տարոն Մարգարյանի տնային տնտեսուհի տիկինը՝ Գոհար Սարգսյանը, որպես դրամական միջոց հայտարարագրել է 50 մլն դրամ:

Ի դեպ, տեղեկացնենք, որ քաղաքապետը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել էր, որ ունի երկու բնակարան, մեկական անհատական բնակելի տուն, հասարակական նշանակության երկու շինություն, մեկական այգետնակ, երեքական ավտոտնակ, մեկական հողամաս եւ արտադրական նշանակության մեկական շինություն, նաեւ երեք հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz S 450», «Range Rover super charg» եւ «Mercedes-Benz G 500» մակնիշի:

Մինչդեռ հիմա նրա հայտարարագրում այդ ամենը չկա: Հավանաբար այն բանից հետո, երբ Մարգարյանի ունեցվածքի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, նա որոշեց եղածն ուրիշի անունով դարձնել եւ այդպես հետագա գլխացավանքից ազատվել:




Լրահոս