Այսօր հայ նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թորոս Թորամանյանը ծնվել է Փոքր Հայքի Շապին-Գարահիսար քաղաքում (ուր ծնվել է նաև Զորավար Անդրանիկը) 1864 թվականին, հողագործի ընտանիքում։ 1878 թվականին 14 տարեկանում զրկվել է ծնողներից։ Սկզբնական կրթությունը ստացել է իր ծննդավայրում։ 1883 թվականին մեկնել է Կ. Պոլիս, աշխատել որպես հյուսնի աշակերտ։ 1888-1893 թթ. սովորել է Կ.Պոլսի Կայսերական Գեղարվեստից ճեմարանի ճարտարապետական բաժնում։ 1896-1900 թթ. ապրել է Բուլղարիայում, զբաղվել շինարարությամբ մինչև 1900 թվականը և կառուցել մի քանի շենքեր գլխավորապես հարուստ հայերի (Մանուկյանների, Սարգիս Ֆադյանի, Դանիել Բուլղարացու և այլն) համար։ Սակայն նրան ավելի շատ հետաքրքրում էր ճարտարապետության տեսությունը։ 1900 թվականին մեկնել է Հունաստան, ապա Եգիպտոս և Իտալիա։ 1902 թվականին եղել է Փարիզում, ուր ունկնդրել է դասախոսություններ արվեստի մասին, զբաղվել է արևելյան հնագիտական առարկաների ուսումնասիրությամբ։

1903, 1905-1909 թթ. հայտնի հնագետ Նիկողայոս Մառի հետ միասին մասնակցել է Անիում տարվող պեղումներին, կատարելով նրա ավերակների ողջ ճարտարապետական նյութի հատակագծերը, նկարները, կտրվածքները, վերակազմությունները։ Իր աշխատանքներով Թ. Թորամանյանը հեղաշրջում է կատարել համաշխարհային ճարտարապետության պատմության մեջ, ներկայացրել հայերի ճարտարապետության ծագումը և զարգացման շրջանները։

20-րդ դարի սկզբին Թ. Թորամանյանի ջանքերով Զվարթնոցի ավերակները դուրս բերվեցին հողի դարավոր շերտերի տակից։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցրին տաճարի իսկական պատկերը։ Հայտնի դարձավ, որ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, հայկական թմբուկով, գմբեթաշեն մի ինքնատիպ կոթող։ Երբ պեղումների ժամանակ հայտնաբերվեց Գագիկ թագավորի արձանը՝ Գագիկաշեն սբ.Գրիգոր տաճարի մանրակերտը ձեռքին, հաստատվեց, որ Թորամանյանին հաջողվել էր Զվարթնոցի հատակագծի ուսումնասիրությամբ ճշգրտորեն հայտաբերել շինության տեսքն ու ձևը, քանի որ համաձայն պատմիչի Գագիկաշենը լինելու էր Զվարթնոցի կրկնությունը։

1921 թ.-ին ԵՊՀ-ում դասախոսություններ է կարդացել հին Հայաստանի ճարտարապետության պատմությունից։

Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Թաղված է Հրազդան գետի ափին։

Հայաստանում սահմանված է Թորոս Թորամանյանի անվան մրցանակ։




Լրահոս