«Հաց բերող»-ին սպանեցին հաց գողացողները, ՀՀԿ-ականների ցավակցությունները շոու, դեմագոգիա և երեսպաշտություն են. Նաիրա Զոհրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ նրանից մեզանից ով էր ճանաչում «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, ով չէր ճանաչում, ով էր շփվել, ով չէ, նա մեզ համար վերածվել էր արդարության սիմվոլի, մեզ բոլորիս համար ինչ-որ մի խորհրդանիշ էր: Հատկապես քարոզչական ծանր փուլում իր մահը շոկ էր մեզանից յուրաքանչուրի համար: «Հաց բերող»-ին սպանեցին հաց գողացողները, այս երկրում արդարադատություն բռնաբարողները, արդարադատությունը քաղաքական նպատակներով ծառայեցնողները: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան մասին, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով` քանիցս իր գործընկերներ Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազին, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանն են ներկայացրել Արթուր Սարգսյանի վիճակը. «26 պատգամավորի ստորագրությամբ մենք դիմեցինք Արթուրի խափանման միջոցը փոխելու համար, և քանիցս նշյալ ատյանները պատասխանել են, որ Արթուրի առողջական վիճակը կայուն է և խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն չկա, երբ պարզ էր, որ Արթուրի ունեցած հիվանդությունը, հենց կառավարության որոշմամբ, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ»:

Նաիրա Զոհրաբյանի դիտարկմամբ` երբ նայում ենք իշխող կուսակցության քարոզարշավը, բոլորը խոսում են արդարությունից, փոխելուց ու փոխվելուց, իրավական ու արդար տեսություն սարքելուց. «Ես և իմ գործընկերները միանում ենք արդար պահանջի: Նրան րոպե առաջ պետք էր ազատել կալանքից, բոլոր նրանք, ովքեր պատասխանել են, որ Արթուր Սարգսյանի վիճակը կայուն է, անհապաղ պետք է հեռացվեն իրենց պաշտոններից և կրեն պատասխանատվություն»:

Անդրադառնալով այն հարցին, թե իշխող կուսակցության ներկայացուցիչները համացանցի իրենց էջերում շարունակ ցավակցական խոսքեր են հղում Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ, պատգամավորը նշեց. «Խոսքերն ինձ համար առ ոչինչ են, իրենք կարող էին քայլ անել, երբ խորհրդարանում ստորագրահավաք էր սկսվել Արթուրի խափանման միջոցը փոխելու համար: Ես դահլիճում նստած եմ եղել, Զարուհի Փոստանջյանը հատ-հատ մոտեցել է դահլիճում նստած բազմաթիվ ՀՀԿ-ականներին, այդ թվում կանանց, բոլորը հրաժարվեցին ստորագրել: Այնպես որ նրանց ցավակցություններն իրենց քարոզչության նման շուո, դեմագոգիա և երեսպաշտություն են»:

Արփինե Թովմասյան




Լրահոս